Ֆրանսիայի նախկին և ներկա նախագահների ու իշխանության այլ ներկայացուցիչների հետ ենթադրաբար սերտ հարաբերություններ ունեցող՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը «սուրճի ընդմիջում» ֆորմատում հարցազրույց է տվել «Հայելի» ակումբի Անժելա Թովմասյանին։
Թվում էր, թե Փափազյանի պես լուրջ ու ծանրակշիռ գործիչը պետք է բծախնդրություն ցուցաբերեր այն ԶԼՄ-ների հարցում, որոնց հետ պատրաստվում է քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների լուրջ ու ծանր թեման՝ նախապատվությունը տալով այնպիսի ԶԼՄ-ների, որոնք քաշային ավելի բարձր կատեգորիայում են, քան վերոհիշյալ կայքն է, նաև այնպիսի լրագրողների, որոնց պրոֆեսիոնալ լրջությունը կասկած չի հարուցում։
Հատկապես, որ ֆրանսիացի այս գործիչը հաղորդակցության ոլորտում երկարատև աշխատանքի փորձ ունի, ավելին՝ ECS-IEJ-ի (European Communication School – Institut Européen de Journalisme/ Հաղորդակցության եվրոպական դպրոց – Լրագրության եվրոպական ինստիտուտ) երկարամյա ղեկավարն է և, հարկավ, զանազանում է լավ ժուռնալիստիկան անտիժուռնալիստիկայից։
Ինչևէ։ Երբ ծանոթացանք Փափազյան-Թովմասյան հարցուպատասխանին, մասնավորապես Ֆրանսիա «ծնած-մեծցած-կարիերա ըրած» գործչի տված պատասխաններին (հարցերի ձևակերպումների մասին գերադասում ենք ոչինչ չգրել), հասկացանք, որ գուցե գերագնահատել ենք պարոն Փափազյանի կարողությունները՝ լուրջ, ծանրակշիռ, ադեկվատ, անաչառ լինելու տեսանկյունից։ Տպավորություն ստացանք, որ նա, թող ներվի ասել, շարքային տաքգլուխ երիտդաշնակցականներից ոչնչով չի տարբերվում, երբ խոսք է գնում ժողովրդին ուղղված ռազմահայրենասիրական կոչերին, նրանց «ապստամբելու, դիմադրելու» մղելուն։
Թեև հընթացս նա անկեղծորեն ասում է, որ Ֆրանսիայում է ապրում ու չի ուզում հայ ժողովրդին «դաս տալ», իր միսիան հայ ժողովրդին սիրելն ու ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք եռամիասնությանը սատարելը։ Բայցևայնպես հետաքրքիր է ճշտել՝ արդյոք պարոն Փափազյանը պատրաստվում է միանալ իր իսկ կոչին ու ապստամբել և, այսպես ասած, քաշե՞լ ապստամբելու անխուսափելի հետևանքները, որոնք կարող են ընդհուպ ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի վերածվել, թե՞, ինչպես հայրենիքը հեռուներեն սիրող ավանտյուրիստ, ապստամբությանը հետևելու է համացանցով՝ Փարիզի իր հարմարավետ կաբինետում նստած, զովացուցիչ ըմպելիք վայելելով։ Ի դեպ, նրա՝ ՀՀ մուտքի արգելքը դատարանի որոշմամբ հանվել է, նա այլևս ցանկալի անձ է ՀՀ-ում։
Հարկ է նկատել, որ «ապստամբել» ասելով ֆրանսահայ գործիչը չի հստակեցնում, թե ո՞ւմ դեմ պետք է այն ծավալվի, բայց նրա խոսքից հասկացվում է, որ իր ասած ապստամբությունն ու դիմադրությունը պետք է ուղղվեն ընդդեմ ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված իշխանության։ Պատահական չէ, որ Փափազյանի հայաստանյան գործընկերները՝ ի մասնավորի Իշխան Սաղաթելյանը, ժամանակ առ ժամանակ շրջանառում են իրենց ֆրանսիացի գործընկերոջ թեզերն ու ժողովուրդների ապստամբության «բնական, անօտարելի» իրավունքի մասին հոխորտում՝ ակամա ռոմանտիզացնելով դրա բոլոր դրսևորումները։ Ի դեպ, մամուլը գրում է, որ ընդդիմությունը մոտ ժամանակներս պատրաստվում է անցնել փողոցային պայքարի։ Օրերս էլ Իշխան Սաղաթելյանը Հրազդանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել է ստեղծված իրավիճակի