27/07/2024

Հայաստանը մերժել է ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակությունների առաջարկը

Հայկական կողմին առաջարկ է եղել միանալ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համատեղ հայտարարությանն ու դատապարտել Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը, սակայն Հայաստանը մերժել է առաջարկը։ ՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։

Այս մասին տեղեկացրեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։

«Հիմա տեղի է ունում գործընթաց, որի անունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծում, կամ վերականգնում այն, ինչ եղել է, իրավաբանական փաստաթղթավորմամբ ապացուցված է»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Խոսքը մի քարտեզի մասին է, որտեղ կա ստորագրություն Ադրբեջանի և Հայաստանի կողմից, այսինքն, երբ ասում եմ, որ մետր առ մետր գիտենք Վրաստանից մինչև Իրան ընկած սահմանը, խոսում եմ իրավաբանորեն լեգիտիմ հիմքեր ունեցող քարտեզի մասին: Մենք այդ պրոցեսը, բնական է, պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք, բայց այդ ելման կետը, որտեղից որ սահմանը պետք է ուրվագծվի, մեր կարծիքով, և ակնհայտ է, որ ճիշտ է Տավուշի մասով սկսել, որովհետև այնտեղ վիճելի մասերը քիչ թե շատ ավելի քիչ են, և ես կարծում եմ, որ այս պրոցեսի շնորհիվ կունենանք լրիվ սահմանի ուրվագիծ»:

Հարցին, եթե գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը սպառնում է պատերազմո՞վ, կարո՞ղ է հարձակվել, ԱԺ նախագահը արձագանքեց. «Ես չեմ բացառում, իսկ ինչո՞ւ չհարձակվեն, իրենք դա բաց հայտարարել են: Այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում, ինչպես մեր ընդդիմադիրներն են ասում՝ ամեն ինչ տալ, ո՛չ, եկեք ֆիքսենք՝ ՀՀ տարածքից որևիցե բան հանձնելու մասով մենք նույնիսկ սակարկման մեջ չենք մտնում, արդեն 2 տարի է՝ միջանցքի մասին էր խոսվում, բա ինչո՞ւ զիջման չգնացինք, որովհետև դա ակնհայտ մեր իրավասության գոտում է»:

Սիմոնյանի խոսքով՝ իշխանության ուզածն այս պահի դրությամբ սահմանը ստանալն է. «Եվ այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնականաբար, ադրբեջանական զորքերը պետք է հայելային հետ քաշվեն, որտեղ Հայաստանն է առաջ՝ ՀՀ-ն պետք է հետ քաշվի»:

Հարցին՝ մենք փոխադարձաբար 31 գյուղերը պահանջելո՞ւ ենք, ԱԺ խոսնակն արձագանքեց. «31 գյուղի մասին դուք գիտեք նրա համար, որովհետև ՀՀ իշխանությունը դրա մասին բարձրաձայնում է, պահանջ ներկայացնում: Ով ասեց, որ Հայաստանի տարածքից մի միլիմետր հող ենք տալիս, այդ մարդը սադրող է, հայտարարություն՝ ուղղված ներքին խժդժություն առաջացնելուն»: