25/12/2025

Մեր հավատացյալներն ավելի շատ են լինելու, եւ այն լինելու է իշխանության համար զսպաշապիկ

«Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագին»,- նախօրեին հայտարարել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե առաջիկա կիրակի Փաշինյանը պատարագի է մասնակցելու Էջմիածնի մայր տաճարում։

Հիշեցնենք․ օրեր առաջ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների եւ կարգալույծ նախկին հոգեւորականների ուղեկցությամբ` այս կիրակի «ներխուժել» Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու ավարտին հասցնել իր ծրագիրը` Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնել վեհարանից, այնպես անել, որ նա «հանգստի կոչվի»։

Չնայած Փաշինյանի մամուլի խոսնակը դա հերքել էր. «Առաջիկա կիրակի օրվա պատարագի վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի։ Հոդվածում վկայակոչված մնացյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։ Նշենք, որ նախորդ կիրակի շրջիկ պատարագասերների խումբը հերթական «պատարագին» չմասնակցեց, քանի որ Փաշինյանն աշխատանքային այցով ՌԴ էր մեկնել: Իսկ նախօրեին Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ այս կիրակի ինքն է մայր տաճարում սուրբ պատարագ մատուցելու, եւ գրել էր, որ իրեն դիմում են տարբեր մարդիկ եւ ասում, որ իրենց անունները, կիրակի օրվան ընդառաջ, իշխանականները հավաքագրում են, որպեսզի իշխանական գրոհայինների բանակ կազմեն:

«Հրապարակը» զրուցել է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ:

– Կիրակի օրը Դուք եք մատուցելու պատարագը մայր տաճարում: Իշխանականները, կարծես, պատրաստվում են այս կիրակի մայր տաճարը գրոհել: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամենը: Ի՞նչ քայլերի պետք է դիմեք, եթե նման բան տեղի ունենա:

– Այս կիրակի, այո, իմ պատարագ մատուցելու հերթն է: Ինչ վերաբերում է նրանց գալուն, ապա ի՞նչ պիտի լինի, ի՞նչ անենք….

– Այդ թափառաշրջիկ խումբն աչքի է ընկնում խուլիգանական վարքագծով` սուլոցներ, հայհոյանքներ, քաշքշուկ եւ այլն….

– Ի՞նչ պետք է անեմ: Ես մատուցելու եմ պատարագ` խորանի վրա, ես ոչինչ էլ չեմ կարող անել: Սովորականի պես ես պատարագ եմ մատուցելու:

– Իսկ չե՞ք կարծում՝ արժե, որ եկեղեցին դիմի հավատավոր ժողովրդին, որպեսզի աջակցեն Հայ առաքելական եկեղեցուն:

– Այդ հարցին ես չեմ կարողանա պատասխանել հստակ, ես ամեն դեպքում ոչ մի լուրջ խնդիր չեմ տեսնում, ոչ մի բան էլ տեղի չի ունենալու, նորմալ պատարագ է լինելու: Իմաստ չունի ժողովրդին դիմելու, չեմ կարծում, թե ինչ-որ լուրջ բան լինի: Տարվա վերջին պատարագն է լինելու, մարդիկ սովորաբար գալիս են վերջին պատարագին, որպեսզի օրհնություն ստանան….

– Կարծում եք՝ իշխանական այդ փոքր խումբն է՞լ է այդ նպատակով գալու:

– Ես կարծում եմ, որ մեր հավատացյալներն ավելի շատ են լինելու, եւ այն լինելու է իշխանության համար զսպաշապիկ:

– Հավաքագրումների մասին էիք գրել, մի փոքր մանրամասնեք, խնդրեմ, թե ինչի մասին է խոսքը, ինչ տեղեկություններ ունեք:

– Կա նման տեղեկություն, որ հավաքագրումներ են անում, թեպետ այսօր նոր բան չեմ իմացել:

– Իսկ կոնկրետ ի՞նչ շրջանակների են հավաքագրում:

– Շատ տարբեր:

– Ուսուցիչներ, մարզպետարանի աշխատողներ, մանկապարտեզների աշխատակիցներ ներգրավո՞ւմ են:

– Բնականաբար: Նախորդ անգամ էլ կային ուսուցիչներ, ինչպես նաեւ՝ բժշկական հաստատությունների աշխատակիցներ, մի խոսքով` այն, ինչ իրենք ունեն` պետական ռեսուրս:

– Ի՞նչ եք կարծում` այս քայլերով ինչի՞ են փորձում հասնել իշխանավորները, ո՞րն է նրանց նպատակը:

– Որեւէ հարց չեն լուծում: Նույն մարդիկ այս եկեղեցում են, այն եկեղեցում են, եւ այսպես շարունակ, բայց դրանով հարց չեն լուծում: Վեհափառն ամուր պետք է իր դիրքերում մնա: Եկեղեցական հարցերը լուծվել են, լուծվում են եւ լուծվելու են կանոնակարգերին համապատասխան` առանց արտաքին ճնշումների:

«Հրապարակ». Հավատացյալները շատ են լինելու, եւ դա լինելու է զսպաշապիկ