Ադրբեջանական մեդիադաշտում հրապարակվել է մի նողկալի ֆիլմ` նվիրված Ռուբեն Վարդանյանին, որտեղ հարյուրավոր կեղծիքների միջոցով փորձել են սեւացնել հայազգի գործչի կերպարը:
Ֆիլմում օգտագործվել է նաեւ մի խումբ հայերի խոսքը` Սամվել Բաբայան, Տիգրան Խզմալյան: Մարդիկ փորձել են ճշտել` ում է տվել հարցազրույցը Սամվել Բաբայանը, եւ ինչպես է նրա խոսքը հայտնվել ադրբեջանական ֆիլմում, այն էլ ի վնաս Բաքվի բանտում խոշտանգվող հայազգի գործչի:
Հարցազրույց տալու առաջարկով Սամվել Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը, հայտնել են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից:
«Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածված եւ տեղեկատվական աղմուկ առաջացրած ֆիլմի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետեւյալը․ «Հարցազրույց տալու առաջարկով Սամվել Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական TPTM Media Spain ընկերության նախաձեռնությունը՝ «Կամուրջներ եզրին․ Հայաստանը՝ մայրցամաքների միջեւ» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։ Նախագծի նպատակը, ըստ ֆիլմի ռեժիսոր Կարմեն Մարկեսի կողմից ստորագրված եւ ներկայացված փաստաթղթի, անդրադառնալն էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, Արցախից հետո ձեւավորված նոր իրողություններին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումներին, տնտեսական վերափոխումներին»: Մոտ երկու ժամ տեւած հարցազրույցից ֆիլմում ներառվել է ընդամենը մեկ րոպեանոց հատված, որը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս գործունեության վերաբերյալ Սամվել Բաբայանը հանդես է եկել հրապարակային եւ հետեւողական դիրքորոշմամբ, որից չի հրաժարվել եւ բազմիցս արտահայտվել է հանրային հարթակներում։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի` ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից»,- ասված է հայտարարության մեջ: Իր հերթին Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում նույն բանն է գրել, սակայն դրանից իրողությունը չի փոխվում` անհասկանալի հանգամանքներում սահմանն անցած անձը, որը, թվում է` Ադրբեջանի թիվ 1 թշնամին պետք է լիներ, լուտանքներ է տեղում ադրբեջանական բանտում հայտնված եւ մեկուկես տարի խոշտանգվող Ռուբեն Վարդանյանի հասցեին, փոխանակ պատասխանատվություն կրեր մի մարդու համար, ով իր փափուկ կյանքը թողել` գնացել էր Արցախ, իր հայրենակիցների հետ պայքարելու:
Աղմուկ բարձրացրած ֆիլմում, սակայն, ոչ միայն Սամվել Բաբայանն է Բաքվի բանտում գտնվող Վարդանյանին քննադատում, այլեւ Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը: Խզմալյանը Վարդանյանին ներկայացնում է որպես «Պուտինի տրոյական ձի», իսկ Սամվել Բաբայանն ասում է` «տո Վարդանյանից ի՞նչ լիդեր, նա ո՞վ ա ընդհանրապես»։
Ինչո՞ւ են հայազգի անձինք գերության մեջ հայտնված անձի մասին նման հայտարարություններ անում: Տիգրան Խզմալյանին «Հրապարակը» հարցրեց` տեղյա՞կ է եղել, որ իր հայտարարությունն ադրբեջանական ԶԼՄ-ներն օգտագործելու են, եւ, առհասարակ, ինչո՞ւ է գերության մեջ հայտնված անձի մասին նման հայտարարություններ արել: Խզմալյանն ասաց. «Մեկնաբանությունը տվել եմ մեկ տարի առաջ, երեւի հունվար-փետրվար ամիսներն էին, հիշում եմ, որ ձմեռ էր: Հարցազրույցը տվել եմ մի սփյուռքահայ լրագրողի, որի անունը, անկեղծ ասած, չեմ մտաբերում: Այն տեղի է ունեցել Երեւանում: Խոսք գնաց Հայաստանի քաղաքականության մասին ընդհանրապես, սակայն չգիտեմ, պատկերացում չունեմ, թե այդ նյութն ինչպես հայտնվեց ադրբեջանական մամուլում, սակայն հասկանալի է, որ դժվար չէ Յութուբից այն հանելը, թեպետ ես երբեք չէի մտածի, որ այն երբեւէ կարող է հայտնվել ադրբեջանական հարթակներում: Ցավում եմ, որ այս իրավիճակում այն օգտագործվեց բանտարկված մարդու դեմ` ադրբեջանցիների կողմից, միաժամանակ ես այդ մտքերը հայտնել եմ բազմիցս, պնդել եմ, որ Արցախի ղեկավարությունը քաղաքական սխալ էր գործել՝ ապավինելով Ռուսաստանին, եւ դա է պատճառը այս ազգային, գերիների համար անձնական ողբերգության: Իմ արտահայտած միտքն իրականում դա է եղել: Ես ասել եմ, որ մի ամբողջ սերունդ, այդ թվում` Ռուբեն Վարդանյանը, տրոյական ձիեր են: Այս ենթատեքստում ադրբեջանցիներն այն ի շահ իրենց էին օգտագործել, որովհետեւ Հայաստանի իշխանությունները մինչ օրս խուսափում են ասել, որ ադրբեջանցիների կողմից Ղարաբաղի զավթումը եւ Հայաստանի սուվերեն տարածքների գրավումը եղել է Ռուսաստանի համաձայնությամբ, խրախուսմամբ եւ ՌԴ-ի ծրագրով: Ես այդ միտքը հիմա էլ եմ պնդում, սակայն ցավ եմ ապրում, որ իմ ասածները հայտնվեցին այդ ենթատեքստում: Այն իսկապես ինձ ցավ եւ անհանգստություն է պատճառում»:
Բայց արժե՞ առհասարակ քննադատել այն մարդկանց, ովքեր խոշտանգվում են Բաքվի անմարդկային բանտերում: Ի՞նչ տարբերություն՝ հիմա, թե մեկ-երկու տարի առաջ։ «Ես այդ նույն բանն ասում եմ նաեւ հայկական եթերներից, այդ անգամ խոսել եմ անգլերեն, սակայն իմ ասածը ներքին հայկական խոսակցություն էր, զուտ քաղաքական գնահատական է, անձնական գնահատական չէ: Անկախ այն բանից, թե ես ինչպես եմ վերաբերվում նրանց, գտնում եմ, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը պետք է նրանց մասին դիրքորոշում հայտնի կամ մեղադրի, նրանք, բնականաբար, քաղաքական բանտարկյալներ են, իմ ասածը ներքին քննարկման համար է եղել, սակայն 21-րդ դարում կան անգլերեն հասկացողներ: Թեպետ բանտարկյալների մասին խոսելը ճիշտ չէ, նրանք պետք է կարողանան պաշտպանվել»:






Բաց մի թողեք
«Ես չեմ պատրաստվում Ալիեւի տնային աշխատանքը կատարել, ովքեր մասնակցում են, նրանցից հարցրեք»
Ինչքան հնարավոր է վարկաբեկում է, ստորացնում
Նրանք հազար ու մի անշնորհքություն կարող են անել Մայր Աթոռում, իմ երեւակայությունը չի բավականացնում՝ պատկերացնելու համար