Հնդիկ երիտասարդ գրող, «Penguin Harper-Collins»-ի հեղինակ Արջուն Կրիշնա Լալն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանում է, արդեն որոշակիորեն խոսում է հայրեն ու ցանկանում է զբաղվել այստեղ գտնվող, հաճախ թրաֆիքինգի ենթարկվող հայրենակիցների խնդիրներով:
Արջունի կյանքը լի է արկածներով, հետաքրքիր հանդիպումներով ու բացահայտումներով: Արջունին այնքան են ոգևորել իր շուրջ կատարվող իրադարձությունները, որ այդ ամենի մասին խոսել է գրքով՝ այն անվանելով «Կյանք, սեր, գինի»:
Նա խոստովանում է՝ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը, քանի որ հայերը շատ հյուրասեր են և սրտաբաց, բացի այդ Արջունը հայերեն է սովորել և հաղորդակցման խնդիր չունի․ «Շատ եմ ճամփորդում. մոտ տասնհինգ երկրում եմ եղել և եկել եմ այն եզրակացության, որ, եթե ցանկանում ես մտերմանալ մարդկանց հետ, եթե ցանկանում ես ընկերներ ունենալ, պետք է տվյալ մարդու լեզուն սովորես: Տարիներ առաջ ռուսերեն եմ սովորել: Կարող էի Հայաստանում ռուսերեն կամ անգլերեն խոսել, բայց կարծեցի՝ այդպես կհեռանամ մարդկանցից»:
Արջունը գիրքը գրել է անգլերեն, այն հայերեն է թարգմանել Ռոզա Գրիգորյանը, գիրքը խմբագրել է հեղինակի հայերենի ուսուցիչը՝ Արմինե Պետրոսյանը․ «Երբ ծանոթացա Արջունի հետ, նա ապրում էր Հնդկաստանում: Նա այն հազվագյուտ ուսանողներից էր, որ իսկապես շահագրգռված էր հայերեն սովորելուն երկար ժամանակ տրամադրել: Շատ ընդունակ է և կարողացավ մի քանի ամսում տարրական գիտելիքներ ձեռք բերել: Արջունն ուներ այն հիմքը, որի շնորհիվ կարողացավ լուծել իր լեզվական առաջադրանքը»,-պատմում է Պետրոսյանն ու մեջբերում Արջունի խոսքերը, որոնք տեղ են գտել գրքում. «Հայերենը գողի պես սողոսկեց մտքերիս մեջ, ոչ անցանկալի գողի պես: Այս լեզուն ինձ առաջ է մղում օրվա ընթացքում և բալանսավորված է պահում իմ կյանքը և գիշերը հայտնվում է իմ երազներում»:
Մենք կարճ զրուցեցին գրքի թարգմանչուհի Ռոզա Գրիգորյանի հետ, ով պատմեց, որ Արջունի հետ հանդիպել են մեկուկես տարի առաջ, նախ՝ համացանցում, խնդրել է իր PR-ով զբաղվել, ցանկություն է ունեցeլ ներկայանալ այստեղ․ «Առաջարկեցի գրավոր պատմել Հայաստանում իր հանդիպումների, արկածների մասին։ Արդյունքում՝ ծնվեց գիրքը, որը կարճ պատմություններ են, այն ամենn ինչ շրջապատել է Արջունին Հայաստանում ու` ոչ միայն Երևանում։ Գեղեցիկ տեսարանններ, նաև այն մասին, թե ինչպես է հայրը առաջին անգամ Հայաստան եկել ու ձերբակալվել իր պատճառով։ Սկզբում այդ ամենը Ինստագրամում էինք հրապարակում, սակայն երբ ծավալը մեծացավ, ես վերանայեցի թարգմանությունները ու ամբողջացրեցինք գրքի տեսքով»,- մանրամասնեց Ռոզա Գրիգորյանը։ Ակնակրեցի, թե վերնագրով նման է․ «Կեր, աղոթիր սիրիր» բեսթսելերին կարծես․ «Ամեն ինչ կա, Ամանորի օրերի, որոշ չափով գուցե նման է, իր սիրահարության մասին է հայ աղջկա հետ, ողբերգական պատմություններ։ Մտածում ենք նաև անգլերենով գիրքը հրապարակել, ներկայացնել միջազգային փառատոններում»։
Տարիներ առաջ Արջուն Կրիշնա Լալը Հնդկաստանում իր բիզնեսն է սկսել: Հենց այդ ժամանակ էլ կորոնահամավարակն է տարածվել: Շուրջ կես տարի ստիպված է եղել փակվել տանը․ «Մի քիչ խենթանում էի այդ իրավիճակից և շատ էի ցանկանում բոլորովին նոր տեղում հայտնվել: Փոքր ժամանակ ԱՄՆ-ում եմ ապրել, հետո՝ տասը տարի Հնդկաստանում, ուստի ուզում էի բոլորովին անծանոթ երկիր մեկնել: Առցանց կարդում էի տարբեր քաղաքների մասին և հանդիպեցի Երևանին: Շատ գեղեցիկ լուսանկարներ էին. Արարատ լեռն էր… Որոշեցի հենց այստեղ գալ: Մարդիկ միշտ արժևորում են այն ամենն, ինչը չունեն: «Հայաստանում շատերը սիրում են տրոպիկական երկրներ գնալ: Խմբային տուրերով մեկնում են Շրի Լանկա և այլուր: Ձգտում են ծովափ գնալ, լողալ: Ես մի քիչ ձանձրանում եմ օվկիանոսից: Մեր տանից այն երևում էր: Այլ բան էի ուզում: Այստեղի ձյունը, ցուրտ եղանակն ինձ դուր է գալիս: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել եմ: Եղել եմ շատ գյուղերում, որտեղ ընկերներ ունեմ, նրանց հետ տնական օղի եմ փորձել: Հայաստանը միայն Երևանը չէ: Սիրում եմ տաքսիով կամ երթուղայինով տարբեր տեղեր մեկնել, մի քանի օր անցկացնել մարզերում ու բացահայտումներ անել»:
Նախատեսվում է գրքի շնորհանդեսներ կազմակերպել նաև Հայաստանի մարզերում։ Սեր, կորուստ, արկածախնդրություն, 5000 կիլոմետր հեռավորության վրա տան զգացողության հայտնաբերում… Օ՜, և շատ գինի: Այս գրքով ընթերցողը մուտք կգործի հնդիկ գործարար և գրող, բեսթսելերների հեղինակ Արջուն Կրիշնա Լալի իրական պատմություններ Հայաստանում անցած երկու տարիների մասին, որոնք ուղեկցվում են տասնյակ դյութիչ նկարազարդումներով:
Հնդիկ ժամանակակից գրողը, ով արդեն երկու տարուց ավելի Հայաստանում է, փաստում է՝ մեր երկրում իրեն տանն է զգում։ Այստեղ է ապրում, քանի որ շատ է սիրում հայերին։ Շեշտում է՝ պատճառն այն է, որ հայերը շատ հյուրասեր են և սրտաբաց: Եվ այստեղ զգում է իրեն ինչպես տանը։ Այս ամենը համադրելով որոշել է Հայաստանում իր արկածների մասին գիրք գրել։
«Այս գիրքը, ըստ էության, իմ կյանքի պատմությունն է այստեղ՝ Հայաստանում: Բայց առանց այդքան շատ մարդկանց օգնության, աջակցության և սիրո, այդ պատմությունները կմնային մտքերի և հիշողությունների պատառիկներ իմ սեփական գլխում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ գտնվող իմ բոլոր ընկերներին և ծանոթներին. մենք այս բոլոր հիշողությունները միասին ենք ստեղծել»,-գրքում նշում է Արջուն Կրիշնա Լալը։
Նա սիրում է Կասկադի ամենավերևի հատվածում երկար ժամանակ անցկացնել երեկոյան: Հենց այնտեղ է գրել գրքում ներառված պատմությունների մեծ մասը: Գրքի դիմերեսին պատկերված երիտասարդներն ինքն ու իր հայուհի սիրելին է, ով այս օրերին մի քիչ նեղացած է իրենից։ Արջունը վստահ է՝ իր երազանքներն իրականանում են: Իր ամենախենթ նպատակն է ՀՀ քաղաքացիություն ստանալ, հետագայում դառնալ Հայաստանի դեսպանը Հնդկաստանում:
Բաց մի թողեք
Մի անգամ դպրոցում 2․ Վերջին պահապանը ֆիլմի պրեմիերան էր, տպավորությոններ․ Լուսանկարներ, Տեսանյութ
Վրաց գրողները սատարում են Հայաստանի գրողների միության պայքարին
Գրավում էի դեղատան աշխատողների սրտերը, ովքեր էլ երբեմն անվճար տալիս էին մորս դեղերը. Տաթև Ասատրյանը համերգի ժամանակ պատմել է դրվագներ իր կյանքից