23/07/2024

ՌԴ խաղաղապահները դո՞ւրս են եկել Լեռնային Ղարաբաղից, այլևս առաջադրանք չե՞ն կատարում

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ 2023 թ. սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած բռնի տեղահանումից հետո այդտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ կոնտինգենտը, որի հրամանատարությունը, նկատենք, 3 տարվա մեջ 5 անգամ փոխվեց, շարունակում էր ամենօրյա ռեժիմով հրապարակել տեղեկագրեր՝ ներկայացնելով իրավիճակը։ Խաղաղապահները, ինչպես հայտնի է, ունեին նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված իրենց պատասխանատվության գոտին, որը, սակայն, անցած երեք տարիների ընթացքում ոչ միայն սաբոտաժի ենթարկվեց՝ տեղի ունեցան զինված միջադեպեր, սպանություններ, տարածքային ներխուժումներ, այլ նաև ռուս-ադրբեջանական համատեղ պայմանավորվածության արդյունքում գնալով կրճատվեց։

Մասնավորապես, Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից հետո դրա վերահսկողությունն այլևս հանձնված էր ադրբեջանական կողմին, ռուսները բուտաֆորիկ ներկայություն ունեին, այն աստիճան, որ նրանց քթի տակից առևանգվում էին Արցախի բնակիչները։ Օրինակ՝ բուժման նպատակով ՀՀ եկող Վագիֆ Խաչատրյանը, որին այսօր ադրբեջանական դատարանները դատում են 1991 թվականի ձմռանը Լեռնային Ղարաբաղի Մեշալի (Լեսնոյ) գյուղում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցության համար, մարզիկներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, որոնք ՀՀ էին գալիս ուսումը շարունակելու նպատակով։

Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ՌԴ ԶՈԻ ԳՇ պետ, ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը խրոխտ հայտարարեց, թե «ռուսական ռազմական կոնտինգենտը շարունակում է առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղում»։ Թե մասնավորապես ի՞նչ «առաջադրանքների» մասին է խոսքը, այն դեպքում, երբ գլխավոր առաջադրանքը՝ ԼՂ բնակչության անվտանգության ու բնականոն կյանքի երաշխավորումն ու ապահովումը, կատարելապես ձախողված էր, կարելի էր պատկերացնել ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում ամենօրյա ռեժիմով հրապարակվող տեղեկագրերից։

Հարկ է ընդգծել, որ դրանց վերնագրում այլևս նշվում էր ոչ թե «Լեռնային Ղարաբաղ», այլ «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան» կապակցությունը։ Թե ո՞ր փաստաթղթի հիման վրա էին ռուսները այլևս «տնտեսական շրջան» համարում Լեռնային Ղարաբաղը, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ էլ ամրագրված է հենց այդ ձևակերպումը՝ «Լեռնային Ղարաբաղ», ոչ մի կողմը չի չեղարկել, մնում է անհայտ։

Հարկ է նշել, որ ՌԴ ՊՆ կայքում վերջին տեղեկագիրը (բյուլետենը) զետեղվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ հունվարի 9-ին, որում հերթապահ ձևակերպումներ են առկա, որոնք նշվում էին նաև նախորդ տեղեկագրերում։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի 18 դիտակետերում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը»,-նշված է վերջին՝ հունվարի 9-ի տեղեկագրում, որից հետո այլևս ոչ մի տեղեկագիր չի հրապարակվել։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ խաղաղապահ զորակազմն այլևս որևէ ֆունկցիա, առավել ևս՝ առաջադրանք չի իրականացնում Լեռնային Ղարաբաղում և փաստացի այլևս դուրս է եկել իր պատասխանատվության գոտուց։

Այն, որ Ադրբեջանը այս օրերին մշակութային ցեղասպանության է ենթարկում ԼՂՀ-ն՝ քանդելով մասնավորապես նաև արցախահայության ներկայացուցչական մարմնի շենքը, որի գտնվելու վայրը, ի դեպ, «թղթով» խաղաղապահների պատասխանատվության զոնայում էր, վկայում է վերջիններիս անգործության և կամ բացակայության մասին։

Հարկ է նկատել, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5-ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է խաղաղապահների դուրսբերմամբ՝ ընդհուպ չի ստորագրել դրանց մանդատը։ ԼՂՀ ժողովրդի բռնի տեղահանումից հետո այլևս ժամանակավրեպ է դառնում խաղաղապահների ներկայությունը, որոնք, ի դեպ, կրճատել են իրենց դիտակետերն ու փաստացի այլևս անելիք չունեն։ Իրենց տներում ապրել շարունակող մոտ երեք տասնյակ հայերի անվտանգության հարցը միով բանիվ կարող են իրականացնել նաև Բաքվի պատկան մարմինները։ Հենց այդ փաստարկն օգտագործելով էլ, ըստ արդեն իսկ շրջանառվող տեղեկությունների, Ադրբեջանը դնելու է իր «տնտեսական շրջանից» օտար երկրի ռազմական ներկայության դուրսբերման հարցը։ Եվ արդեն հունիսից սկսած (6 ամիսը լրանում է այդ ժամանակ) հարցը կներկայացվի ռուսական կողմին։ Եթե իհարկե, ՌԴ-ն իր ռազմական ներկայությունը երկարաձգելու դիմաց ինչ-որ գործարք չառաջարկի Ալիևին։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով, ըստ տխրահռչակ հայտարարության, տեղակայվել էին խաղաղապահ զորակազմը՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: