Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Վ-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու վրա գտնվող կամրջի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Թովմասյանին պատկանող «ԶԻԼ» մակինիշի բեռնատարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են Ազատ գետի մեջ: «BMW»-ն կողաշրջվել է:
Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդ Գագիկ Վ.-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից Հայկ Հ.-ն գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները սովորում են Արտաշատի թիվ 1-ին դպրոցի 9-րդ դասարանում և նշելիս են եղել «BMW»-ի վարորդի ծննդյան օրը, իսկ հիվանդանոցում Արտաշատի ոստիկաններն ու պարեկները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կանխել են հաշվեհարդարը (վենդետան), քանի որ մահացած երեխայի բարեկամները փորձել են պարզաբանում և հաշվեհարդար տեսնել «BMW»-ի վարորդի հարազատների հետ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել