26/12/2025

Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին

Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայել – Հունաստան – Կիպրոս բարձր մակարդակի երկրորդ հանդիպումը:

Իսրայելական մամուլը հաղորդում է, որ քննարկումներն ընթացել են երկու՝ դեմ առ դեմ և պատվիրակությունների միջև բանակցությունների ձևաչափով, իսկ վերջում Իսրայելի և Հունաստանի վարչապետներ Նաթանյահուն և Միցոտակիսն ու Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդիսը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, պատասխանել լրագրողների հարցերին:

Եռակողմ բանակցությունների արդյունքներով պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել: Կողմերը հռչակել են, որ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը Միջերկրականի արևելյան հատվածում «ժողովրդավարության երկրներն են» և ջանքերը համադրում են ոչ թե որևէ մեկի դեմ, այլ «իրենց տնտեսական շահերը և անվտանգությունը պաշտպանելու համար»:

Թեև ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հերքել է երեք երկրների կողմից արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին մամուլի հրապարակումները, բայց Նաթանյահուի, Միցոտակիսի և Խրիստոդուլիդիսի հայտարարություններից պարզորոշ հասկացվում է, որ տարածաշրջանում ձևավորվում է ռազմաքաղաքական եռյակ:

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն բավական թափանցիկ հասկանալ է տվել, որ դաշինքը ստեղծվում է կամ արդեն իսկ ստեղծվել է, որպեսզի զսպի Թուրքիայի հավակնությունները: Հունաստանի վարչապետի և Կիպրոսի նախագահի հետ մամուլի ասուլիսի ելույթում նա հայտարարել է, որ «ովքեր երազում են կայսրության վերականգնում, թող իմանան, որ դա չի լինելու, մենք դա թույլ չենք տա»:

Տարածաշրջանում կայսերական հիշողություններով միայն Թուրքիան է ապրում: Միայն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որ Սիրիան, Իրաքը, Լիբանանը և Պաղեստինը, այդ թվում՝ նաև Իսրայելը, հայտարարում է «օսմանյան ժառանգություն»:

Թուրքիան հավակնություններ ունի նաև Հունաստանի նկատմամբ, իսկ Կիպրոսի հյուսիսը փաստացի Թուրքիայի վերահսկողության տակ է 1974 թվականից ի վեր: Այս առումով չափազանց կարևոր հայտարարություն է արել Կիպրոսի նախագահ Խրիստոդուլիդիսը:

Խոսելով եռակողմ քննարկումների անվտանգային բաղադրիչի մասին, նա բաց հայտարարել է, որ «միջերկրածովյան եռյակը» գործում է Միացյալ Նահանգների հետ համաձայնությամբ:

Աչքի է զարնում, որ նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը գտնվել է Դամասկոսում, որտեղ հայտարարել է, որ Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է»:

Թուրքական մամուլը հայտնել է, որ «քրդական ուժերը հարձակվել են Սիրիայի կառավարական ուժերի հենեկայանի վրա, կան զոհեր և վիրավորներ»: Ըստ այդմ, «բախումներ են տեղի ունեցել նաև Հալեպի արվարձաններում»:

Սիրիական Sana գործակալությունն անցումային կառավարության անունից հայտնել է, որ «դեկտեմբերի 31-ին ավարտվում է քրդական զինված կազմավորումների ինտեգրման վերջնաժամկետը»:

Նոր տարին կարող է սկսվել Սիրիայում Թուրքիայի «հատուկ ռազմագործողությամբ»: