26/12/2025

Շիրակի մարզպետի աթոռի համար քաստինգ է հայտարարված, ովքեր են ցանկանում նստել դրա վրա

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ պաշտոնից ազատման մասին շրջանառվող լուրերը այսօր հաստատվել են։

Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց հենց ինքը՝ Դավիթ Առուշանյանը՝ նշելով, որ  վարչապետի հետ նման  քննարկում եղել է, սակայն այս պահին դեռևս վերջնական որոշում չկա։

«Յուրաքանչյուր որոշում, որ կայացնի վարչապետը կամ կառավարությունը, ընդունելի է ինձ համար։ Պաշտոնը մեր տնից չեմ բերել և մեր տուն էլ չեմ տանելու։ Պաշտոնը կորցնելու մտավախություն չունեմ․ այն ինձ համար գործիք է՝ քաղաքին, մարզին ու երկրին օգտակար լինելու համար։ Որքան կարողանամ լավ բան անել, այնքան գոհ կլինեմ։ Ինձ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի գնահատականն է, և դրա համար շնորհակալ եմ բոլորից»,– ասաց  Շիրակի մարզպետը։

Նշենք, որ ավելի վաղ շրջանառվել էր, որ մարզպետին փոխարինելու է Արթիկի համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, սակայն նրա թեկնածությունը կառավարությունում աջակցություն չի ստացել և չի հաստատվել։

Բացի այդ, hraparak.am-ի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչ՝ հաշվի առնելով առաջիկա ընտրությունները։
Այդ

առումով քննարկվել է նաև նախկին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի թեկնածությունը, որը կառավարությունը հավանություն էր տվել, սակայն, ըստ մեր  տեղեկությունների, Աբազյանը ինքն է հրաժարվել առաջադրվելուց։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի ոստիկանապետ Արթուր Բդոյանի թեկնածությունն է քննարկվել և նրա առաջադրման օգտին, ըստ աղբյուրների, աջակցություն է ցուցաբերել Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ըստ մեր աղբյուրի` ներկայում քննարկվում է նաև նախկին Դատախազ Կարեն Գաբրիելյանի թեկնածությունը։

Ցանկալի թեկնածուներից է նաև Շիրակի մարզի ԱԱԾ նախկին պետ Կամո Ներսիսյանը,  որը թոշակի է անցել և  տեղափոխվել է Երևան, զբաղեցնում է նոր պաշտոն։