ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ:
Ինչպես հայտնել են նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության ոլորտի բարեփոխումները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ կառույցն իր գործունեության շրջանակում պետք է մշտապես հաշվի առնի երեխայի լավագույն շահը՝ միանշանակորեն բացառելով որևէ տեսակի բռնություն դպրոցներում:
«Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ, որն անթույլատրելի է: Բռնություն կիրառող ուսուցիչը տեղ չունի դպրոցում և այս երևույթի բացառման ուղղությամբ մենք պետք է ջանքերը համատեղենք և ավելացնենք»,- ասել է նախարարը` ընդգծելով Տեսչական մարմնի աշխատանքի արդյունավետության բարելավումը հատկապես այս ուղղությամբ:
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ձեռքբերումները և 2025 թվականի մարտահրավերները՝ շեշտելով վերահսկողական և կանխարգելիչ գործընթացների բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունները:
Ներկաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Հանդիպմանը ծավալվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները ուղղել են իրենց հուզող հարցերը, մտքեր փոխանակել կրթության որակի բարձրացման և
Տեսչական մարմնի աշխատանքը կատարելագործելու վերաբերյալ: Գործընկերները դրական են գնահատել տեսչական մարմնի գործիքակազմի և մեթոդաբանության լավարկման աշխատանքները։
Միջոցառման ավարտին Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։






Բաց մի թողեք
Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար