28/12/2025

Կովկասում հնարավոր անկայունության մասին՝ դիտարկվում է հենց հայ-ադրբեջանական տիրույթը

«Չկա տարածաշրջանային էսկալացիայի որևէ պատճառ»,- օրեր առաջ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին և խոսելով Ադրբեջանի հնարավոր սադրանքների հավանականության մասին:

Բրիտանական հեղինակավոր «Տելեգրաֆ» պարբերականը, որն այդ երկրում ամենամեծ օրական տիրաժ ունեցող պարբերականներից մեկն է, հոդված է հրապարակել, որտեղ խոսում է Կովկասում հնարավոր անկայունության մասին՝ դիտարկելով հենց հայ-ադրբեջանական տիրույթը:

Ավելորդ է կրկնել, որ Կովկասում պատերազմի և խաղաղության հարցն աշխարհաքաղաքականության տիրույթում է, և հայ-ադրբեջանական հարցն այստեղ կարող է լինել ընդամենը կայծի առիթը, միջոցը, այլ ոչ բուն պատճառը: Իսկ աշխարհաքաղաքականության տիրույթում այսօր ծավալվում են շրջադարձային նշանակության զարգացումներ: Դրանք բարձրացնում են ռիսկերն ամենուր, ոչ միայն Կովկասում, բայց նաև Կովկասում:

Ընդ որում՝ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են փոխանակել խաղաղության պայմանագրի տեքստեր, կամ անցկացնել սահմանազատման ու սահմանագծման հարցերի հանձնաժողովների հանդիպումներ, ամենևին չի նշանակում, որ տեքստերի փոխանակման կամ հանդիպումների հաջորդ օրն, իսկ չի կարող լինել «ամպրոպ խաղաղ երկնքում»:

Պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը Արցախը վերցնելով՝ կուտակել է աշխարհաքաղաքական ռազմա-քաղաքական ահռելի պարտքեր: Որքան էլ Իլհամ Ալիևը հերքի դա և հայտարարի, թե Արցախը «ազատագրել» է իր «երկաթե բռունցքը»՝ ի դեմս ադրբեջանական «փառապանծ» բանակի, այդուհանդերձ, հենց Ալիևն ամենից լավ գիտե, որ դա տեղի չէր ունենա, եթե չլիներ աշխարհաքաղաքական խաղացողների այն բազմաբևեռ աջակցությունը, որին բախվել է հայկական զինուժը:

Այդ բազմաբևեռ պարտատերերը այսօր մտնում են առավել սրվող և շրջադարձային դիմակայության մեջ, ինչը ստեղծում է բավականին անկանխատեսելիություն: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չկա ռեգիոնալ էսկալացիայի որևէ պատճառ, նա, իհարկե, խոսում է Հայաստանի «տիրույթի» մասին: Այսինքն՝ Հայաստանն իր տիրույթում չի ստեղծում էսկալացիայի որևէ պատճառ, որևէ քայլ չի անում, որը կարող է սրել իրավիճակը:

Սա, իհարկե, նվազագույնն է, որ կարող է անել Հայաստանը, բայց հաստատ ոչ բավարարը: Որովհետև ինչպես նշեցի, և ինչը, թերևս, ամենից լավ պատկերացնում է ամենաիրազեկված մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, խաղաղության ու պատերազմի հարցը դուրս է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տիրույթից:

Ըստ այդմ՝ Հայաստանին անհրաժեշտ է թերևս ուղղակի կամ միջնորդավորված, բայց լրջորեն զբաղվել այն հնարավոր պատճառներով կամ մոտիվներով, որ կարող են ունենալ Ադրբեջանի պարտատերերը, հենց նրանց «պատճառները» կառավարելու և հնարավորության դեպքում չեզոքացնելու համար: