27/01/2026

Վրաստանում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ խնդիրների կարգավորման ամերիկյան ծրագրի հո՞ւյս ունեն

Օգոստոսի 8-ը ռուս-վրացական հնգօրյա պատերազմի օրն է: Տասնյոթ տարի առաջ Ռուսաստանը, պատճառաբանելով, որ Ցխինվալիում տեղաբաշխված «խաղաղապահները» վրացական կողմից ենթարկվել են գնդակոծության, լայնածավալ հարձակման անցավ:

Հինգերորդ օրը միջազգային միջոնորդությամբ պատերազմը դադարեց, երբ ռուսական զրահատեխնիկան Թբիլիսիից ընդամնեը քսան կիլոմետր հեռավորության վրա էին: Մի քանի օր անց Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը, ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:

Օրվա առթիվ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն պատերազմի պատասխանատվությունը հասցեագրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որ, Կոբախիձեի բնորոշմամբ՝ այդ քայլին է դիմել «deep state-ի պատվերով»: Կոբախիձեն թույլ է տվել դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի նա բացատրի, թե «հատկապես ի՞նչ է թաքնված այդ ձևակերպման տակ»:

«Deet state» բնորոշումը թարգմանաբար նշանակում է «խորքային» ստվերային կառավարություն»: Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմ է սկսել ԱՄՆ-ում Օբամայի նախագահության շրջանում, և Վրաստանի վարչապետը պարզ ասում է, որ Սաակաշվիլին կատարել է ոչ թե նրա, այլ՝ Միացյալ Նահանգների «խորքային կառավարության պատվերը», իսկ գործող նախագահ Թրամփից ակնկալում, որ նա կբացատրի, թե դա իրականում ինչ է նշանակում:

Վրաստանի վարչապետը մի քանի օր առաջ Թուրքմենստանի Ավազա առողջարանային քաղաքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպում է ունեցել, որի ընթացքում կրկին հավաստիացրել է, որ պաշտոնական Թբիլիսին աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Ամենայն հավանականությամբ, նա նաև Բաքվից է իրազեկված Վաշինգտոնում հայ-ադրբեջանական գագաթաժողովի մասին:

Այս իրավիճակում Դոնալդ Թրամփին հասցեագրելով «խորքային կառավարության» մասին բացատրության «պահանջ», Վրաստանի վարչապետն արդյոք ակնարկում է, որ ԱՄՆ-ում deep state-ն շարունակում է գործե՞լ: Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը «սեպարատիստական կազմավորումների հետ ուժի չկիրառման համաձայնագիր չի ստորագրի»:

Անցած տասնյոթ տարիներին նման խնդիր մշտապես Ռուսաստանն է առաջադրել, և պաշտոնական Թբիլիսին մշտապես բացառել է այդ հնարավորությունը և հիմնավորել, որ դա կնշանակի Աբխազիայի և Ցխինվալիի տեղաշրջանի ճանաչում:

Օգոստոսի 8-ը ոչ միայն Վաշինգտոնում հայ-ադրբեջանական գագաթաժողովի, այլև Ուկրաինայում հրադադարի հաստատման վերջնաժամկետի օրն է: Վրաստանի իշխող կուսակցությունը մի քանի անգամ հայտարարել է, որ Արևմուտքը պարտադրել է Հարավային Կովկասում Ռուսաստանի «դեմ երկրորդ ճակատ բացել»:

Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ Վրաստանի հարաբերությունների բարդացումը պաշտոնական Թբիլիսին պատճառաբանում է այդ պահանջը չկատարելու հանգամանքով:

Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատողական վարչախմբերի հետ Թբիլիսիի երկխոսության միանշանակ բացառմամբ Վրաստանի վարչապետը, կարծես, ազդակ է հղում, որ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերում Ռուսաստանի հետ որևէ համագործակցություն իր կառավարությունը չի ծրագրում:

Անցած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» քարոզչություն է կառուցել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման միջոցով Աբխազիան և Հարավային Օսեթիան վերադարձնելու հնարավորության վրա:

Օգոստոսի 8-ին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն, կարծես, փակեց այդ թեման: Դոնալդ Թրամփը պատահաբա՞ր է հենց այդ օրը Վաշինգտոն հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին:

Պետքարտուղար Ռուբիոն ասել է, որ Թրամփը ձգտում է «խաղաղության նախագահ լինել»: Վրաստանում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ խնդիրների կարգավորման ամերիկյան ծրագրի հո՞ւյս ունեն: