10/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ՌԴ համար ամբողջ հետխորհրդային տարածքը «եվրասիական անվտանգության ճարտարապետության օբյե՞կտ» է

Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցը: Առայժմ շատ վաղ է խոսել արդյունքների և Միացյալ Նահանգներ-Հայաստան, ԱՄՆ-Հարավային Կովկաս գործընկերության հեռանկարների մասին:

Ուշադրություն է հայցում իրողությունը, որ Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները Միացյալ Նահանգների փոխնախագահի փաստացի տարածաշրջանային այցի մասին նույնիսկ նրա Երևան ժամանելուց հետո դեռևս ոչ մի տեղեկություն չեն տարածել:

Անգամ լավագույն ցանկության դեպքում դժվար է դա չհամարել, մեղմ ասած, դժկամության դրսևորում:

Փոխարենը ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը ընդարձակ հղումներ է արել ՌԴ արտգործնախարար Լավրովի հարցազրույցին, որ նա տվել է TV BRIGS-ին: Պաշտոնապես ասվել է, որ հարցազրույցը նվիրված է ՌԴ դիվանագետի օրվան, բայց դատելով Լավրովի շատ կոշտ ձևակերպումներից, Մոսկվան շատ հստակ ուղերձներ է հղում հավաքական Արևմուտքին:

Ուշագրավ է ՌԴ արտգործնախարարի «բացահայտումը», որ «եթե տղամարդու պես ասվի, ապա Անքորիջում ամերիկացիներն ասել են, մենք համաձայնել ենք, այժմ իրականացնելու հերթն է»:

Լավրովը չի մանրամասնել, թե «ամերիկացիներն ինչ են ասել», բայց նույն տեղում պնդել է, որ Ռուսաստանը «կհասնի իր նպատակներին», այն է՝ «ուկրաինական տարածքում թույլ չի տա Ռուսաստանին սպառնացող որևէ սպառազինության տեղաբաշխում, ապա և կերաշխավորի Ղրիմի, Դոնբասի, Նովոռուսիայի ռուս և ռուսախոս բնակչության լիարժեք իրավունքները»:

Հաջորդիվ Լավրովը կանխատեսում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության՝ «որպես իրենց դարն ապրած կառույցների անխուսափելի փլուզումը» և նկատում, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը «չի վերանայում նախորդի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները» և հավելում, որ Ռուսաստանը «Հնդկաստանի, Չինաստանի, Ինդոնեզիայի և Բրազիլիայի հետ նույն շարքում պատրաստ է բոլոր երկրների, այդ թվում ԱՄՆ նման տերության հետ հարաբերությունների, բայց Միացյալ Նահանգներն այդ ճանապարհին արհեստական խոչընդոտներ է ստեղծում»:

Ակնհայտ է, որ Մոսկվան Վաշինգտոնին առաջարկում է ոչ միայն հաշտվել Ուկրաինայում «գետնի վրա իրավիճակի», այլև կարգավորման իր նախապայմանների հետ և ընդունել, որ «եվրասիական անվտանգային համակարգն այլընտրանք չունի», քանի որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն «այլևս միջազգային քաղաքականության դերակատար չեն»:

Ի՞նչ ընթացք և դրսեւորումներ կունենան ռուս-ամերիկյան հարաբերությունները: Մոսկվան «ուկրաինական արդարության» իր պատկերացումը կիրացնի՞: Լավրովը պարզորոշ հասկացնում է, որ ամբողջ հետխորհրդային տարածքը «եվրասիական անվտանգության ճարտարապետության օբյեկտ» է: