Հայաստանի կառավարությունը, աշխատանքային պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրությունների ստացման հետ կապված խնդիրների պատճառով, նախատեսել է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում՝ փետրվարի 4-ին իշխող ՔՊ խմբակցության հետ քննարկման ժամանակ հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Բանն այն է, որ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Դրա համար քաղաքացիները պարտադիր պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն, իսկ այն հնարավոր է ստանալ միայն նույնականացման քարտի (ID քարտ) առկայության դեպքում։ Օրենքով նախատեսված է, որ նույնականացման քարտի համար անհրաժեշտ է վճարել 3 հազար դրամ, եւ այն տրամադրվում է դիմելուց հետո 15 օրվա ընթացքում: Բայց նույնականացման քարտ ստանալու համար մարդիկ գրանցվում են, ամիսներով սպասում իրենց հերթին, իսկ ում շատ շտապ է պետք, հավելյալ գումար են վճարում, բայց անգամ այդ դեպքում էլ հնարավոր չէ քարտը շուտ ստանալ:
Մեզ դիմած հրազդանցիներն ասացին, որ նույնականացման քարտ ստանալն իսկական պահուհաս է դարձել իրենց համար: Քանի որ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստեղծմամբ ու համակարգում իրականացվող օպտիմալացման համատեքստում կրճատվեցին անձնագրային բաժինները` Չարենցավանի անձնագրային բաժինը տեղափոխվեց Հրազդան, Հրազդանի անձնագրային բաժինն այժմ սպասարկում է մոտ 120 հազար բնակչության՝ Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի եւ դրանց հարակից գյուղական համայնքների բնակչությանը: Հազարավոր քաղաքացիների համար Հրազդան հասնելը նաեւ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում, չնայած Չարենցավանում գործում է անձնագրայինի շրջիկ մեքենա, սակայն դա էլ խնդրի լուծում չի հանդիսանում:
Անձնագրերի հետ կապված քաշքշուկից դեռ գլուխ չհանած, հիմա էլ նույնականացման քարտի համար են քաղաքացիները կրակն ընկել: Հրազդանցիները նույնականացման քարտը շուտ ստանալու համար Հրազդանից անգամ Իջեւան են գնում հասնում: Սոցիալական հարթակներում բուռն քննարկվում է այս խնդիրը: Օգտատերերից մեկը գրել է. «Եթե Հրազդանի անձնագրային բաժին մոտենաս կամ օնլայն փորձես գրանցվել, հերթագրվել, քո հերթը կգա լավագույն դեպքում մայիսին:
Այլ տարբերակը Սեւանի, Գավառի, Դիլիջանի, Իջեւանի կամ Մարտունու անձնագրայիններում գրանցվելն է։ Այսինքն, մենք մեր քաղաքում չենք կարող ավելի շուտ ստանալ քարտը ու դրա պատճառով մեր ժամանակի եւ ֆինանսների հաշվին պիտի երկու անգամ այլ քաղաք գնանք ու գանք։ Ի՞նչն է պատճառը: Պատճառը ծանրաբեռնվածությունն է, իսկ այդ ծանրաբեռնվածությունը չէր լինի, եթե ժամանակին արագի մեջ Չարենցավանի անձնագրայինը չփակեին ու չմիացնեին Հրազդանին։ Այս հարցով մի քանի անգամ դիմել ենք, բայց անօգուտ…»:
Մեկ այլ օգտատեր էլ գրում է, որ Հրազդանում նույնականացման քարտի համար 3 հազար 500 դրամ են ուզել, Սեւան քաղաքից է ստացել նույնականացման քարտը, վճարել 3 հազար դրամ: Անուշ Գրիգորյանը գրում է. «20 հազար դրամ եմ մուծել, որ շուտ վերցնեմ` չտվին, ես հո չե՞մ խաբում, հունվարից մի տեղ գործ եմ ճարել, տեղը չկորցնելու համար գնում-գալիս եմ, մինչեւ այդ քարտը վերցնեմ: Չեն կարում գրանցել, դե արդեն պատկերացրեք իմ շահագրգռված լինելը…»:
Նույնականացման քարտ ստանալու համար ինչո՞ւ պետք է հրազդանցիները հասնեն Դիլիջան կամ Մարտունի․ հարցն ուղղեցինք Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Հրազդանի անձնագրային բաժնի պետ Վալեր Եսայանին: Հարցը լսելուց հետո Եսայանն ասաց, որ քիչ ուշ կապ կհաստատի մեզ հետ: Ժամեր անց կրկին զանգահարեցինք, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:






Բաց մի թողեք
Մաhացու վրաերթ՝ Արարատում, «MAN» բեռնատարը ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի
Բանակը բարդ համակարգ է, ծառայությունը դժվար է, սթրեսային. ինքնասպանությունների աճող թիվը
Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար