27/12/2025

Տարվա լավագույն ֆիլմերը՝ ըստ կինոլրագրողների

Հայաստանի կինոքննադատների ու կինոլրագրողների ասոցիացիան ամփոփում է տարին։ Ասոցիացիայի անդամները կազմել են 2025-ի իրենց ամենասիրելի ֆիլմերի հնգյակները։

Ծանոթացեք, գուցե տոներին մի փախած բան դիտելու ցանկություն առաջանա։

ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կինոքննադատ, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոիցացիայի նախագահ

«Սիրատ» / Sirat

ռեժ․` Օլիվեր Լաշե

Օլիվեր Լաշեի «Սիրատը»՝ թրիլերի կանոներով վարպետորեն կառուցած, հետապնդող, վախեցնող, մտորելու տեղիք տվող հետապոկալիպտիկ կինոառակ է։ Ճանապարհի և սյուժեի շրջադարձերը հուզիչ են, անսպասելի և պայթուցիկ։ Ռեժիսորը վարպետորեն կառավարում է թե՛ ռեյվը, թե՛ մեր հույզերն ու խորագույն ենթագիտակցական վախերը։ Երաժշտությունը, պատկերն ու գործողությունը միահյուսված են ռիթմիկ պատման մեջ, որը խենթ է մարոկկոյական անապատում թնդացող ռեյվի պես ու անդրդվելի՝ այն գետի պես, որ՝ իրենց կյանքը վտնագելով փորձում են անցնել ֆիլմի հերոսները, քանի որ պետք է հասնեն հերթական խենթ ռեյվին․․․

«Համնետ» / Hamnet

ռեժ․` Քլոե Չժաո«Համնետը», որը ըստ շատ քննադատների համարվում է Քլոե Չժաոյի լավագույն ֆիլմը, նուրբ դրամա է որդու կորստի խորը ողբերգության մասին (նախկինում Համնետը և Համլետը նույն անուններն էին), որը փորձության է ենթարկում Ուիլյամ Շեքսպիրի և իր կնոջ՝ Ագնեսի, հարաբերությունները: Իր վշտի մեջ, իր ընտանիքից հեռու, Ուիլյամը ստեղծում է «Համլետը», որը արվեստի գլուխգործոցն է։ Բայց ռեժիսորի ուշադրությունը սեվեռված է Ագնեսի վրա, որի ցավն ու բողոքը խտանում են «Գլոբուս» թատրոնում, «Համլետի» ներկայացում դիտելիս։ Այստեղ կյանքի ողբերգությունը ծնում է մեծ արվեստ, որի հետ շփումը օգնում է հերոսուհուն (նաև մեզ) վերաիմաստավորել անձնական ցավը, և, ի վերջո, գտնել ուժ ապրելու և սիրելու համար:

«Մի պարզ պատահար» / 

ռեժ․` Ջաֆար Փանահի

Ջաֆար Փանահիի Կաննի պառատոնում գլխավոր մրցանակի արժանացած այս թվացյալ պարզ ֆիլմը շատ ավելին է, քան պարզապես վրեժխնդրության պատմություն. այն դահճի և զոհի, ճնշված զայրույթի և կոլեկտիվ տրավմայի բազմաշերտ ուսումնասիրություն է: Հերոսները փորձում են պատասխանել խորքային հիմնահարցին. հնարավո՞ր է արդյոք հաղթել չարին նրա իսկ մեթոդներով․․․

«Լուռ ընկեր»

ռեժ․` Իլդիկո Էնյեդի

Իլդիկո Էնյեդիի նոր ֆիլմի գլխավոր հերոսը երկու հարյուր տարեկան գինկգո ծառ է: Դրա շուրջ ծավալվում են երեք սյուժեներ, որոնք տեղի են ունենում համապատասխանաբար 20-րդ դարի սկզբին, 1970-ականներին և Կովիդի ժամանակ: Սակայն, ծառը մնում է կենտրոնական կերպարը, ռեժիսորի եզակի տիեզերքի կենտրոնը/միջուկը, որտեղ ժամանակն ու տարածությունը տարբեր են, և տարբեր են նաև հաղորդակցման միջոցները՝ հիմնականում ոչ վերբալ: «Լուռ ընկերոջ» ռիթմը, որը ամեն ինչով տարբերվում է մարդկային կյանքի ռիթմից, ձևավորում է ֆիլմի ռիթմն ու կառուցվածքը: Ես լիովին համաձայն եմ այն կարծիքի հետ, որ սա 2025 թվականի ամենաինտելեկտուալ և օրիգինալ ֆիլմերից մեկն է:

«Զգայական արժեք»

ռեժ․` Յոախիմ Թրիեր (Sentimental Value, dir. Joachim Trier, 2025)

Սկանդինավյան դասականների լավագույն ավանդույթներին հետևելով՝ Յոախիմ Թրիերը վերլուծում է ընտանիքի, հայրերի և որդիների (ավելի ճիշտ՝ դուստրերի, ինչը հատկանշական է), ստեղծագործականության և ինքնաճանաչման հարցերը, ինչպես նաև այն գինը, որը մտերիմները վճարում են երբեմն անցողիկ հաջողության համար: Վերաիմաստավորելով ծանոթ կլիշեները՝ ֆիլմը փորձում է բացահայտել զավակների և ծնողների միջև խզված հաղորդակցության էությունը, որն, դրամայի շարժիչ ուժն է դառնում:

ԴԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կինոքննադատ

*ընտրել եմ ֆիլմեր, որոնք լայն ճանաչում չստացան ու հնարավոր է, այդպես էլ չհասնեն հայ հանդիսատեսին, սակայն արժանի են (ամիսներ անց) օնլայն փնտրփուքի ու դիտման

«Մեռած մարդու լարը» / Dead Man’s Wire 

ռեժ.՝ Գաս Վան Սենթ

Լարված, ոճային ու կլանող, ամերիկյան կինոյին հատուկ գրավիչ էքշնով, ռետրո մթնոլորտով ու տեղ-տեղ սև հումորով հագեցած Վան Սենթի նոր թրիլերը հիմնված է իրական դեպքերի վրա. 1977 թվականին ամերիկացի բրոքեր Թոնի Կիրիցիսը (ֆիլմում՝ փայլուն ու համոզիչ Բիլ Սկարսգարդ) պատանդ վերցրեց իր ֆինանսական խորհրդատուին՝ օգտագործելով ինքնաշեն համակարգ՝ զենքով և լարով, և հենց այդ աբսուրդային ու սարսափելի, գրեթե թատերական իրավիճակն էլ դարձավ ֆիլմի հիմքը՝ պահպանելով դրա վավերագրական անհանգստության զգացումը և խիստ ռեալիզմը:

«Քամի, խոսի՛ր ինձ հետ» / Wind, talk to me

ռեժ.՝ Ստեֆան Ջորջեվիչ

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ստեֆան Ջորջևիչը ստեղծել է կիսավավերագրական դրամա՝ նկարելով ինքն իրեն ու իր մեծ ընտանիքը, որը վերջերս կորցրեց կինոգործչի մայրիկին: Անցյալն ու ներկան միահյուսվում են համեստ ու անմիջական ընտանեկան պատման ու անշտապ տեմպի մեջ՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես կարելի է խոսել կորստի ու անձնային տրավմաների մասին, հրաժեշտ տալ սիրելիներին ու սովորել լսել բնությունը:

«Փոքր կարևորության աստղերը» / Stars of little importance

ռեժ.՝ Օլաշ Ռենատո

Միկրո-միկրո բյուջեով (ռեժիսորի խոսքերով՝ մոտ 10K եվրո) արժողության գրեթե ամբողջապես կամերային տրագիկոմեդիան պատմում է փոքր և գավառական հունգարական քաղաքից ֆինանսապես ապահով ու խոստումնալից Արևմտյան Եվրոպա տեղափոխված քրոջ ու եղբոր մասին, որոնք Նոր տարուն գալիս են պատանեկության ընկերներին ու անցյալի «ուրվականներին» այցելության ու բախվում ինչպես սեփական, այդպես էլ մտերիմների չիրականացրած երազանքների հետ:

Ida Who Sang So Badly Even the Dead Rose Up and Joined Her in Song  / «Իդան, որն այնքան վատ էր երգում, որ անգամ մեռյալներն էին հարություն առնում և միանում նրա երգին», ռեժ.՝ Էսթեր Իվակիչ

Սլովենացի Էսթեր Իվակիչի դեբյուտային լիամետրաժը տեղափոխում է հանդիսատեսին հարավսլավական գյուղատեղայնք, որտեղ ապրում է լռակյաց ու ինքնամփոփ դեռահաս Իդան, որը միամտորեն հավատում է տեղական առասպելներին ու իր բարեմիտ հավատով, կարծես, դառնում երկու աշխարհների միջնորդ: Իվակիչի ֆիլմն չի տալիս հստակ բացատրություններ և տպավորություն է ստեղծվում, որ ստեղծված է մոգական ռեալիզմի ու մեծերի համար հեքիաթի կանոններով՝ շեշտադրելով՝ միջավայրն ու զգայականը բանականին:

If I Had Legs I’d Kick You / «Եթե ոտքեր ունենայի՝ կհարվածեի քեզ», ռեժ.՝ Մերի Բրոնշթեյն

Հոլիվուդյան աստղ Ռոուզ Բիրնի  ամենատպավորիչ դրամատիկ դերակատարումներից, որտեղ նա մարմնավորում է էմոցիոնալ այրման ու նյարդային պոռթկման եզրին ապրող հոգեթերապևտ Լինդային, որը 24/7 զբաղված է իր և իր պացիենտների ընտանեկան խնդիրների անհաջող լուծմամբ, մինչ իր ամուսինն աշխատում է և հասանելի է միայն ժամանակ առ ժամանակ, այն էլ հեռախոսակապի միջոցով, իսկ առողջական խնդիրներ ունեցող դուստրն անդադար ուշադրություն ու խնամք է պահանջում: Եթե Բիրնը չարժանանա  օսկարյան նոմինացիայի՝ հնարավոր է, որ ֆիլմն, որն ինքը տանում է իր ջղաձգված ուսերի վրա, անարդարացիորեն մնա ստվերում, թեև Բեռլինում ստացել է արժանի արձանիկ՝ Լավագույն դերակատարման համար:

 

ԴԱՎԻԹ Պ․ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ, բ.գ.թ.

Հայկական ֆիլմերի ընտրանի

5․ «Վերջին կայարան»

ռեժ` Հարություն Խաչատրյան

Իրականում 1994֊ի այս աշխատանքը, որ Հայաստանում գրեթե չէր ցուցադրվել, 2025֊ին ցուցադրվեց` վերականգնված տարբերակով։ Եվ սա մեծ նվեր էր Հարություն Խաչատրյանի կինոյի սիրահարներին։ Անբացատրելի հետաքրքրական մի բան է 21֊րդ դարում տասնամյակների վաղեմության նման մի ֆիլմ նայելը` «Զվարթնոցի» հին շենքով ու դերասան Պոնչոյով, Ֆրանսիայում հրեաների տեղ դրված հայերի նկատմամբ հակասեմականության դրսևորման աբսուրդային տեսարանով, ամուսնության ու սեքսի մասին դատողություններով և այլն։ Սա մի աշխատանք է` «էն թվերի» հայկական կինոյից, երբ Հարություն Խաչատրյանը շատ ազնիվ էր, իսկ Նորա Արմանին` համարյա Ջեյն Բիրկինի պես մի չքնաղ բոհեմային արարած։

4.  «Ռելոկանտուհիներ» / «Релокантки»

ռեժ.` Յանա Դեմերճյան

Անհավանական հետաքրքրական կինոաշխատանք Հայաստան տեղափոխված մի խումբ ռուս կանանց կյանքի ու կրքերի մասին։ Այո, TikTok-ից ու այդ ձևաչափում բոլորիս հայտնի ռելոկանտ ռուս կանանց պատմությունները այս աշխատանքում նոր` կինոյի հարթություն են անցել։ Մի ամբողջ մինի սերիալի պոտենցյալ ունեցող այս կարճամետրաժը նաև ռելոկանտ ռուսաստանցի կինոգործիչների պոտենցիալի մասին է (մեկը առնվազն դիտարժան, որակյալ և տարբերվող կինոաշխատանքներից, որ ստեղծվում են Кинолабортория կինոդպրոցում վերջին 2 տարում)։

3. «Հևք»

ռեժ` Գագիկ Ղազարէ

Եթե շատ հակիրճ` ապա սա դիրքեր բարձրացող զինվորի հևքի պես ազնիվ, ուժեղ աշխատանք է այն մարդկանց մասին, որոնց համար 2020֊ի նոյեմբերի 9֊ից հետո պայքարը դեռ շարունակվում էր։ Ղազարէի «Հևքը» մեր անվերջանալի պատերազմական քրոնիկոնների թարմ ու կարևոր դրվագ է` համեմված ծառայության քաղցրության և «լափողների ու թռածների», աղոթքի ու աստծուց գոհանալու մասին մտորումներով, սրտաբուխ երգերով ու էլ ավելի սրտաբուխ ու տեղին հայհոյանքով, կոլորիտային կենացներով։

2.  «Տունս քաղցր ա»

ռեժ.` Սարին Հայրապետյան

Ոչ այնքան հայկական (համատեղ արտադրություն է), բայց առավել քան ակտուալ֊հայկական թեմատիկայով վավերագրական աշխատանք։ Ցավոք աշխատանքը ավելի հայտնի է 2025֊ի Օսկար֊ի շուրջ կրքերի բերումով (որպես հավակնորդ ֆիլմ)։ Սա թերևս նաև ամենահագեցած փառատոնային կյանք ունեցած հայկական կինոաշխատանքն է 2025֊ին, որ արցախցի փոքրիկ Վրեժի  պատմությունը (իրականում` շատ ավելին) ներկայացրել է ամենաշատ թվով արտասահմանյան փառատոներում ու հարթակներում։

1.  «Երազելուց հետո»

ռեժ.` Քրիստինե Հարությունյան

Հայկական կինոյի ամենահակասական ու զիլ աշխատանքներից մեկի` «Չնչիկի» վայբերով, ու նույնքան էլ ոչ միանշանակ այս աշխատանքը տարվա թերևս ամենափառատոնային աշխատանքն էր` մեր ամենացավոտ կետի` 2020֊ի պատերազմի ու դրա հետևանքների մասին` ամենատարբերվող, ամենաուրույն կինոլեզվով։ Ընդ որում` ապշեցնող է այն, որ սա ռեժիսորական դեբյուտ է, ուրախացնող, որ արտասահմանում կարծես թե գնահատվում է ըստ արժանվույն, թեպետև ընդամենը «surreal drama road movie» ավելի դյուրամարս փաթեթավորումով։

 

ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Լրագրող

1. «Մի պարզ պատահար» 

Ջաֆար Փանահի

Իրանական վարպետի ծորացող պատմություն այն մասին, թե ինչպես է հարցերի կծիկը խճճվում ու բարդանում, երբ հանդիպում են զոհն ու դահիճը (ու այդ միջակայքում գտնվող այլ տարբերներ)։ Մաքուր հաճույք’ կառուցված արևելյան ոչ միանշանակ լինելու բարձունքից։

2. «Այո» / Yes!

Նադավ Լապիդ

Իսրայելական այս ֆիլմը գեղեցիկ է իր անկատարությամբ։ Պատերազմը ամեն ինչի ֆոնն է և արդարացումը’ դեմոկրատական գլամուրի, երանելի մոռացության իղձի, փող (շատ փող) աշխատելու մղումի, սարկազմի ու պրոպագանդայի։ Անհարմար ֆիլմ է’ բեկորացված ռիթմով և դրանով է արժեքավոր։


 3. «Այլ ընտրություն չկա»

Պակ Չհան Ուկ

Կորեական արտադրական թրիլլեր նոր նորմի մասին’ աշխատավորի ու աշխատանքի։ Սարսափը, մելոդրաման, խենթությունն ու բազային իրավունքների մասին խոհերը միահյուսված են աճպարարի հմտությամբ։

4. «Զգայական արժեք» / Affeksjonsverdi

Ռեժիսոր՝ Յոհակիմ Տրիեր

Ընտանեկան-արվեստային դրամա, որի մեջ հազար ու մի շերտ կա։ Ի վերջո, միայնակ են բոլորը և բոլորը խաղում են (բեմում, կադրում, կյանքում)։ Դրաման լիցք է տալիս արվեստին, որ հետո արվեստը տա ընտանեկան խաղաղության պատրանք։ Կարևորը խաղի նրբանկատ հնչերանգն է ու լավ դերասանները։

5. «Համնետ» / Hamnet

Ռեժիսոր՝ Քլոե Չժաո

Այս ֆիլմում ամեն ինչը առատ է, հուզական ու գեղեցիկ։ Լիտրերով արցունքները նույնպես արժեք են։ Երևի կատարսիսի գաղափարի լավագույն կառուցումներից է։ Լինելու թե չլինելու հարցը բեմից իջնում է դահլիճ ու դա հիասքանչ է։

 

ՍՈՆԱ ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆ

Կինոքննադատ, ֆիլմերի համադրող

«Ես հանգստանում եմ միայն փոթորկի ժամանակ» / O Riso e a Faca

ռեժ.` Պեդրո Պինյո

Պորտուգալացի Պեդրո Պինյոյի երեք ժամից ավել ձգվող ֆիլմը հետևում է հետգաղութային Աֆրիկայում աշխատանքի անցած եվրոպացի ճարտագետի և ամենայն լրջությամբ, բայց ոչ անկատակ քննության առնում ժամանակի ամենակարևոր խնդիրներից շատերը` սպիտակ արտոնյալությունը, սոցիալական տարբեր, հատկապես խոցելի խմբերի առօրյան, շրջակա միջավայրի պահպանման մարտահրավերները և բազում այլ հարցեր:

«Գաղտնի գործակալ» / O Agente Secreto

ռեժ.` Քլեբեր Մենդոնսա Ֆիլյո

Բրազիլիայում զինվորական բռնատիրության վերջին շրջանի (1977թ.) և դրան ուղեկցող քաղաքական անհանգստությունների մասին է պատմում Քլեբեր Մենդոնսայի ֆիլմը, որում դասական նոարի և թրիլլերի տարրերը միախառնվում են բրազիլական մշակույթին, ինչը, ռեժիսորի անառարկելի ինտելեկտի հետ համատեղվելով, դառնում է իրապես դիտարժան կինոնկար:

«Իմագո» / Imago

ռեժ.` Դենի Ումար Պիցաև

Կովկասի ամենաարյունալի հակամարտություններից մեկին անդրադարձող ֆիլմը չկեղծված ու լուսավոր հանդիպումների, մետաֆորների հարուստ համակարգի միջոցով կառուցում է Պանկիսիի սոցիալ-մշակութային պատկերը, որը թեև չի կարող փոխարինել տունն ընդմիշտ կորցրած լինելու դառնությունը, բայց հյուրընկալում ու ջերմացնում է թե՛ ռեժիսորին, թե՛ հանդիսատեսին:

«Չոր տերև» / Dry Leaf

ռեժ.` Ալեքսանդր Կոբերիձե

Երազի և վավերագրության սահմանին տատանվող այս փորձարարական ֆիլմը պատմում է անհետացած դստերը` Լիզային, որոնող մի հոր մասին, ում ճանապարհն անցնում է Վրաստանի երկայնքով` ուղենիշ դարձնելով երկրի ֆուլբոլային մարզադաշտերը, որոնց մասին ֆոտոշարք անելու է մեկնել Լիզան:

