27/07/2024

Հաշտվելու նպատակով վերադարձած 25-ամյա կինը առևանգել է նախկին ամուսնու «BMW»-ն

Մարտի 23-ին՝ ժամը 08։55-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Ա․-ն և հայտնել, որ իր նախկին կինը՝ Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Գայանե Պ․-ն, Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասից գողացել է իր «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Ռազմիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ իր նախկին կինը հաշտության նպատակով այցելել է Էջմիածին քաղաքի տներից մեկը, սակայն հաշտության չգալով՝ դուրս է եկել տնից և օգտվելով նշված տան դիմաց կայանված՝ իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու և բանալին վրան լինելու հանգամանքից՝ առևանգել է այն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, ինչի արդյունքում նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, Գայանե Պ․-ն նշված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։