Ես կարծում եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունում և Կառավարությունում չի կարող լինել համակարգային կոռուպցիա:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Դիտարկմանը, որ հիմա նակին նախարարը կամ այլ անձինք անցնում են չարաշահումների գծով, Պապոյանը նկատեց. «Դուք մեղադրանքներ եք հնչեցնում ու հաստատում եք ինչ-որ բան, բայց ես այդպես չէի անեի, դատավորություն կգնա, ու կարող է պարզվի՝ մի մասը մեղավոր են, մի մասը՝ անմեղ»։
Այնուհետև նախարարը շարունակեց․ «Եթե առանձին պաշտոնյաներ կամ առանձին պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք ինչ-որ գործառույթներ են իրականացնում, ինչ-որ բան այն չեն անի, կամ միգուցե կչարաշահեն իրենց դիրքը և պաշտոնը, ապա, իհարկե, պետք է պատժվեն»։
Նրա խոսքով՝ կարևոր են նաև կադրային նշանակումները, որտեղ մասնագիտական կողմնորոշումն ու պատրաստվածությունը միշտ առաջին տեղում է։
«Բայց եթե խոսում ենք քաղաքական նշանակումների մասին, բնական է, որ մարդը պետք է լինի քաղաքական կուրսի կրողը, որովհետև, եթե մարդը չի հավատում քաղաքական կուրսին, ուզում է լինի աշխարհի ամենալավ մասնագետը, չի կարող ոչինչ իրականացնել։ Բոլոր նախարարները կրել են այդ կուրսը»,- նշեց նա:
Այժմ, ըստ Պապոյանի, տարբեր ընթացակարգեր կան, վարչության պետերի համար հայտարարված են մրցույթներ, կհայտարարվեն նաև այլ մրցույթներ, որոնք կունենան հստակ պահանջներ, իսկ փոխնախարարները քաղաքական նշանակումով են լինում։
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձավ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային. «Դա այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առևտրային գործընկերը փոխարինվում է բոլորովին այլ մեկով, այլ այն, երբ դու ունես մի քանի խոշոր առևտրային գործընկերներ և բազմաթիվ փոքր առևտրային գործընկերներ։ Տնտեսության դիվերսիֆիկացումը գործընթաց է, երբ Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի երկրներն էլ իրենց չափով կախված են լինում Հայաստանից»։
Անդրադառնալով լոգիստիկ առումով Հայաստանի հնարավորություններին՝ նա ասաց. «ՀՀ-ի սահմանների մեծ մասը փակ են, և դա օբյեկտիվ մեծ խոչընդոտ է։ Դա մենք համարում ենք դժվար մարտահրավեր և չենք սահմանափակում մեզ դրանով, և ամենօրյա աշխատանքով ես և իմ թիմը փորձելու ենք գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար»։
Բաց մի թողեք
2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա. Վարդանյան
Համաձայն չեմ, որ ՔՊ-ից չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը. Խուդաթյան
Վահագն Ալեքսանյանը հայտնել է՝ ում ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը և ինչ տեղեկություններ է հայտնել