26/12/2025

Ռուսաստանն «իրենցն է», ոչ մի այլ քաղաքական ուժ նրա հետ բնականոն հարաբերություններ չպետք է հաստատի

«Կոմերսանտի» հատուկ թղթակիցը դեկտեմբերի 22-ին, ինչպես ինքն է ձևակերպել՝ Էրմիտաժում «կրնկակոխ հետևել է» ԱՊՀ առաջնորդներին և արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի համար նախատեսված աթոռը մնացել է դատարկ, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն «ուշացել է մշակութային շրջայցից»:

Նա ընդգծված նրբանկատությամբ բացել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնության դիվանագիտական ենթատեքստը. այցելուների համար մեկնաբանություններ է արել Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկին:

Վերջինս Կենտրոնական Ասիայի երկրների նախագահներին ներկայացրել է պատմա-մշակութային իրողությունը. Մոնղոլա-թուրքական ներկայությունից դարեր առաջ իրենց տարածաշրջանը եղել է սկյութների, սարմատների, այլ ցեղային միությունների հայրենիք, իսկ Վլադիմիր Պուտինը հավելել է, որ «դա նաև Սեւծովյան-կասպյան տարածաշրջանին է վերաբերում»,- իսկ Ղազախստանի նախագահ Տոկաևը տեղում հիշել է ռուս բանաստեղծին. «Մենք ասիացի ենք, սկյութ ենք»:

Մեկ այլ՝ Հայաստանի պատմության և մշակույթի, սրահում Պիոտրովսկին բարձրաստիճան հյուրերին ներկայացրել է Էրեբունի-Երևանի «ծննդյան վկայական»-սեպագիր արձանագրությունը: «Կոմերսանտի» լրագրողի գնահատմամբ՝ դրանից «պարզ դարձավ, թե ում պատմական հայրենիքը որտեղ է գտնվում»:

Ռուսաստանի նախագահն ինչո՞ւ է կազմակերպել այդ ճանաչողական միջոցառումը, կարելի է տարբեր ենթադրություններ անել:

Առայժմ աչքի է զարնում Սանկտ Պետերբուրգ վարչապետ Փաշինյանի այցի շուրջ Հայաստանի ընդդիմադիր շրջանակների արձագանքը, որ եթե ամփոփ ասվի, մոտավորապես այս իմաստն ունի. «Դա մեր Ռուսաստանն է, ի՞նչ գործ ունի նա այնտեղ»:

Ստացվում է, որ Ռուսաստանի հետ «ռազմավարական համագործակցությունը վերականգնելու» մասին դատողությունները ոչ թե պետական, այլ նեղ-կուսակցական նպատակ է հետապնդում:

Այսինքն, Ռուսաստանն «իրենցն է», ոչ մի այլ քաղաքական ուժ նրա հետ բնականոն հարաբերություններ չպետք է հաստատի: Ավելի քան երկու տասնամյակ նրանք Հայաստանում իշխանություն են ունեցել, բայց Ռուսաստանի հետ հարաբերություններից մեր երկիրն առարկայական շահ այդպես էլ չի ստացել, իսկ կորցրածի թվարկումը կարող է էջեր զբաղեցնել: