27/07/2024

ՌԴ-ում գտնվող Դոն Պիպոն Լոռիում իր դիմանկարներն է «սկոչել» տալիս, բայց ՌԴ-ում ապրող հայ ազգին կոչ անում՝ «մի վերադարձեք Հայաստան»

Եթե առաջիկայում պլանավորում եք Լոռի այցելել, ապա մեծ հավանականությամբ ձեզ կթվա, թե մեծն Թումանյանի ծննդավայրում  նախընտրական շրջան է։  Գետնից բարձր գտնվող գրեթե յուրաքանչյուր մակերեսից  իր հոգեթափանց հայացքով ձեզ կնայի ոչ թե «Լոռեցի Սաքոն», այլ՝ Դոն Պիպոն, ավելի ճիշտ՝ նրա դիմանկարով պաստառները։  

Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է Դոն Պիպոյի, նույն ինքը՝  Արթուր Ասատրյանի  «սկոչած» պաստառը  այդպիսի մի մակերեսի՝ քարե հուշատախտակի վրա։ Ինչու «սկոչա՞ծ», քանի որ  քանիցս փակցված պաստառը ինչ-որ բարբարոսներ ոչնչացրել են, ուստի Արթուր Ասատրյանի հայաստանյան շտաբում որոշվել է դիմել նման կրեատիվ պաշտպանության՝ պաստառի ոչնչացման ռեցիդիվը կանխելու համար։

Ինչպես գիտենք, Դոն Պիպոն խաչակրաց արշավանք, ներողություն՝ «Խաչակիրների շարժում» է նախաձեռնել և մտադիր է խաչով գալ, խաչով փրկել մեր հայրենին ու, փրկելուց հետո էլ, հավանաբար, խաչել անխաչ  ու խաչուրաց արարածներին։ Նկատենք, սակայն, որ շարժումը առայժմ զրոյական արդյունքով շարժունակություն է ցուցաբերել,  իսկ թե երբ տեղի կունենա  Դոն Պիպոյի   «գալուստը» Ռուսիայից՝  հայտնի է միայն երկնային տիրոջը։

Նկատենք, որ Դոն Պիպոն բավականին ակտիվ է, սակայն ոչ թե հայրենյաց սուրբ հողի վրա, այլ…  վիրտուալ  տիրույթում։   Մի քանի օր  առաջ նա իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր «Մոսկովյան հանդիպումներ» վերնագրված յութուբյան հաղորդմամբ՝ հյուրընկալվել էր Համլետ Ղուշչյանի «Բաց ԹԻՎի»-ին։ (Ավելի ճիշտ՝ Ղուշչյանն էր հյուր գնացել Ասատրյանին և նրա շքեղ  ապարտամենտում հարցազրույց վերցրել)։ Հարցազրույցն էլ, ի դեպ, այնպես էլ նկարահանվել, որ զրուցակիցների հետին պլանում երևան ՀՀ-ի, ՌԴ-ի պետական դրոշները, մեջտեղում էլ՝ «Խաչակիրների»։

Այդ հաղորդման շրջանակներում Դոն Պիպոն գանգատվում էր, թե իրեն թույլ չեն տալիս Հայաստան վերադառնալ, քանի որ իր դեմ «շինծու գործեր» են սարքել, բայց նման խութերն ու արգելքները չեն խանգարում, որ ինքը հեռավար ֆորմատով ակցիաներ կազմակերպի։ «Շատ դժվար է հեռախոսով, զանգով կամ կոչով կազմակերպել, և 5 հազար մարդ հավաքվի, այն էլ՝ մի շաբաթում։ Չկասկածեք, որ հաջորդ անգամ եթե կազմակերպեմ, ավելի շատ մարդ է հավաքվելու»։ Ասատրյանը նկատի ուներ օրերս Մայր Աթոռի դիմացի հրապարակում ի պաշտպանություն եկեղեցու  հրավիրված հանրահավաքը, որը, փաստորեն, կազմակերպվել էր «թիվ մեկ հայ խաչակրի» «զանգով»՝ խոսքի զորությամբ։

Ի դեպ, նույնիսկ Համլետ Ղուշչյանը  զարմացած հարց հղեց՝ ինչպե՞ս է կարողացել Ասատրյանը կես ժամ Նարեկացի կարդալ, իր «ինքնատիպ աղոթքը» հղել մարդկանց և «այդքան երկար ու առանց թղթի խոսել»։  Ուշադրության է արժանի հաղորդման ժամանակ Ասատրյանի ունեցած անկեղծության հետևյալ պոռթկումը. «Ռուս ազգը մեզ շատ սիրում է, գնահատում է, հայ ազգին թույլ է տալիս աշխատել, այսօր հայ ազգը իրենց ամենալավ բիզնեսմեններից մեկն է, որոնք այստեղ իրենց բիզնեսն են անում, գոյատևում են, իսկ այն թշնամիները, որոնք ուզում են սեպ խրել հայ և ռուս  ազգի հարաբերությունների մեջ, նրանք 3 միլիոն հայի գլխին մեծ քար են դրել և այստեղ-այնտեղ են տանում։ Դուք պատկերացրեք, Աստված չանի, մի օր ընկնեն Վրաստանի օրին, երբ որ Սաակաշվիլին արեց՝ մի գիշերվա մեջ ամբողջ վրացական բիզնեսը հեռացավ և գնաց Վրաստան, և ապրելու տեղ չունեին։ Երեք միլիոն հայ եթե վերադառնա Հայաստան, դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանի վիճակը։ Էսօր 100 հազար մարդու տեղ չունեն, եթե 3 միլիոն հայ վերադառնա Հայաստան, դա խաոս է (քաոս  նկատի ունի-խմբ.), դա վերջն է Հայաստանի։ Իսկ անգրագետները, որոնք չունեն գրագիտություն, առանց հասկանալու թելում են նրանց  թելը, ովքեր մեր թշնամիներն են։ Կոչ եմ անում՝ հայ ազգ, եղեք ավելի ողջամիտ, մի արեք այդպիսի քայլեր, ձեր հալալ 3 միլիոն ժողովուրդը ապրում և գոյատևում են իրենց երեխաների հետ ՌԴ-ում։ Մեզ այստեղ անչափ սիրում են, հարգում են, մենք էլ նրանց, և ձեռք ձեռքի տված ստեղծելու ենք… ամեն  տարի 3 միլիարդ գումար՝ ՌԴ-ում ապրող հայերի, օգնություն է գալիս դեպի Հայաստան»։ (2017-ին հանրությանը դեռևս անհայտ Դոն Պիպոն հարցազրույց էր տվել կայքերից մեկին և նշել, որ  իր հիմնական բիզնեսը կենտրոնացած է Ռուսաստանում և արտասահմանյան որոշ երկրներում,  զբաղվում է գրասենյակային շենքերի շինարարությամբ, որոնք հետագայում տրվում են վարձակալության, զբաղվում է նաև ոսկերչությամբ և ռեստորանային բիզնեսով):

Դե, ինչ ասենք, քանի որ  Արթուր Ասատրյանն իրեն  անգրագետ չի համարում, այսինքն՝ գրագիտություն ունի, այն աստիճան, որ կարող է առանց թղթի ժամերով խոսել, ուրեմն ճիշտ է, եթե կտրուկ դեմ է… Օյ, մենք էլ խճճվեցինք, քանի որ մեր գրագիտությունը չի հերիքում,  որ կարողանանք   ըմբռնել Արթուր Ասատրյանի պետական մտածելակերպը։  Նա, փաստորեն, դեմ է հայրենադարձությանը, կարծում է, որ  ներգաղթը Վրաստանի օրը կգցի մեր երկիրը։ Երևի  հենց նման տխուր հեռանկարը բացառելու համար է, որ որոշել է պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել՝ «Խաչակրաց շարժում» հիմնադրել և փրկել ռուսաստանաբնակներին Հայաստան վերադառնալուց։  Իսկ թե ինչու է որոշել իր պոստեռները փակցնել Լոռիում, կարելի է ենթադրել՝ երևի կարծում է, որ լոռեցիները միամիտ ժողովուրդ են, հենց իր դիմանկարը տեսնեն, աղոթքները լսեն, միանգամից կհավաքեն ճամպրուկներն ու… որպես ճշմարիտ խաչակիր՝ կարտագաղթեն ՌԴ, հայ ազգին շատ սիրող, հարգող ռուս ժողովրդի մոտ բիզնես անելու, գոյատևելու, հլա մի երկու կոպեկ էլ Հայաստան ուղարկելու համար…

Օրերս էլ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում  տեսաուղերձով դիմեց «աշխարհասփյուռ  ազգին» ու  «հայ   խաչակիրներին»՝ նշելով, թե «բազմաթիվ ֆիլմեր ենք անում, տարածեք»։ Ապա հավելեց. «Գիտեմ, որ շատ մարդիկ կան, որոնք խանգարում են, ուզում են կանգնեցնեն։ Կանգնեցնել հնարավոր չի, խաչը գալիս ա բոլորի հետևից, և խաչը փրկելու ա մեր երկիրը։ Մենք, ինչպես առաջին քրիստոնյա ընտրյալ ազգ, գալիս ենք խաչով, արդարությամբ։  Եվ հավատացեք՝ ազատագրելու ենք մեր երկիրը չարից, սատանայից և բոլորով իրար հետ ստեղծելու ենք մեր մեծ հայրենիքը գեղեցիկ՝ երջանկության և խաղաղության մեջ։ Լավ մնաք, կհանդիպենք մյուս անգամ»,- նշեց Ասատրյանը։

Ակամա հիշեցինք  ռուսական հայտնի ասացվածքը՝  «каждый по-своему с ума сходит».

Հ.Գ. Ի դեպ,  ինտելեկտուալ նման պոտենցիալ ունեցող Արթուր Ասատրյանը կարող է, այսպես ասած, դիվերսիֆիկացնել իր շարժումն ու միանալ ՌԴ-ում գտնվող մեկ այլ հայ բիզնեսմենի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատին»։ Դրան արդեն իսկ մեկ «խաչակիր»՝ «Հայ Ազգային ճակատ»-ի  Գևորգ Գևորգյանը միացել է։ Օրերս էլ «հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը սեղմեց Կարապետյանի ձեռքն ու, այսպես ասած, «փոխըմբռնման հուշագիր» ստորագրեց։
Հ.Գ.-2 Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը (https://civic.am/law/95783-qnnchakan-komitei-haghordagrutyuny.html)։ 2023-ին ՔԿ-ն հաղորդեց, որ նախաձեռնված քրեական վարույթից ևս երեք անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։  Արթուր Ասատրյանը սույն գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Ասատրյանի եղբայրը (https://civic.am/law/7375–.html) սպանվել է 2021-ին։