Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը կարեւորել են երկու երկրների միջև «պատմական, էթնիկ և կրոնական ընդհանրությունները», գոհունակությամբ արձանագրել, որ Արաքսի վրայով ուղանց կամրջի «կառուցումն ընթանում է ժամանակացույցին համապատասխան»:
Իլհամ Ալիևը «տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ անհանգստություն է հայտնել, ընդգծել լարվածությունը թուլացնելում ներդրում ունենալու Ադրբեջանի պատրաստակամությունը»:
Տառացիորեն երկու օր առաջ արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Հաջիևը The National-ին հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակում Ադրբեջանը չեզոքություն է պահպանում և, չնայած կողմերի միջև արձանագրված ակտիվ շփումներին, հարեւան երկրի «ներքին գործերին չի միջամտում»: Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույց Ալիևը պաշտպանել է «նման հարցերը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով լուծելու» մոտեցումը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Օրհան Կարաօղլուն «Անադոլուի» համար վերլուծականում Իրանի շուրջ իրավիճակը գնահատել է այնպես, որ Թրամփի վարչակազմը վերջին շրջանում դիվանագիտական ջանքերն ակտիվացրել է «Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև գտնվող՝ ռազմավարական կարեւորության Կենտրոնական Ասիայի տարածաշրջաննում»:
Թուրք փորձագետը նույն համատեքստում է դիտարկել նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրման Վաշինգտոնի միջնորդությունը» և մասնավորեցրել, որ գործընթացի «բաղադրիչներից մեկն ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ տրանսպորտային խոշոր երթուղու ստեղծումն է»:
Կարաօղլուն հավելել է անցյալ տարի գումարված ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը և «Աբրահամյան համաձայնագրին» բոլորովին վերջերս Ղազախստանի միանալը: «Այդ քայլերը կարևոր վկայություններ են, որ ԱՄՆ-ը ձգտում է մեծացնել Կենտրոնական Ասիայում ազդեցությունը՝ ավելի լայն իմաստով»:
Ի՞նչ է ենթադրում «Կենտրոնական Ասիայում ավելի լայն իմաստով ԱՄՆ ազդեցություն» ձևակերպումը: Կարելի է ենթադրել, որ թուրք փորձագետն ակնարկում է Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս «հիպերտարածաշրջան» ձևավորելու Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական նախագծի մասին:
Կարաօղլուն դիտարկել է. «ԱՄՆ-ը ձեռնարկում է աշխարհաքաղաքական քայլեր, որպեսզի հակազդի Ռուսաստանի և Չինաստանի գերակայությանը: Համարվում է, որ իրանական ազդեցության թուլացումը կհեշտացնի տարածաշրջան ԱՄՆ վերադարձը»:
Վերլուծականի ինտրիգը, կարծես, այն է, որ հեղինակը ոչինչ չի ասում Թուրքիա-Կենտրոնական Ասիա, Թուրքիա-Ադրբեջան ինտեգրացիայի, Հարավային Կովկասում թուրքական ազդեցության մասին:
Տպավորություն է, որ Իրանի շուրջ իրավիճակն Անկարայում ընկալում են Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության հաստատման աշխարհաքաղաքական նախագծի բաղադրիչ, որ սկզբունքորեն հակասում է Թուրքիայի շահերին:
Ըստ երևույթին, Ալիևին է վերապահվել Իրանի հետ «էթնիկ ընդհանրության» հանրայնացումը: Չափազանց ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահն այդ մասին առաջին անգամ խոսել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցին ընդառաջ: Մի՞թե Իրանում կրոնապետության «անկումը» նաև թուրք-ադրբեջանական «համադաշնության փլուզում» է նշանակում:






Բաց մի թողեք
Շոյգուն Պեկին է գործուղվել՝ Խամենեիի «անկման դեպքում» Սի Ծինփինը Պուտինի հետ ռազմական դաշինքի կգնա՞
Պուտինյան Ռուսաստանում Ստալինն անհամեմատ բարձր վարկանիշ ունի, քան՝ Ելցինինը
Հոտընկայս բռունցք են բարձրացրել և հնչեցրել «Մա՜հ Ամերիկային, մա՜հ Իսրայելին» կոչը