23/12/2024

ՔՊ-ում վախ են «բռնում». Պատգամավորին ստիպեցին «փոշմանել»

ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել իրավապահներին, որ տրանսպորտում իր հետ վիճաբանած քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժեն։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը կտրուկ փոխվել է իրենց նկատմամբ` դեպի բացասական։ Եվ նրանցից շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում՝ մարդիկ նյարդային են արձագանքում իրենց տեսնելիս, սակայն դրանք միշտ չէ, որ տեսալուսանկարահանվում են, ուստի ՔՊ-ն չի բարձրաձայնում դրանք:

Մինչդեռ երեկ ՔՊ վերնախավը՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, դատափետեցին երիտասարդին, թե պատժելու են «խուլիգանական», անհարգալից պահվածքը: Ուղղակի նման պատմությունների մեջ ընկնողները ոտքով քայլող շարքային ՔՊ-ականներն են, որոնց մեղքն անհամեմատ փոքր է առաջնորդների մեղքից, որոնք շրջում են ծառայողական մեքենաներով ու թիկնազորով շրջապատված, եւ Ասլանյանին վիրավորած երիտասարդին պատժելը նաեւ ինքնապաշտպանություն է` մարդկանց աչքը վախեցնեն, որ այլեւս նման միջադեպեր չկրկնվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր հետ վեճի բռնված քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժելու համար:Այսպիսով, երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությունը մեծ աղմուկ է բարձացրել:

Միջադեպից անմիջապես հետո ArmLur.am-ը կապ էր հաստատել պատգամավորի հետ՝ մանրամասներ պարզելու, նաեւ հետաքրքրվել էինք նրանից՝ արդյոք պատրաստվում է ոստիկանություն դիմելու եւ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու.«Ո՛չ, նա ո՞վ է, նա ո՞վ է, որ դիմեմ ոստիկանություն» բարկացած նետել էր իշխանական պատգամավորը:

Բայց, ժամեր անց իրավիճակ է փոխվել:Գրեթե բոլոր ՔՊ-ականները, Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, «խիստ դատապարտեցին» միջադեպը եւ ձեռքի հետ էլ հստակ ուղղորդումներ տվեցին իրավապահներին, որ քաղաքացի Սամվել Վարդանյանին պատասխանատվության ենթարկեն:

Միջադեպին առաջինն արձագանքեց Ալեն Սիմոնյանը.«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթեւեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որեւէ մեկը չկասկածի»,-տելեգրամի իր ալիքում գրել էր նա:

Այնուհետեւ նրան միացավ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը. «Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»:

Ահա իր թիմակիցների բարձրացրած աղմուկից ու ցուցումներից հետո ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, որը սկզբում հարկ չէր համարում դիմել ոստիկանություն, գնացել ու դիմում է ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Վարդանյանի, ինչից հետո վերջինս առայժմ 72 ժամով ձերբակալվեց: Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել այս դեպքում, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ. տեսնենք՝ քննությունն ինչ ընթացք կունենա: Համենայնդեպս, քննչական կոմիտեին քաղաքական պատվերը իջել է հրապարակային կերպով»: