«Թրամփի ուղուն» ծրագրին մասնակցության «իրավունքի» մասին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Կալուգինի հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել է հիմնավոր և սպառիչ պատասխանի:
Ավելի վաղ այդ թեման փակել է Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Մոսկվայից առայժմ «մեկնաբանություններ» կամ «նոր հիմնավորումներ» չեն հնչել:
Փոխարենը «խնդիրը» բավական աշխույժ քննարկվում է Բաքվում, առայժմ՝ մամուլի հրապարակումների և փորձագիտական գնահատականների մակարդակով: Այդ շարքում ընդգծվում է նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի «մտորումն» առ այն, որ «Մեղրիի անցուղին, ճիշտ է, անցնում է Հայաստանի տարածքով, բայց խորհրդային շրջանում այն կառավարվել է Ադրբեջանի երկաթուղու վարչության կողմից»: Այս համատեքստում նա եզրակացրել է, որ «հաշվի չառնել դա, նշանակում է անտեսել ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագիրը»:
Զուլֆուգարովի այս «մտահոգությունները» փոխանցել է իշխանական minval politika-ն: Մեկ այլ, ոչ այնքան հանրաճանաչ oxu24 կայքին կարճ հարցազրույցում ալիևյան վարչախմբի նախկին արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է «Մեղրիում Ադրբեջանին պատկանող սեփականությունը յուրացնելու փորձի» մեջ:
Խոսքը քառասուներեք կիլոմետր երկարության «երկաթգծի» մասին է, որ իրականության մեջ գոյություն չունի, պետք է զրոյից կառուցվի:
Վերջին մի քանի տարիներին Զուլֆուգարովը նման «էկզոտիկ» մի քանի այլ հայտարարություն եւս արել է: Մասնավորապես, նա է հայ-ադրբեջանական սահմանազատումը «մինչև 1920 դեկտեմբեր գոյություն ունեցած քարտեզներով անցկացնելու» գաղափարի հեղինակը, որ Իլհամ Ալիևը կրկնել է մի փոքր «խմբագրված» տեսքով:
Ադրբեջանական մամուլի հրապարակումներից կարելի է տպավորություն ունենալ, թե Բաքուն Մոսկվայի հետ «սրացման է գնում»:
Բայց, ամենայն հավանականությամբ, գործ ունենք, կարելի է ասել, «խորքային ծրագրավորման» հետ, որտեղ ռուսական և ադրբեջանական շահերը կարող են համընկնել: Չպետք է մոռանալ, որ Բաքուն ավելի քան երեք տարի Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով «ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ»:
Զուլֆուգարովը, մեկնաբանելով Ղազախ-Իջևան հատվածում երկաթուղու վերականգնման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, պնդել է, որ «շրջանցիկ երթուղիների քարոզչությունը վկայում է, որ Հայաստանը մտադիր չէ լիովին կատարել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստանձնած պարտավորությունները»:
Թե Մեղրիում «Ադրբեջանին պատկանող գույքի յուրացման», թե «շրջանցիկ երթուղիների քարոզչության նպատակի» մասին Զուլֆուգարովի դիտարկումները մի բան են վկայում. «Թրամփի ուղի» ծրագրի գործնականացման շուրջ հայ-ամերիկյան գործընթացը ոչ միայն Ռուսաստանին է անհանգստացնում, այլև Ադրբեջանին:
Բաքվում, ըստ երևույթին, հույս են ունեցել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի ԱՄՆ նախագահի հետ ստորագրած փաստաթուղթը հասցնել գործնականացման փուլի, և «Զյանգյազյուր դյահլիզի/Զանգեզուրի միջանցք» խոսույթը վերստին կշրջանառվի:
Մնում է հասկանալ, թե այդ հողի վրա որքանո՞վ է հավանական Ռուսաստանի և Ադրբեջանի միջև քարոզչական ունիսոնը: Զուլֆուգարովը խարդավանք է անոնսավորում:






Բաց մի թողեք
Հայաստանից ավար վերցրած զենքի արժեքը 5 – 6 միլիարդ դոլարի է, ինչ է բարբաջում Ալիևը
Ո՞վ է Թուրքիայի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հավակնությունները փորձում զսպել
Պուտինը Ալիևի սիրտը շահելու համար նրան «Կովկասի տեղապահ կնշանակի՞»