27/07/2024

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

«Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր, նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն»,- շեշտեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նկատեց՝ սա հարց է, որը պետք է պատասխան ստանա. «Ես ուզում եմ հստակ հայտարարել՝ ՀՀ-ում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ՀՀ ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են: Սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»:

Վարչապետը նշեց, որ նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ. «Ասենք, ամեն մեկը գնա, մի բնակարան վարձի, ցուցանակը կպցնի, ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք: Պետության նկատմամբ նման գործողությունները չեն կարող անարձագանք մնալ»: