10/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը

Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս  Դեյվիդ Վենսը՝ կնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Նրանց հետ էին նաեւ երեխաները՝ Էվանը, Վիվեկը եւ դուստրը՝ Միրաբելը։

Նրանք փետրվարի 6-ից մասնակցում էին ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ընտանյոք հետեւում էին խաղերին, հանդիպում ամերիկյան մարզիկների հետ եւ այլն։ Փոխնախագահի պաշտոնում Հայաստանը երեւի 3-րդ կամ 4-րդ երկիրն է, որ Ջեյ Դի Վենսը պաշտոնապես այցելում է։

Նա երեք անգամ եղել է Իտալիայում՝ անցյալ գարնանը, երբ Ֆրանցիսկոս պապը երկարատեւ բուժումից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից, կյանքի վերջին օրերին Վենսը Վատիկանում Պապին հանդիպեց։ Երկրորդ անգամ Ջեյ Դի Վենսն Իտալիայում էր՝ դարձյալ Վատիկան այցի առթիվ՝ արդեն Լեւոն XIV պապի գահակալման արարողությանը մասնակցելու։ Այժմ երրորդ անգամ Իտալիայում էր՝ օլիմպիական խաղերի կապակցությամբ, ընտանյոք հանդերձ, որտեղից էլ ժամանեց Հայաստան։

Իտալիայից բացի, պաշտոնական այցով ԱՄՆ երկրորդ դեմքի ընտանիքն անցյալ ամռանը եղել է Հնդկաստանում, որտեղ երեխաներն ուղեկցել են ծնողներին։

Վենսի վերջին օտարերկրյա այցը եղել է 2025-ի աշնանը․ նա այցելել է Սուրբ երկիր, եղել է Երուսաղեմում։ Վենսն այցելել է քրիստոնեության սրբության սրբոցը՝ Սուրբ Հարության տաճարը Հին Երուսաղեմում, որի 1/3-ի իրավատերը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին է՝ ի դեմս Երուսաղեմի Հայոց պատրիարքության։

ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում՝ ավելի ցածր մակարդակի այցերով Ջեյ Դի Վենսը Գերմանիայում մասնակցել է Մյունխենի 2025-ի Անվտանգության համաժողովին՝ կանգ առնելով նաեւ Ֆրանսիայում, մասնավոր այցով եղել է Միացյալ Թագավորությունում եւ այցելել է Գրենլանդիայում ԱՄՆ ռազմաբազա։