26/12/2025

Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»

Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», հետեւողականորեն ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»։

Մասնավորապես, ինչպես գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, դեկտեմբերի 17-ին վրացական խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է այն օրենքը, որով առոչինչ են ճանաչվում բոլոր այն իրավական փաստաթղթերը, որոնք ստեղծվել են Սահակաշվիլու կառավարման ժամանակ եւ վերաբերում են, այսպես կոչված, Հարավային Օսիայի ժամանակավոր վարչակազմին։

Նոր օրենքին կողմ է քվեարկել 83 պատգամավոր։

Համաձայն վրացական օրենսդրության, օրենքը դրվելու է նախագահ Միխայիլ Կավելաշվիլու սեղանին՝ ստորագրվելու համար։ Նախագահի ստորագրելը, մեծ հաշվով, ֆորմալ գործողություն է, քանի որ, վրացական օրենսդրությամբ՝ նախագահը լիազորությունների առումով մոտավորապես նույնն է, ինչ բրիտանական միապետը։

Այսպիսով, 26 թվական մուտք գործելուն պես՝ Սահակաշվիլու կողմից ստեղծված կառույցը կլուծարվի, իսկ կառույցի աշխատակիցները կազատվեն աշխատանքից՝ ստանալով իրենց հաստիքին համարժեք վճարման եռամսյա գումարին համարժեք նպաստ՝ միանվագ կերպով։ Ինչ է այդ օրենքը նշանակում։

Այս հարցին պատասխանելու համար պետք է հիշել, որ Սահակաշվիլին վարում էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները «ապասառեցնելու» ակտիվ քաղաքականություն։ Երկու դեպքում էլ Սահակաշվիլին եւ նրա վարչակարգի անդամները փորձում էին փոփոխել խաղաղ կարգավորման շրջանակները՝ ընդլայնելով բանակցային գործընթացին մասնակիցների ցանկը։

Սահակաշվիլու տեսակետն այն էր, որ պետք է խաղաղ կարգավորմանը մասնակցեին այն աբխազներն ու օսերը, ովքեր Սահակաշվիլու համար համարվում էին «յուրային»։  Այդ ժամանակներից շատ ջրեր են հոսել, ինչպես ասում են։

Ու, մեծ հաշվով, հույսերն ի դերեւ են ելել, որ երկու հակամարտություններն էլ կարելի է «ապասառեցնել» ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի օգնությամբ։ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։

Դա, իհարկե, Թբիլիսիի կեցվածքում փոփոխություն չի կատարել։

Ու այսօր էլ Վրաստանի համար տարածքային ամբողջականության ճանաչումը «հատման ոչ ենթակա կարմիր գիծ» է։ Սակայն այս օրենքը փաստացի արձանագրում է վրացական գործող վարչակազմի ավելի սթափ ու իրատեսական մոտեցումը, ըստ որի՝ անիմաստ է անհավասար ուժերի պայմաններում հակամարտությունն «ապասառեցնել»։

Սահակաշվիլին Վրաստանում գործող իշխանության կողմից դեմոնիզացված է, եւ նրան մեղադրում են թերեւս բոլոր «մահացու մեղքերում»՝ սկսած դավաճանական քաղաքականություն վարելուց։ Ու պատահական չէ, որ այս ամենի հանրագումարում՝ փորձում են ազատվել այն «ժառանգությունից», որը թողել է Սահակաշվիլին։