Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը քննարկված թեմաները արտացոլված են հանդիպումից հետո արված եռակողմ հայտարարության մեջ, որեւէ այլ բովանդակության մասին տեղեկությունները կեղծ են:
Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված իբրեւ թե մի փաստաթղթի, որը իբրեւ թե արտացոլում է Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցաշ հանդիպման այսպես ասած փակ մի բովանդակություն:
Ըստ այդմ տեղեկության, փակ ռեժիմում քննարկվել է Ռուսաստանին Հայաստանից հեռացնելու եւ ԱՄՆ, ՆԱՏՕ ու ԵՄ ներկայություն հաստատելու հարցեր: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան այդ առնչությամբ հայտարարել էր, թե տարածված տեղեկությունների վերաբերյալ Երեւանից ակնկալում են հստակ արձագանք:
Երեւանը փաստորեն արեց հստակ արձագանք, հայտարարելով, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները կեղծ են եւ Հայաստանը Բրյուսելում ոչ թե քննարկել է Մոսկվային Արեւմուտքով փոխելուն վերաբերող հարցեր, այլ հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի եւ ԱՄՆ, Հայաստանի ու ԵՄ հարաբերությունը խորացնելուն, Հայաստանի համար տնտեսական էֆեկտներ ստանալուն, այդպիսով Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելուն:
Երեւանի արձագանքը կարեւոր է, բայց ուշացած, եւ ինչպես նշել էի ավելի վաղ՝ այն խոսում է տեղեկատվական քաղաքականության անարդյունավետության մասին: Երեւանի արձագանքը պետք է հաջորդեր ադրբեջանական հրապարակումներին, այլ ոչ թե Մոսկվայի ակնկալիքին:
Պետք էր ոչ թե սպասել, մինչ ՌԴ ԱԳՆ-ն կհայտարարի, որ ակնկալում է Երեւանի հստակ արձագանք, այլ պետք էր կանխարգելել եւ անդրադառնալով տարածված կեղծիքին՝ առավել օպերատիվ ռեժիմում հակադարձել դրան եւ ըստ էության փակել թեման, թույլ չտալով Բաքվին խաղարկել այդ ապատեղեկատվությունն անգամ կարճ ժամանակով:
Ամբողջ հարցն այն է, որ տեղեկատվական քաղաքականությունը գործնականում պետական քաղաքականության առանցքային բաղադրիչ է թե դիվանագիտական, թե ընդհուպ անվտանգային առումով, թե իբրեւ զուտ քաղաքականության այցեքարտ, թե պարզապես որպես գործիք:
Բաց մի թողեք
Երևանը փորձում է հարցը պահել «ննջած» վիճակում, «չարթնացնել» …
Փաշինյանը իրավիճակը գնահատել է լուրջ. ադրբեջանցիները կգան, հայերը՝ չեն գնա
2025 թ.-ին հաղորդուղիների ապաշրջափակման հարցը կարող է և վերադառնալ «ակտուալ» օրակարգ