29/05/2024

Էրդողանն ի՞նչ ազդակ է ստացել Վաշինգտոնից, Պուտինը կմեկնի՞ Թուրքիա

Reuters-ը, վկայակոչելով թուրք պաշտոնյայի, հայտնում է, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չի մեկնի Վաշինգտոն, որտեղ մայիսի 9-ին պետք է արժանանար ԱՄՆ նախագահ Բայդենի ընդունելությանը: Hürriyet –ի աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Էրդողանի ամերիկյան այցին խոչընդոտել է Իսրայելը, երբ Էրդողանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդ Իսմայիլ Հանիային:

Ըստ երեւույթին, Սպիտակ տան որոշումը մեծ անակնալ է Էրդողանի համար: Milliyet-ը փոխանցել է Ստամբուլում «Երուսաղեմի խորհրդրանական հարթակ» խորհրդաժողովին նրա ելույթի հիմնական թեզերը: Էրդողանը չափազանց կոշտ գնահատականներ է հնչեցրել ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների իշխանությունների հասցեին՝ նրանց որակելով որպես «սիոնիզմի կամակատարներ»:

Մենք խզել ենք կոմերցիոն կապերն Իսրայելի հետ,-հայտարարել է Թուրքիայի նախագահը եւ ավելացրել, որ Անկարան չի ընդունում ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցում ամերիկյան վետոյի օրինականությունը, որ անտեսում է Անվտանգության խորհրդի անդամ մյուս երկրների տեսակետը: Նա իսլամական աշխարհին հավաստիացրել է, որ Երուսաղեմի քաղաքակրթական ինքնության «վերականգնումը Թուրքիայի սրբազան գործն է»: Էրդողանը նույնիսկ Միացյալ Նահանգներին սպառնացել է, որ թույլ չի տա Քբուրեջիքի ռադիոլոկացիոն կայանը ծառայեցնել «մեր ալյանսի շահերից չբխող նպատակների»: Սա ուղղակի ակնարկ է, որ Իսրայելի դեմ օդային հարձակման դեպքում Քյուրեջիքի ՌԼԿ-ն նրան չի պաշտպանի:

Էրդողանն ի՞նչ ազդակ է ստացել Վաշինգտոնից: Նրա ամերիկյան ուղեւորության գլխավոր նպատակ մեկնաբանները համարում էին Իրաքի եւ Սիրիայի հյուսում նոր ռազմագործողության հարցում ԱՄՆ համաձայնության հասնելը: Այցը չի կայանա, ինչից կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմը համաձայն չէ, որ Մերձավոր Արեւելքում նոր էսկալացիա բորբոքվի: Անսպասելի կոշտ հայտարարություն է արել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուրը: Շաբաթասկզբին նա հայտնել էր Էրդողանի հետ «գործնական խոսակցության» մասին, իսկ երեկ հայտարարել է, որ չի կարող «դավաճանել ընտրողների քվեին եւ կպահանջի արտահերթ ընտրություններ»:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության բացահայտումը, Էրդողանի ազգայնական –իսլամիստական հայտարարությունները հաջորդում են Մոսկվայում Վլադիմիր-Պուտին-Իլհամ Ալիեւ բանակցություններին եւ Աղդամում ռուս-թուրքական համատեղ «մոնիտորինգային կենտրոնի» փակմանը: Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո Էրդողան-Ալիեւ շփումների մասին հրապարակային տեղեկություն չկա, բայց դրանից չի հետեում, թե Բաքուն Անկարայինլ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին չի տեղեկացրել:

Բացառված չէ, որ տեղեկատվական որոշակի արտահոսք եղած լինի նաեւ Վաշիմնգտոնի ուղղությամբ: Ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունն, ի վերջո, նաեւ Միացյալ Նահանգների դեմ է կամ հենց ԱՄՆ-ի դեմ է: Իսկ այն առանց Անկարայի համաձայնության պարզապես անպատկերացնելի է: Ըստ այդմ, շատ հավանական է, որ թե ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիայի հետ հանդիպումը, թե Պուտին-Ալիեւ բանակցությունների առնվազն քաղաքական գաղտնազերծումը Մոսկվային ընդառաջ քայլեր են: Տարեսզբից Էրդողանն առնվազն երկու անգամ հրապարակային ասել է, որ սպասում է Վլադիմիր Պուտինին, բայց Մոսկվան պաուզա է պահել:

Բայդեն-Էրդողան բանակցությունների չեղարկումը Վլադիմիր Պուտինի համար Անկարա ուղեւորության ճանապա՞րհ է հարթել: Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում ռազմագործողություն սկսելու Թուրքիայի նախագահի ծրագիրը Մոսկվայի կարժանանա՞ Մոսկվայի հավանությանը: Իսկ Իրա՞նը: Իսլամական հանրապետության նախագահն այս շաբաթ այցելել է Իսլամաբադ: Պակիստանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, սերտ կապեր ունի նաեւ Ադրբեջանի հետ: Մերձավոր Արեւելքում «պահնորդություն ստանձնելու» Թուրքիայի նկրտումները, երեւում է, ԱՄՆ-ի եւ հավաքական Արեւմուտքի կողմից չեն ընկալվում: Հնարավո՞ր է ռուս-թուրք-իրանական համաձայնություն, որ «կտարածվի նաեւ Հարավային Կովկասի կառավարման» վրա: