27/07/2024

Կրեմլի վերջին գործիքները. Սեզոնային ակտիվացման հայտ են ներկայացրել նոր «մարիոնետներ»

Hraparak.am-ը գրում է, թե իշխանությունը շատ անհանգիստ է՝ այնքան անհանգիստ, որ «իշխանական քարոզչամեքենան «մի ոտ առաջ» փորձում է վարկաբեկել ընդդիմադիր դաշտը` հավանական պայքարը կանխելու և ընդդիմությանը հեղինակազրկելու համար, հատկապես՝ նոր ծնվելիք միավորներին»: Ըստ լրատվականի՝ Փաշինյանի իշխանությունը վախեցած է։

https://civic.am/ Նախ եկեք արձանագրենք, որ այնտեղ վարկաբեկելու բան չի էլ մնացել։ Ընդդիմադիր այն շրջանակը, որ անկանոն շարժումներ է կատարում, պայքարի իմիտացիա է անում ու սեզոնային սրացումներ դրսևորում՝ ոտքից գլուխ և արդեն վաղուց վարկաբեկված է։ Եվ վարկաբեկվել է իր իսկ ձեռքով։

Վերջին օրերի ընթացքում հանրահավաքային ակտիվություն է դրսևորում «Միասին» շարժումը՝ Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանի, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և նախագահական ընտրություն բաց չթողնող հավերժ թեկնածու Արամ Գասպարի Սարգսյանի առաջնորդությամբ։ Համաձայնեք, որ 90-ականներից ընդդիմադիր պայքարով անցած, 2008-ի Մարտի 1 ու դրա հետևանքներ տեսած, հեղափոխություն կատարած, 2020-ի պատերազմով անցած ու 2021-ին վերընտրված իշխանությունը այս խղճուկ միավորումից հազիվ թե վախենա։

«Ընդդիմադիր դաշտում թեթևակի աշխուժությունը, սակայն, կարելի է ասել, փոթորիկ է բարձրացրել իշխանական շարքերում»,- գրում է Hraparak-ն ու նշում, որ իշխանությունը փորձում է այս ուժերին ասոցացնել Կրեմլի հետ։ «Նրանց քարոզչամիջոցներն ամեն ինչ անում են, որ համոզեն մարդկանց, թե պայքարողներին Ռուսաստանից են կառավարում, և առաջիկայում Կրեմլի հովանու ներքո նոր ընդդիմադիր ճակատ է գործելու, որտեղ ներգրավված կլինեն «Միասին» շարժումը և մյուս պրոռուսական քաղաքական ուժերը, որոնց թվում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնած շարժումն ու կուսակցությունը»։

Անգամ կույրն է տեսնում, թե այս մարդիկ և ուժերը որտեղից են ուղղորդվել և ուղղորդվում։ «Իշխանական քարոզչամիջոցները», վստահաբար, կարիք չունեն հասարակությանը ներկայացնելու, թե այս մարդիկ (նրանց ուժ կամ քաղաքական միավոր կոչելը սխալ կլինի) որտեղից են կառավարվում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս տարիների ընթացքում անցնելով քաղաքական զարգացումների միջով՝ բավականին թրծվել են ու լավ են տարբերում թացը չորից և հասկանում են, թե որ դեպքում քամին որտեղից է փչում։ Ուրեմն «իշխանական քարոզչամիջոցնե՞րը» պետք է մարդկանց ասեն, որ իր ընդդիմադիր քաղաքական կարիերան Ռուսաստանից և ռուսերեն ուղերձով սկսող Արշակ Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, եթե ոչ՝ վստահաբար, Կրեմլի գործիք է։

Նույնը՝ Սոլովյովի մոտ Ղրիմը «մերը» ճանաչող՝ «Կռիմ նաշ» ասող Արթուր Վանեցյանը։ Կամ ՀՀ քաղաքացիները, ընդդիմադիր մամուլի կարծիքով, չե՞ն նկատում, թե երբ ու ինչից հետո, որ դեպքերում են ակտիվանում Հայաստանում գտնվող կամ Ռուսաստանից Հայաստանում քաղաքականություն վարող անհատները։ Արդյոք ընդդիմադիր մամուլի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիները չե՞ն տեսնում Կրեմլի քարոզիչների, դիվանագետների և քաղաքական գործիչների ու ՀՀ, այսպես կոչված, ընդդիմադիրների գործողությունների սինխրոնությունն ու բառամթերքի իդենտիկությունը։ Արդյոք ՀՀ քաղաքացիները, ընդդիմադիր մամուլի կարծիքով, չե՞ն տեսնում ՀՀ-ում գործող 5-րդ շարասյան ներկայացուցիչների՝ ռուսական եթերներում ելույթները, Մարգարիտա Սիմոնյանների ու Սոլովյովների հետ ջան-ջիգյարները։

Օրինակ՝ օրերս Ռուսաստանում ինչ-որ միջոցառման ընթացքում, որտեղ ներկա էին հայ կուսակցական, ՀՀԿ-ամերձ երիտասարդներ ու հանդիպել էին Մարգարիտա Սիմոնյանին, սկսեցին ծափահարել Սիմոնյանին, երբ վերջինս անոնսում էր Հայաստանի կործանումը։ Հայաստանից մեկնած հայ երիտասարդները ծափահարում էին Սիմոնյանի՝ Հայաստանի կործանումը գուժող խոսքի վրա։ Եվ այսքանից հետո «իշխանական քարոզչամիջոցնե՞րն» են հայաստանյան ընդդիմադիր որոշ շրջանակների վարկաբեկում ու կապում Կրեմլի հետ։

Այդ կապն այդ անհատներն անգամ չեն փորձում թաքցնել։ Ակնհայտ է, որ Կրեմլը դաշտ է նետել իր գործակալական ողջ ցանցը ու վերջին հույսի գործողություններ է փորձում իրականացնել։ Ակնհայտ է նաև, որ այդ վախերն ու անհանգիստ գործողությունները, որն ընդդիմադիր լրատվականը փորձում է վերագրել ՀՀ իշխանությանը, իրականում վերագրելի է Կրեմլին ու իր հայաստանյան գործիքներին։
Եվ ակնհայտ է մեկ բան ևս՝ ՀՀ քաղաքացին ամեն ինչ շատ լավ հասկանում է, ու Կրեմլը կարող է ակտիվացնել Արշակ Կարապետյանին, Արթուր Վանեցյանին ու հարակից այլ դեմքերի, թիկունքից մեդիա աջակցություն տրամադրել, փող, ինֆորմացիա և այլն, բայց եթե անգամ պետական կառույցների վրա ունեցած ազդեցությամբ, գործակալներով կարողանա ազդել իշխանությունների վրա, ապա ՀՀ քաղաքացիների վրա ներգործելու որևէ գործիք Պուտինը չունի։

Վովա Հակոբյան; https://civic.am/