25/12/2025

Պուտինը Ալիևի սիրտը շահելու համար նրան «Կովկասի տեղապահ կնշանակի՞»

Երևանը և Անկարան պատրաստվում են բեռնափոխադրումների համար բացել սահմանային անցակատերը: Այդ մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան»՝ հղում անելով թուրքական Yesil Igdir պարբերականին:

Ըստ վերջինիս, Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարության հսկողության ներքո թուրքական «Ալիջան» անցակետում «համապատասխան աշխատանքներ են տարվում», իսկ «հայկական սահմանակից «Մարգարա» անցակետն արդեն պատրաստ է»:

Թուրքական լրատվամիջոցի գնահատմամբ, Թուրքիայի «շահագրգռվածության հիմքը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումն է»: Պարբերականը ներկայացրել է, որ Թուրքիան «առաջին փուլում սահմանային անցակետը կբացի միայն բեռնափոխադրումների համար, իսկ հետո, երբ ամեն ինչ լավ լինի՝ կսկսվի նաև ուղևորների հոսքը»:

Yesil Igdir-ը հավելել է, որ Թուրքիան «ծրագրում է ընդլայնել ճանապարհային ցանցը, որպեսզի մեծացնի «Թրամփի ուղու» տնտեսական ներուժը»:

Փոխանցելով թուրքական լրատվամիջոցի հայտնած տեղեկությունները, «Նեզավիսիմայա գազետան» անմիջապես անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին և գնահատել, որ Երևանը «Մոսկվային չի մոռացել»:

Պարբերականը հիշեցրել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի առանձնազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը «պետք է հայ-ռուսական հարաբերությունների նոր հնարավորություններ բացի»:

«Նա առնվազն դաշնակցից սպասում է Հայաստանը Թուրքիային և Ադրբեջանին կապող երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնում, մանավանդ որ այդ ուղիները գտնվում են «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության դուստր «Հարավ-կովկասյան երկաթուղիների» հսկողության ներքո»,- Վլադիմիր Պուտինից Նիկոլ Փաշինյանի ակնկալիքների մասին գրում է ռուսաստանյան պարբերակնը և ամփոփում, որ Փաշինյանն «առայժմ մտադիր է TRIPP երթուղու երկաթուղին կառուցել առանց Մոսկվայի մասնակցության»:

Ռուսաստանյան ոչ երկրորդական լրատվամիջոցի այս հրապարակումը հաջորդում է «Թրամփի ուղու» ծրագրի շուրջ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ քննարկումներին: Դրանց մասնակցել են նաև Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները:

Ըստ էության, բավական ծավալուն հրապարակման բուն ասելիքը ձևակերպված է վերջին նախադասությամբ: Նախօրեին ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդների հետ և նրանց եկող տարի Մայամիում կայանալիք G 20-ի գագաթնաժողովին «որպես հյուր հրավիրելու» մտադրություն հայտնել:

Դեկտեմբերի 24-ը Իլհամ Ալիևի ծննդյան օրն է: Այդ առթիվ Վլադիմիր Պուտինը նրան շնորհավորել է և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև դաշնակցային գործընկերությունը կշարունակվի և կզարգանա:

Ալիևը չի մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ալիևը, կարծես, Թրամփի աշխարհաքաղաքական «պահունակից» դուրս է մնում, ԱՄՆ նախագահը միջազգային դերակատար է «նշանակել» Ղազախստանի նախագահ Տոկաևին: Պուտինը կփորձի՞ Ալիևին վերստին «Կովկասի տեղապահ նշանակել»: