Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է եկել Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ։ Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է․
«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միավորելով 18 ճյուղային հանրապետական արհմիություններ, որոնցում ընդգրկված են 587 արհեստակցական կազմակերպություններ մոտ 200 000 արհմիության անդամներով, իր մտահոգությունն է հայտնում Երևանի ավագանու կողմից Երևանում նախատեսվող հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի առնչությամբ, որն անշուշտ ծանր սոցիալական հետևանքներ կունենա մայրաքաղաքի բնակչության տարբեր խմբերի համար:
ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակչության 24.8 %-ն աղքատ է: Աղքատների շրջանում կան նաև աշխատող աղքատներ, ովքեր, անգամ աշխատելով չեն կարողանում ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամների նվազագույն կենսական պահանջմունքները:
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու աշխատողների զգալի մասի եկամուտների վրա, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը՝ «Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Չի կիրառվում նաև դեռևս 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը պետք է հիմք հանդիսանա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար:
ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 741 571 աշխատողներից 521 318-ը աշխատում են Երևանում, հետևաբար նրանց զգալի մասն օգտվում է հասարակական տրանսպորտից:
Ակնհայտ է, որ Երևանում հասարակական տրանսպորտի համակարգում կատարված փոփոխություններից հետո հասարակական տրանսպորտը դեռևս չի ապահովում քաղաքացիների համար սպասարկման նվազագույն բավարար որակ: Տրանսպորտի ուղեվարձի արժեքը պետք է սահմանված լինի այնպես, որ նպաստի անձնական տրանսպորտային միջոցներով երթևեկելուց հրաժարվելուն և քաղաքային տրանսպորտով երթևեկելուն, նկատի ունենալով, որ տրանսպորտային ցանցի բարեփոխումների նպատակներից է նաև մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափումը անձնական տրանսպորտային միջոցներից ։
Տրանսպորտային միջոցները և դրանց ցանցը պետք է լավարկվեն հարկատուների կողմից վճարված հարկերի հաշվին: Ազգաբնակչության ուսերին լրացուցիչ բեռ դնելը կհանգեցնի քաղաքացիների շրջանում լրացուցիչ սոցիալական լարվածության առաջացման, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Մինչև վերոնշված իրավական ակտերի կիրառումը և Երևանում հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու տրանսպորտային ցանցի բարելավումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անընդունելի ենք համարում:
Հաշվի առնելով վերոգրյալը` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում Երևանի ավագանուն զերծ մնալ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումից»:
Բաց մի թողեք
Կոմիտասի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենաներ․ հոսպիտալացվածներ կան. Լուսանկար
Ինձ մնում է միայն հիշեցնել. Սուրենյանը վարորդներին ուղղված գրառում է արել և լուսանկար հրապարակել
Հարյուր քաղաքացիներ փակել են Մխչյանի երկաթգիծը՝ բողոքի ցույց են անում․ Լուսանկար