23/03/2025

Քոչարյանը «Ազգային ռազմավարության» մեջ արձանագրում էր ԼՂՀ «հռչակման անխոցելիության» մասին, բայց «Մադրիդյան սկզբունքներով» առ ոչինչ համարում. Օսկանյանի «ցուցմունքը»

Հայրենի ընդդիմությունը, ինչպես համոզվել ենք քանիցս, շատ ուշադիր է ընթերցել ՀՀ գործող կառավարության ծրագիրն ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթները և հաճախ հղում անելով այդ ծրագրին՝ աղաղակում է՝ գրել եք սա, անում եք հակառակը, և ուրեմն, հրաժարական տվեք, թողեք, գնացեք, քանի որ շեղվել եք, սայթաքել եք, խաբել եք, և այսպես շարունակ…

Մասնավորապես ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանն են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի վերոնշյալ դրույթների մոլեռանդ մեջբերողները, ու այսօր էլ պատեհ առիթն օգտագործվեց ԱԺ եկած Նիկոլ Փաշինյանին իր իսկ «գրած» ծրագրի չիրականացած կետերը վկայակոչելով նեղը գցելու, «պատին դեմ» տալու համար։ Բայց միայն կառավարության ծրագիրը չէ, որ խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ սիրում են ջերմեռանդորեն ցիտել, այլ, ինչպես այսօր պարզվեց, մեկ այլ՝ շատ ավելի վաղ գրված փաստաթուղթ՝ ՀՀ ազգային ռազմավարության ծրագիրը։ Այն, նշենք, մշակվել է նախքան 44-օրյա պատերազմը և հաստատվել է ՀՀ անվտանգության խորհրդի 2020 թ. հուլիսի 10-ի որոշմամբ։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, օրինակ, հակադարձելով Նիկոլ Փաշինյանի ելույթի այն դրվագներին, որտեղ վերջինս խոսում է իրական հայրենիքի և պատմական հայրենիքի մասին, որոշեց հղում կատարել հենց այդ փաստաթղթին՝ Ազգային անվտանգության ռազմավարության ուղերձի մասնավորապես 6-րդ կետին՝ մեջբերելով. «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»: Փաշինյանն իր հերթին նշեց, որ այդ փաստաթուղթը ընդունվել է 2020 թվականին, այդ ընթացքում իրենք հետևողականորեն աշխատել են ԼՂ խնդիրը լուծելու ուղղությամբ, և «այդ աշխատանքի արդյունքում է, որ բացել ենք ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը, մութ և հեռու անկյուններում թաքցված են եղել, և եթե թաքցված էլ չեն եղել, հասանելի չեն եղել»։ Վարչապետն այնուհետ վկայաբերեց բանակցային գործընթացի խրոնոլոգիան և դրանց արդյունքում ձևավորված փաստաթղթերն ու ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային դիրքորոշման, այսպես ասած, «ստատուս քվոն»։

Քանի որ, ինչպես ասացինք, ընդդիմադիրները փաստաթղթեր շատ են սիրում կարդալ, մեկումեջ էլ՝ թափահարել կամ ԱԺ ամբիոնից պատռել (ականջդ կանչի, Գեղամ Մանուկյան), մենք էլ որոշեցինք աչքի անցկացնել նախկին իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք (2007-ի փետրվարին, ՀՀ նախագահի հրամանագրով) ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն ու տեսնել՝ ի՞նչ կա-չկա այդ փաստաթղթում հենց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ։ Եվ ուրեմն, այդ փաստաթղթի 3-րդ գլխում մասնավորապես գրված է. «Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) բնակչության անվտանգության երաշխավորի՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման խնդիրն ունի առանցքային նշանակություն: …Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ և փոխզիջումային ճանապարհով (թե ինչ է ենթադրում փոխզիջումը՝ ռազմավարության հեղինակները չեն պարզաբանել, թողել են, որ մութ մնա ազգի համար-խմբ.): Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը, Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ:

Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»: Ուշագրավ է, որ նման ձևակերպումներով ռազմավարության ընդունումից առնվազն մեկ տարի առաջ՝ դեռևս 2006-ին, նույն Քոչարյանի իշխանությունը արդեն իսկ հավանության էր արժանացրել բանակցային կարգավորման «Մադրիդյան սկզբունքներ»-ը։ (Խնդրո առարկա սկզբունքները հրապարակվել են 2006 թ. հունիսի 22-ին, իսկ 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին պաշտոնապես հանձնվեց կարգավորման հիմնարար սկզբունքների տեքստը): Այս սկզբունքների համալիրը մասնավորապես նախատեսում էր նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին և ամենակարևոր, խնդրահարույց, ինտրիգային դրույթը՝ «Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով»։

Արդ, ինչ է ստացվում. ազգային ռազմավարության տեքստում մեր պետության «մտածող գլուխները» արձանագրում են, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են» (ենթադրաբար նկատի է առնվում 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին փաստաթուղթը), իսկ նախքան այդ և գուցե ռազմավարության մշակմանը համընթաց քննարկում և հավանության են արժանացնում կարգավորման այնպիսի սկզբունքներ, որոնցից մեկով կասկածի տակ է դրվում ԼՂՀ հռչակման իրավական հիմքերի անխոցելիությունը։ Փաստորեն, արդեն իսկ ինքնորոշված՝ անկախացած և իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ն պետք է «սատրյոմ, սնովը նաչնյոմ» սկզբունքով ևս մեկ անգամ ինքնորոշվեր, ավելի ճիշտ՝ վերաինքնորոշվեր և հստակեցներ իր վերջնական իրավական կարգավիճակը։ Ի՞նչ է սա, եթե ոչ խաբեություն, ազգային ռազմավարության մեջ մի բան գրելու, բայց կուլիսներում այդ ռազմավարությանը հակասող բովանդակության, ձևակերպումներին համաձայնություն տալու ցցուն վկայություն, որը արժանի է կոչվելու ընդդիմության սիրելի տերմինով՝ դավադրություն։

Մեկ այլ ձևակերպման էլ անդրադառնանք. «Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի (ով է «ղարաբաղյան կողմը»՝ ևս հստակեցված չէ) հավանությունը, Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»: Ինչ է սա նշանակում՝ ռազմավարությունը գրողներն ու հաստատողները՝ ի դեմս Քոչարյանի, փաստորեն ասում են, որ Հայաստանի համար ընդունելի է ԼՂ ցանկացած կարգավիճակ (այդ թվում և՝ դե յուրե Ադրեջանի կազմում), միայն թե ԼՂՀ փաստացի (դե ֆակտո) գոյությունը, որը «անշրջելի իրողություն» է, ամրագրվի։ (Նկատենք, որ այսօր էլ՝ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը «ամրագրված» է, միայն թե՝ որպես «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»: Այսպիսի կարգավիճակ Ադրբեջանից բացի «ամրագրել» է նաև ԼՂՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ-ն։ Տե՛ս ՌԴ ՊՆ կայքում հրապարակված տեղեկագրերը)։ Ուշադրություն դարձրեք, որ այստեղ չի կոնկրետացվում, թե ինչ ամրագրման մասին է խոսքը՝ այսպիսով առկախելով պարտադիր կերպով իրավական ամրագրման անհրաժեշտությունը։ Ասել է թե՝ ՀՀ-ի համար կարևոր է, որ ԼՂՀ անունով աշխարհագրական տեղանուն լինի՝ թեկուզ՝ Ադրբեջանի կազմում, «ջհանդամ», որ այն կարող է և չունենալ իրավական ամրագրում։ Եվ այս ամենը ԱԳ նախարար աշխատող Վարդան Օսկանյանի այն հայտարարությունների ֆոնին, թե «ԼՂՀ-ն դե ֆակտո արդեն անկախ է, մնում է դա ամրագրել դե յուրե՝ բանակցությունների օգնությամբ»։

Վարդան Օսկանյանի «ցուցմունքը»

Ի դեպ, 2007-ի նոյեմբերի 20-ին «Հայլուր»-ի հետ հարցազրույցում Օսկանյանը խոսում էր ԼՂ խնդրի կարգավորման մեր «կարմիր գծերի» մասին։ Ի՞նչ ասել է կարմիր գիծ, զիջումների սահմանը, կարմիր գիծը բանակցային վերջին տարում ի՞նչ փոփոխություններ է կրել՝ հարցին նախկին նախարարը մի ընդարձակ պատասխան էր տվել՝ մասնավորապես նշելով. «ԼՂ հարցի կարգավորման համար կան տարբեր ճանապարհներ: Խնդիրը այն է, թե ո՞րն է իրականանալի, ո՞րն է ռեալ՝ հաշվի առնելով այդ օրվա միջազգային պահանջները, միջազգային իրադարձությունները, այդ օրվա երկրի վիճակը, Հայաստանի ուժգնությունը, տնտեսական վիճակը, կարողունակությունը, այդ օրվա մեր ժողովրդի տրամադրությունը այդ հարցի նկատմամբ, և վերջապես՝ թե այդ ճանապարհներից որն է ընդունելի մեր ժողովրդի համար. ճանապարհի մեջ են եղել տարակարծությունները: Արտաքուստ թվում է՝ երբ տարակարծությունը ծագեց իշխանության մեջ 1997թ. վերջերին և 1998թ. սկզբներին, որ բերեց առաջին նախագահի հրաժարականին, փուլայինի և փաթեթայինի մեջ էր: Իհարկե, այդ հարցը կար, բայց խնդիրը շատ ավելի խորքային էր, վերաբերում էր ԼՂ հետագա քաղաքական կարգավիճակին: Երբ Քոչարյանն ընտրվեց նախագահ, ես նշանակվեցի արտաքին գործերի նախարար, մեր առջև մի քանի մարտահրավերներ կային. դրանցից մեկը՝ դիմագրավել և փոխել միջազգային հանրության ճնշումը և կարծիքը հարցը այնպայմանորեն փուլային տարբերակով լուծելու կամ եթե ոչ, ուզում են փաթեթային լուծվի, անպայման Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա ամրագրված տեսակետ էր, որովհետև դրան նախորդած տարիներին շրջանառության մեջ եղած լոզունգը, գաղափարախոսությունը հարցի ամբողջական կարգավորման դեպքում եղել է դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո՝ անկախ, ես դրա մեջ դավաճանություն չեմ տեսնում: Այդ օրերին ես էլ էի բանակցում սրա մասին, որովհետև սա ճանապարհն էր, որովհետև սա նույնպես կարող է ապահովել այդ ընդհանուր մեր նպատակը՝ ԼՂ ժողովրդի ազատ և անվտանգ գոյատևումը այդ տարածքի վրա: Բայց ցույց տրվեց, ապացուցվեց, որ դե յուրե Ադրբեջանի կազմում և դե ֆակտո անկախ այդ ձևակերպումը փաթեթայինի դեպքում անընդունելի է: Իսկ եթե դա անընդունելի է, անընդունելի էր նաև փուլային մոտեցումը: Սա իսկապես, կարծում եմ, որ այդ օրվա ժողովրդի տրամադրությունն էր: Այստեղ ոչ թե որ դավաճաններ ենք եղել նախկինում, այդ ճանապարհում, ոչ, դա այդ օրվա ընկալումն էր, այդ օրվա հնարավորություններն էին, բայց դա ժողովրդի կողմից անընդունելի էր: Եվ դա մենք գիտակցում էինք, երբ մենք իշխանության եկանք, երբ ես արտգործնախարար էի, Քոչարյանը՝ նախագահ: Դրա համար մեր առաջ այդ մարտահրավերները կային, այդ ամենին դեմ գնալ: Վստահ եմ՝ լավ կհիշես, թե ինչպիսի ձևակերպումներ առաջ բերեցինք, որպեսզի կարողանանք դիմագրավել դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո անկախ այդ մոտեցումը:

Հիշեցնեմ մի քանիսը. «դե ֆակտո անկախ, դե յուրե ոչ Ադրբեջանի կազմում», «ոչ կոնվենցիոնալ մոտեցումներ», «անկախությունից ցածր, ավտոնոմիայից բարձր»: Այս ամենը հնարվել էին, որպեսզի կարողանայինք միջազգային հանրության մոտ այդ տեսակետը դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո անկախ մոտեցումը փոխել, շեշտը դնել ամբողջական լուծման վրա, և նաև լուծման այնպիսի ձև, որ չի ամրագրում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբևիցե լինելու խնդիրը: Նման խնդիրներ էին դրվում, մենք այդ ճանապարհով էինք գնում, այսօր դա է տարբերությունը: Ես ինքս կարող եմ ասել, որ պատասխանատու եմ և նախկինի, և այսօրվա համար իմ չափով, …բայց ես ամաչելու բան չունեմ, այդ օրերի պահանջն էր դա, այդ օրերի իրավիճակը դա էր։ Այդ օրը դե յուրե Ադրբեջանի կազմում էին խոսում, դե ֆակտո՝ անկախ: Այսօր իրավիճակը այլ է. լուրջ առաջընթաց կա, դրա համար ես նույնպես չեմ ընդունում այն մեղադրանքը, որ այսօրվա փաստաթուղթը նույնն է, ինչ նախկինում: …Այսօրվա փաստաթուղթը ամրագրում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ամբողջական մոտեցում է և կիրառման առումով որոշ ժամանակի վրա է կիրառվելու: Ամրագրում է մինչև կարգավիճակի վերջնական որոշումը այսօրվա ստատուս քվոյի օրինականացում և միջազգային ճանաչում և ապահովում է նաև Ղարաբաղի և Ադրբեջանի անխափան կապ: Այս ամենը նաև համեմվում է անվտանգության լուրջ երաշխիքներով: Ահավասիկ, սա է փաթեթը, որ այսօր մենք բանակցում ենք և մենք դրական տեղաշարժեր ունենք: Լավ իմանալով նախկինը և այսօրվանը՝ կարող եմ ասել, որ իսկապես, որակապես սա տարբեր փաստաթուղթ է նախկինից»: Որակապես «տարբերը», ինչպես Օսկանյանի դիվանագիտական լեզուն է հուշում, բնավ չէր նշանակում «որակապես լավ»։

Հ. Մանուկյան

Translate »