հետ չհաշտվելու, «դիմադրելու» մասին՝ հող նախապատրաստելով «չորս գյուղերի» հանձնումը թույլ չտալու պատրվակով միտինգները վերսկսելու համար։ Դրանք, բնականաբար, «ՀՀ-ին պատուհասած բոլոր աղտեղությունների թիվ մեկ մեղավոր ու թուրքի դրածո» Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով են լինելու։ Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները մոտ ժամանակներս կրկին «միտինգային դեժավյու» են ապրելու՝ տեսնելով արդեն ծանոթ դեմքերն ու լսելով քանիցս լսված լոզունգները։ Ասել է թե՝ դիմադրության հրովարտակը տեղի «հայդուկներին» ՀՅԴ-ի արտերկրի մարմիններն են իջեցրել։
Վերադառնալով Փափազյանի հարցազրույցին՝ նշենք նրա մեկ այլ ցնցող դիտարկում, որը, անկեղծ ասած, չէինք սպասում լսել Ֆրանսիայի իշխանական էլիտայի հետ նստող-վեր կացող, նրանց հետ ընդհուպ «դու»-ով խոսող գործչից։ Նա մասնավորապես նշել է. «Աշխարհաքաղաքականությունը շատ կարևոր է, երբ քաղաքական որոշումներ են կայացվում։ Եվ փաստագրվեց 100 տարի առաջ, որ Ռուսաստանը պաշտպանեց Հայաստանին Թուրքիո դեմ։ 100 տարի առաջ հայ ժողովուրդը պիտի ընտրեր՝ կամ Թուրքիա, կամ ՌԴ, և ընտրեց ՌԴ-ն։ Բնականաբար, չէր կարող ընտրել Թուրքիան։ Այսօր 100 տարի հետո գրեթե նույն վիճակում ենք, այսինքն՝ կա հնարավորություն Թուրքիայի համար կամ պանթուրքական ուժերի համար՝ Թուրքիա և Ադրբեջան, որ ձեռքը դնեն Հայաստանի վրա։ Եվ ես վստահ եմ, որ եթե այդ խայտառակ պայմանագիրը (խաղաղության-խմբ.) ստորագրվի Ադրբեջանի հետ, միևնույն ժամանակ բացվեն սահմանները Թուրքիայի հետ, 3, 4, 5 տարի հետո Հայաստանի կեսը՝ տնտեսության կեսը, իրենց ձեռքը կլինի։ Հիմա Ալիևն ու Փաշինյանը համաձայնել են, որ պիտի վախեցնեն Հայաստանի ժողովրդին…»։
Համոզված ենք, որ նույն ոճով ու շեշտադրումներով դիտարկումներ ընթերցողը օրը 24 ժամ պարբերականությամբ լսում է նաև տեղի քաղգործիչներից՝ հատկապես Ալիևի հետ Փաշինյանի պայմանավորված լինելու, պատերազմով հայ ժողովրդին վախեցնելու մասին, սահմանները բացվելու դեպքում Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսապես կլանվելու մասին։ Փափազյանի ասածի միակ տարբերությունն այն է, որ նա այսքանն ասում է արևմտահայերեն՝ ֆրանսերենի ակցենտով։ Նրան ու նրա պես մտածողներին, փաստորեն, ձեռնտու է, որ ՀՀ-ն չկարգավորի իր հարաբերությունները հարևանների հետ, հայ ժողովուրդն ապրի պատերազմի մշտական սպառնալիքի տակ, փակ սահմանների ու երթուղիների պայմաններում, շրջափակված, ինչպես մինչև այժմ, զրկված լինելով տարածաշրջանային համագործակցությունից ու նախագծերից… և քանի դեռ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, Թուրքիան էլ սահմանը փակ է պահում, ՀՀ-ն ապահովագրված է այդ երկու համատեղ «թաթերի» տակ հայտնվելուց։ Արդ, սա ի՞նչ է, եթե ոչ հայ ժողովրդին վախեցնելու անպատկառ փորձ, հոգեբանական դիվերսիա, որի հեղինակ փափազյաններն ու հայդատական մոլեռանդությամբ վառվող նրա մյուս կոլեգաները կիրառում են հայ ժողովրդի նկատմամբ՝ սեփական կլանային և ոչ՝ հայ ժողովրդի շահերից ելնելով։ Նրանք, այո, վախեցնելով՝ այլոց սեփական վախերն են փորձում քողարկել, քանի որ ՀՀ-ի՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման պարագայում հայդատականությունը, ինչպես որոշ փորձագետներ են բնորոշում՝ որպես «քաղաքական բիզնես», այլևս կդադարի գոյություն ունենալ, և այն ահռելի ֆինանսական հոսքերը, որոնք ուղղվում են լոբբիստական տարատեսակ ծառայություններին, այլևս կդադարեն հոսել՝ եկամտի կայուն աղբյուրից զրկելով նաև պսևդոհայրենասերներին։
Ինչ վերաբերում է «Ռուսաստանը մեզ 100 տարի առաջ փրկեց, հիմա էլ կփրկի» զառանցանքին. 100 տարի առաջվա իրադարձությունների պրիզմայով ներկայիս գործընթացները դիտարկելն ու Հայաստանին նորից «Իվանի պոչից բռնելուն» հակելը, դա որպես անխուսափելի, անայլընտրանք ընտրություն մատուցելը, մեղմ ասած, վկայում է զառանցանքի հեղինակի անադեկվատության, աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունները նենգաբար չտեսնելու տալու մասին։ Խոսքն այն՝ մոտ երեքուկես տարի առաջվա անցյալի մասին է, երբ ՌԴ-ն չփրկեց Լեռնային Ղարաբաղը վերահաս պատերազմից, երբ կարող էր որպես դաշնակից երկիր ու Մինսկի խմբի համանախագահող երկիր կանխարգելել այն։ Եվ ոչ էլ պատերազմից հետո կարողացավ փրկել՝ իր թաթը դնելով ԼՂ-ի վրա ու ներխուժելով այնտեղ իր խաղաղապահ առաքելությամբ։ Ավելին, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր փրկչա-խաղաղապահական պարտականություններին, մասնակից դարձավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բլոկադայի ենթարկելուն, ապաև՝ բռնի տեղահանությանը։ ՌԴ-ն չփրկեց նաև Հայաստանը 2021 թականի մայիսին տեղի ունեցած ադրբեջանական ներխուժումից, ոչ էլ 2021-ի նոյեմբերին տեղի ունեցած ռազմական սադրանքից, 2022-ի սեպտեմբերին՝ առավել ևս… ՀԱՊԿ-ի «նավերը», բացի դրանից, ի գիտություն Փափազյանի, չցանկացան բարձրանալ «Հայաստանի լեռներն» ի վեր՝ կասկած հայտնելով դրանց պատկանելության մասով։ Այսքանից հետո, փաստորեն, Փափազյանին թվում է, թե ՌԴ-ն գործելու է 100 տարի առաջվա տրամաբանությամբ ու փրկելո՞ւ է որևէ մեկին։ Եթե այդպես է թվում, ուրեմն կամ նա տառապում է մառազմով, կամ էլ անհուսալի ռոմանտիկ է։ Բայց ամենակարևորը՝ ուզում ենք Փափազյանը ներկայացնի այն «ճանապարհային քարտեզը», որով ՌԴ-ն պատրաստվում է փրկել Հայաստանը թուրք-ադրբեջանական զավթումից։
Մի կարևոր հիշեցում անենք հատուկ միսյե Մուրադի համար, որը Մակրոնի կաբինետի դռան տեղը լավ գիտի, բայց այդտեղից հեռանալիս ցուցաբերում է վերջին կլասի ռուսաֆիլի վարքագիծ ու հայ ժողովրդին առաջարկում բռնել, բաց չթողնել Պուտինի «փեշը»։
2022-ին Ֆրանսիայի նախագահը «France 2» հեռուստաալիքի «l’ Événement» հաղորդման ժամանակ հայտարարել էր. «Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք առանձնահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է տարածաշրջանում հանդուրժողականության և խաղաղության համար»։ Ֆրանսիայի նախագահը քննադատության սլաքն ուղղել էր նաև ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի կողմը և ցնցող հայտարարություն արել՝ «Ռուսաստանն օգտվեց հակամարտությունից (44-օրյա պատերազմը նկատի ունի-խմբ.), միջամտեց և ակնհայտորեն Ադրբեջանի խաղը խաղաց Թուրքիայի մասնակցությամբ։ Նա վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը։ Եվ այն, ինչ տեղի է ունենում այստեղ, ՌԴ-ի ապակայունացնող մանևրն է, որը փորձում է Կովկասում անկարգություններ ստեղծել մեզ բոլորիս թուլացնելու և բաժանելու համար»։
Պարոն Մակրոնը, թերևս, պետք է աչալրջություն ցուցաբերի իր հետ նստող-վեր կացողների հանդեպ։ Կարող է պարզվել, որ նրանց մեջ կան այլ երկրի համար աշխատող գործակալներ։
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»