«Սիրատ» / Sirat

ռեժ.` Օլիվեր Լաշե

Որպես անհետացած դստերը որոնող հոր պատմություն է սկսում նաև Օլիվեր Լաշիի ֆիլմը, սակայն արագ վերարծվում է կլուզոյական թրիլլերի, որի գործողությունները զարգանում են խելագար Մաքսի և ռեյվի դարաշրջանում, իսկ ղուրանյան Սիրատ կամուրջը կենդանի են անցնում միայն նրանք, ովքեր, իրոք, հավատում են:

Հատուկ հիշատակում. «Երազելուց հետո», ռեժ.` Քրիստինե Հարությունյան (After Dreaming, 2025)

 

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ամսագրի գլխավոր խմբագիր

«Մարտ մարտի հետևից» / One Battle After Another

Ռեժիսոր՝ Փոլ Թոմաս Անդերսոն

Ակնհյատ թեկնածուն, որը դեռ կթնդա մոտակա Օսկարներին։ ՊՏԱ-ի ամեն նոր ֆիլմ տեսնելը երջանկություն է, հատկապես եթե այն ներառում է Դի Կապրիոյի խաղն ու Ջոնի Գրինվուդի երաժշտությունը։

«Սիրատ» / Sirat

Ռեժիսոր՝ Օլիվեր Լաշե

Ոսկե Ծիրանից ամենամեծ տպավորությունը։ Ֆիլմին կարող են լինել հարցեր, բայց ապոկալիկպտիկ անապատն ու անապատում ինքնամոռաց տժժացող տարիքն արած ռեյվերները չեն մոռացվի։

«Փոքրիկ Ամելին, կամ անձրևի կերպը» / Amélie et la métaphysique des tubes

Ռեժիսորներ՝ Մայլիս Վալադի և Լիան-Չո Հան

ՌեԱ-2025-ի ամենամեծ գանձը։ Չքնաղ գեղեցկության անիմացիա՝ կյանքը սիրելու մասին, անպայման դիտեք, նույնիսկ փոքր էկրանով։

«Գործիքներ» / Weapons

Ռեժիսոր՝ Զաք Քրեգգեր

Ամենահիշարժան հորորը։ Սքեթչ-կատակերգությունից հորորներ եկած Զաք Քրեգգերը երկրորդ անգամ (փայլուն Barbarian-ից հետո) պատրաստում է ոչ տրիվիալ, հետաքրքիր, գրավիչ ու անսպասելի տեղերում չափազանզ զվարճալի վախենալու կինո։

«Անկման ձայնը» / In die Sonne schauen

Ռեժիսոր՝ Մաշա Շլինսկի

Գրեթե եթերային ֆիլմ՝ տարբեր ժամանակներում, բայց միևնույն վայրում ապրող հերոսուհիների մասին։ Դժվար է հստակ ասել, թե ինչն է գրավում, բայց (հատկապես մեծ էկրանով ու ճիշտ ձայնով) դիտելուց հետո երկար մնում ես տակը։

Հիասթափություններ․ Բոն Ջուն-Հոյի «Միքի 17», Ռայան Քուգլերի «Մեղսավորները», Ռոբերտ Էգգերսի «Նոսֆերատուն», Սփայք Լիի «Վերից վարը»։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԼՅԱՆ

Կինոքննադատ

«Մագելան» / Magellan 

Լավ Դիասի առաջին բլոքբասթերը՝ կարճ ու գունավոր:

«Փոքրիկ տղա» / Little Boy 

Ջեյմս Բենինգի՝ ԱՄՆ պատմության ուսումնասիրությունը՝ փոփ երգերի, հանդիսավոր ճառերի ու մանրակերտների ներկման տեսարանների միջոցով:

«Կոնտինենտալ 25» / Kontinental ’25

Ռադու Ժուդեի այֆոնակերտ օմաժը Ռոսելինիին:

«Մեռած ադամանդի ցոլքը» / Reflection in a Dead Diamond

Էլեն Կատե+Բրյունո Ֆորզանի ռեժիսորական տանդեմի ժանրային ֆետիշների մետաժանրային խրախճանքը:

«Նոր ալիք» / Nouvelle Vague

Ռիչարդ Լինքլեյթերի կատարյալ սինեֆիլական ֆան-սերվիսը: