21/11/2024

«Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն չի վճարում պետության հասանելիք շահութահարկը` «վնասով են աշխատում». փաստաթուղթ

«Հարկային վնասը Երեմյանների բիզնեսներում կրում է խրոնիկ բնույթ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հարկերից ազատված եւ արտոնյալ հարկային պայմաններով գործունեություն ծավալող «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն չի կատարում նաեւ հարկային մնացած պարտավորությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Բանն այն է, որ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն, 1000 խոշոր հարկատուների շարքում լինելով 141-րդը, տարեկան հարկային մուտքերը կազմել է 2 մլրդ 341 մլն դրամ, սակայն պետությանը վճարում է 970 մլն դրամ եկամտահարկ։

Հետաքրքիրն այն է, որ, ըստ ՀՀ հարկ վճարողների մասին օրենքի, շահութահարկ վճարողներ են համարվում (հոդված 103) ռեզիդենտ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը, նոտարները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի եւ երաշխիքային ֆոնդերի), ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաեւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Ինչպես կարող ենք եզրակացնել, «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն դասվում է այս շարքին, սակայն չի վճարում պետության հասանելիք շահութահարկը։

Ըստ օրենքի՝ շահութահարկ վճարողներ չեն համարվում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը:

Այսպիսով, ստացվում է, որ իշխանությունը սեփական երաշխավորության տակ գտնվող անձանց կամ նրանց հետ կապ ունեցող կազմակերպությունները հոգատարությամբ պահում է բամբակների մեջ, իսկ, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնողներին անխնա հարկում է»։