«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, բացի լրատվամիջոց ղեկավարելուց, նաեւ ունի սեփական բիզնեսը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի կինն իր սեփական կազմակերպությունն է հիմնել, որը համագործակցում է հայկական էստրադայի տարբեր ներկայացուցիչների հետ ու համերգներ կազմակերպում: Կազմակերպությունը, որի իրական շահառուն հենց ԱԺ նախագահի կինն է, կոչվում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»: Այն հիմնադրվել է 2019թ.-ին, ՍՊԸ-ն գրանցված է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոց, 72 շենք, 21 բնակարան հասցեում:
Թեեւ Ալեն Սիմոնյանի կնոջ ՍՊԸ-ի գրանցման հասցեն նշված է Արամի փողոց, բայց, մեր տեղեկություններով, Մարիամ Մարգարյանն իր ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերության՝ Հերացի փողոցի վրա գտնվող գրասենյակին հարակից տարածքում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ի գործունեությունը ծավալում: Ինչպես կազմակերպության գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, այն տարբեր միջոցառումների, համերգային ծրագրերի կազմակերպմամբ է զբաղվում:
Մարիամ Մարգարյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք նաեւ, որ «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ում աշխատանքից նա մոտ 8 մլն դրամ շահույթ է ստանում տարեկան: Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք նաեւ Մարիամ Մարգարյանին. վերջինս ասաց. «Համատեղությամբ աշխատանք է, այո՛: «ԷՖԷՄԷՖ»-ը ակտիվ գործունեություն չի ծավալում, շատ ժամանակ չի խլում»:
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր նաեւ, որ ԱԺ նախագահի կնոջ տնօրինությամբ եւ քավոր Էդգար Ավագյանի ֆինանսավորմամբ գործող «Ֆրինյուզ»-ը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել էր 23,3 մլն ՀՀ դրամ, որը ավելի ուշ մարվեց՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումներից բարձրացած աղմուկի ֆոնին»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները