Երեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Morioxkids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբն արդեն մի քանի շաբաթ է՝ գրավել է տարբեր սոցցանցերի հայկական տիրույթը:
Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երբեմն անգամ ձայնակցում կրկներգերը:
Տեսանյութերը վիրուսային տարածում են ստանում և «գերված սրտերի» մասին հազարավոր մեկնաբանություններ հեղեղում համացանցը:
«Առայժմ մենք պարում և երգում ենք որպես մեր հիմնական գործունեություն: Մեր առաքելությունն է օգնել չքավոր ընտանիքների երեխաներին իրենց տաղանդի միջոցով հասնելու ավելի լավ կյանքի»,- «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում պատմել են խմբի հիմնադիրներ Կայիտարե Ստեվենը և Շեմա Բլեյզը:
Նրանք նշել են, որ տարբեր երկրներից օրեցօր ավելացող հետևորդների թիվը նրանց ոգեշնչում է՝ ձգտել ավելիին, ամեն օր սեր ու ուրախություն պարգևել ավելի շատ մարդկանց: Նրանք երջանկանում են՝ հետադարձ նամակներ, գովեստի խոսքեր ստանալով՝ ձգտելով իրենց հոբբին վերածել մասնագիտության՝ երաժշտության, դերասանության և սպորտի միջոցով հանգանակություններ ներգրավել՝ առաջնային կարիքների համար:
Կայիտարե Ստեվենը և Շեմա Բլեյզը պարզաբանել են՝ հիմնադրամի նպատակներն են օգնել աղքատ ընտանիքների երեխաներին կապ հաստատել աշխարհի հետ:
«Մեր հիմնական նշանակետը կրթությունն է. մենք ցանկանում ենք տեսնել այս երեխաներին լավ դպրոցներում, ունենալով հովանավորներ, ովքեր հոգ են տանում նրանց մասին, որպեսզի պարը, երգը և այլ զբաղմունքները ոչ միայն հաճույք պատճառեն, այլ նաև դարձնեն նրանց կյանքը ավելի լավը: Ցանկանում ենք, որ մի օր մենք ունենանք մեր դպրոցը (Moriox դպրոց), որը օգնի ավելի շատ տաղանդավոր երեխաների»,-ընդգծել են նրանք:
Հիմնադրամի անվանումը ևս նրանց համար խորհուրդ ունի: Հիմնադիրները հայ հետևորդների համար ներկայացրել են, թե ինչ է այն նշանակում.
M-ը (mighty)` հզոր, ձեր ներքին ուժն է,
O-ն (objective)` օբյեկտիվ, միշտ անաչառ,
R-ն (rich)` հարստություն, այլոց սիրո մեջ,
I-ը (intellect)` ինտելեկտ, գիտելիքի նկատմամբ ձգտումը,
O-ն (openness)՝ անկեղծություն, այն թարմացնող է,
X-ը՝ մարդու առեղծվածային կողմը:
«Հայերեն երգերը հաճելի են, շատ ռիթմիկ, որը մղում է ավելի ու ավելի սիրել դրանք: Իսկ հայերի կողմից մեր նկատմամբ ջերմությունն ու սերը ստիպեցին զգալ, որ Հայաստանը մեր տունն է: Հայ արտիստները միշտ ոգևորվում են՝ տեսնելով մեր պարերը իրենց երգերի ներքո։ Մենք չենք կարող համապատասխան խոսքերով բնորոշել այն սերը, որ ունենք հայկական երաժշտության հանդեպ: Մենք շնորհակալ ենք, որ այսքան սեր ստացանք Հայաստանից, որը մեզ թևեր է տալիս, մղում շարունակելու լինել ավելի լավը: Մենք սիրում ենք Հայաստանը, հուսով ենք, որ մի օր հնարավորություն կունենանք այցելելու երկիր և հանդիպելու հայ ժողովրդին»,-խմբի երեխաների ցանկությունն են փոխանցել հիմնադիրները:
Բաց մի թողեք
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Շնորհավոր քո նոր տարին. Այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը. Լուսանկարներ
Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին. Լուսանկար