02/02/2026

Հոտընկայս բռունցք են բարձրացրել և հնչեցրել «Մա՜հ Ամերիկային, մա՜հ Իսրայելին» կոչը

Իրանի խորհրդարանը արտահերթ նիստ է գումարել: Ինչպես և սպասվում էր, խորհրդարանականները միաձայն կողմ են քվեարկել ԵՄ անդամ բոլոր երկրների բանակները «ահաբեկչական» ճանաչելու մասին որոշմանը:

Այդ մասին tasnim-ին ասել է Իսլամական հեղափոխության Մեջլիսի նախագահ Ղալիբաֆը: Իսրայելական ռուսալեզու vesty-ին տեսանյութ հրապարակել, որ իրանցի պատգամավորներին և խորհրդարանի խոսնակին պատկերում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համազգեստով:

Նրանք հոտընկայս բռունցք են բարձրացրել և հնչեցրել «Մա՜հ Ամերիկային, մա՜հ Իսրայելին» կոչը: Այդպիսով Իրանի Մեջլիսը, կարծես, ակնարկել է, որ ԻՀՊԿ-ն «ահաբեկչական կառույց» ճանաչելու մասին Եվրամիության որոշման շահառուն Միացյալ Նահանգները և Իսրայելն են:

Isrel Inside-ը, հղում անելով երկրի ԶՈՒ ԳՇ-ից ունեցած հրապարակման թույլտվությանը, տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը «հանգստյան օրերին գտնվել է Վաշինգտոնում և ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք հանդիպումներ է ունեցել»: Ընդ որում, նա Վաշինգտոն է մեկնել «լայն պատվիրակությամ»: Ի մասնավորի, պատվիրակության կազմում է եղել ՑԱՀԱԼ-ի պլանավորման վարչության պետ գեներալ-մայոր Զիլբերմանը: Նախկինում նա Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան ռազմական կցորդ է ծառայել:

Զամիրը Վաշինգտոն է գործուղվել, որպեսզի ոչ միայն «ռազմական կոորդինացիայի առավելագույն մակարդակ ապահովի, այլև որպեսզի փորձի ազդել ԱՄՆ-Իրան քաղաքական երկխոսությանը՝ հնարավոր համաձայնությունը խոչընդոտելու համար»:

Ըստ տեղեկությունների, Զամիրը հանդիպումների ընթացքում ամերիկյան կողմին «զգայուն հետախուզական տեղեկություն է փոխանցել և զգուշացրել Թեհրանի հետ թուրքական միջնորդությամբ բանակցությունների ռիսկայնությունը»:

Նույն օրը Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հակաբին կարևոր հայտարարություն է արել: Նա հերքել է տպավորությունը, որ Մերձավոր Արևելքում Իսրայելը և Թուրքիան Միացյալ Նահանգների «համարժեք դաշնակիցներն են»:

Դեսպանը, մասնավորապես, «նվազ հավանական» է գնահատել ԱՄՆ կողմից Թուրքիային F 35 կործանիչների վաճառքը: «Նման որոշումը պետք է հաստատի Սենատը, իսկ դա հազիվ թե տեղի ունենա: Բացի այդ օրենքը պահանջում է, որպեսզի Թուրքիան ռուսական տեխնոլոգիաների հետ կապված հարցը լուծի»,- մեկնաբանել է Մայք Հակաբին:

Չափազանց ուշագրավ է, որ փետրվարի 1-ին Բաքվի իշխանամերձ երկու լրատվամիջոցներ՝ haqqin.az-ը և minval politika-ն հրապարակայնացրել են, որ ավելի վաղ անոնսավորված՝ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան, «եռյակի դաշինք» ստեղծելու բանակցությունները ձախողվել են:

Սաուդյան Արաբիան հանդես է գալիս միայն Պակիստանի հետ ռազմական համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր կնքելու դիրքերից: Իսրայելական ynet-ի տեղեկացվածությամբ՝ հունվարի 30-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի գլխավորությամբ անցկացված փակ քննարկմանը հրավիրվել է նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Հալիդ բին Սալմանը: Նա պնդել է, որ եթե «ԱՄՆ-ը չկատարի Իրանի ժողովրդին տված խոստումը, մոլլապետությունը միայն կամրապնդվի»:

Վաշինգտոնում ի՞նչ արդյունքների է հասել ՑԱՀԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, որևէ հստակություն նույնիսկ կանխատեսելի չէ: Կողմնորոշող կարելի է համարել Isrel Inside-ի վերլուծականի եզրակացությունը. «Զամիրի Վաշինգտոն այցը տագնապի ազդանշան է: Իսրայելը ձգտում է ԱՄՆ-ին պահել ուժի տրամաբանության մեջ, քանի դեռ «վատ գործարքի» պատուհանը վերջնականապես չի փակվել:

Իրողություն է, որ ժամանակն աշխատում է Իրանի օգտին, նա վերականգնում է հրթիռները, պահպանում է ուրանը և ուշադիր հետևում, թե առաջինը ով կընկրկի: Երուսաղեմի համար դա խաղ է, որտեղ սխալվելու իրավունք չկա»:

Ըստ երևույթին, Իրանին հարվածն անխուսափելի է, բայց այն առաջինը կհասցնի Իսրայելը: