28/12/2024

Արշակ Կարապետյանը «հեռու-մոտիկ ընկերներին, արևներին, հրանման հոգիներին»… հրավիրում է մասնակցել իր բռնած «սուրբ գործին»

Երեկ՝ Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, թողարկվել է ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանի ուղերձը։

Վերջինս, սակայն, որը 2016 թ. քառօրյայի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր և պաշտոնանկ արվեց նույն թվականի ապրիլի 26-ին, իր ուղերձում ոչ թե ոգեկոչել է հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը, այլ հրավեր է ուղարկել հանրությանը՝ բժիշկներից մինչև արվեստի գործիչներ, «ամբողջ կրթական համագարգից» մինչև պահեստազորի սպաներ և «հարգարժան գյուղացիներ»… մասնակցելու «Համահայկական ճակատ» կուսակցության՝ ապրիլի 5-ին տեղի ունենալիք հիմնադիր համագումարին։ (Կուսակցության յութուբյան ալիքում ուղերձը թողարկվել է ապրիլի 1-ին)։

«Ես դիմում եմ բոլորին, ով որ սիրում է իր հայրենիքը, ով որ պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը, որոնք պատրաստ են զարգացնել իրենց հայրենիքը, գալ և մասնակցել այդ սուրբ գործին»,- հայտարարել է Կարապետյանը։ Մեզ մի պահ թվաց, թե թվարկումների այս շարքից հետո պարոն Կարապետյանը, տուրք տալով հայրենասիրական քնարին, ուր որ է կարտասանի դասականի՝ Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված»-ը, մասնավորապես՝ ողջույնների պահը։ Բայց… ոչ։ Նրա «մուտքի խոսքից», ահա, հետևում է, որ ՀՀ-ում ստեղծվող հերթական՝ հարյուրքանիերորդ կուսակցության համագումարին մասնակցելը, փաստորեն, «սուրբ գործ» է։

«Մենք կքննարկենք, թե ինչպես ենք տեսնում Հայաստանի ապագան, մենք պատրաստ ենք լսել յուրաքանչյուրին, ով կունենա մտքեր Հայաստանի անվտանգությանը և ապագային վերաբերող մասով»,- ազդարարել է Հայաստանի նորահայտ փրկիչը։ Կարապետյանն ասել է նաև, թե «սիրելի ժողովուրդս» քանիցս է ոչնչացման եզրին եղել, պարտվել մարտի դաշտում, սակայն որոշ ժամանակ անց հաղթել նույն այդ մարտի դաշտում։ «Մենք պետք է հասկանանք, թե ովքեր են մեր ընկերները և ովքեր են մեր՝ ոչ այնքան լավը ցանկացողները»,- հավելել է գեներալը։

Համագումարից առաջ ընկնելով՝ կարող ենք ենթադրել, որ «մեր ընկերներ» ասելով պարոն Կարապետյանը նկատի ունի այն երկրին, որտեղ ինքը տևական ժամանակ է՝ ապաստանել է։ Ճի՛շտ եք, ՌԴ-ին, և իզուր չէ, որ «մեր ընկերների» մասին նախկին բարձրաստիճան պաշտոնյան խոսում է հայ ժողովրդի պարտությունների և հաղթանակների համատեքստում։ Դե իսկ «մեր՝ ոչ այդքան լավը ցանկացողներն» էլ կարելի է գլխի ընկնել, թե ովքեր են։ Իհարկե ՌԴ-ի արտաքին թշնամիները՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և մյուս «սորոսական» կառույց-կազմակերպությունները։ Դրանք, ինչպես իր նախորդ հարցազրույցներում ասել է Կարապետյանը, մեզ՝ «անդունդի եզրին» գտնվող երկրիս, փրկողը չեն։ Եվ ուրեմն, փրկությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ գալու է ՌԴ-ից։ Այնպես որ, «Да здравствует Россия-щедрая душа!»։

Ի դեպ, շաբաթներ առաջ կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, նախկին ՀՀԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե համագումարի օրը բացահայտելու են իշխանափոխության պլանը։ Կարապետյանն էլ, մեր տպավորությամբ, արդեն իրագործված համարելով իշխանափոխությունը, երեկվա իր ուղերձում արդեն խոսում էր ապագայի պլաններից՝ պատրաստակամություն հայտնելով լսել ՀՀ անվտանգային ապագային վերաբերող առաջարկներ։

Ի դեպ, համագումարը նախատեսված է ժամը 18-ին, իսկ այդ ժամին պետական հիմնարկների գերակշիռ մասում ավարտվում է աշխատանքային օրը։ Այնպես որ, համագումարին մասնակցել ցանկացողները պետք է առնվազն կես ժամ շուտ թողնեն իրենց աշխատանքի վայրը, որպեսզի շտապեն ՀՃԿ-ի միջոցառմանը, հայրենյաց փրկության «սուրբ գործին», որին Կարապետյանը, ըստ նախնական տեղեկությունների, չի մասնակցելու ֆիզիկապես, կմիանա տեսակապով։

Օրերս մամուլը գրեց, որ փրկչական նոր այս պրոյեկտը, որին միացել է նաև «Հայոց Արծիվներ»-ի ղեկավար Խաչիկ Ասրյանը, իր ծրագրի մի շարք հիմնադրույթներ արտագրել է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ից՝ փաստորեն դիմելով գրագողության։

Ստացվում է, որ Հայաստանի նորահայտ փրկիչները երկիրը փրկելու են մի ծրագրով, որի կրողներին ու իրագործողներին հայ ժողովուրդը զանգվածաբար մերժել է 2018-ին։ Ի դեպ, այդ մերժումից հետո է, որ Արշակ Կարապետյանը Մոսկվայից վերադարձավ Հայաստան և նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։