27/07/2024

Ի՞նչ է «փնտրում» Իրանում թուրք-ադրբեջանական համակցված բանակի հրամանատարը

Թուրքիան այլեւս մի պետություն է, որը չի տեղավորվում իր սահմաններում եւ դրանք ձգվում են Սոմալիից մինչեւ Ադրբեջան, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը:

Նորոթյուն չէ անշուշտ, էրդողանյան Թուրքիան միջազգային ամենահավակնոտ դերակատարներից մեկն է, որը փորձում է ծավալվել թե այսպես ասած անդրծովյան մասշտաբով՝ միջերկծովյան գոտում, թե դեպի արեւելք՝ Ադրբեջան, եւ իհարկե Կենտրոնական Ասիա, թեեւ Գյուլերը առայժմ լռել է Կենտրոնական Ասիայի մասին: Մենք կենտրոնանանք Ադրբեջանի մասին նրա հայտարարության կամ շեշտադրման վրա:

Դա հնչում է այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւն էլ հայտարարում է իր երկրի այսպես ասած նշանակալի դերակատար կամ խաղացող լինելու մասին, հավակնելով առնվազն ճանաչված լինել որպես Կովկասի առանձննահատուկ դերակատար: Թուրքիայի պաշտպանության նախարարը սակայն փաստացի հայտարարում է, որ Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի սահման է՝ իր պետական սահմանները այլեւս քիչ համարող Թուրքիայի: Այլ կերպ ասած, Ադրբեջանի նախագահին Անկարայից հուշում են, որ Ադրբեջանը խաղացող է այնքան, որքան այդ խաղը թույլ կտա Թուրքիան: Ինչ խոսք, առերեւույթ հռետորաբանության մակարդակում Անկարան ու Բաքուն «եղբայրներ» են, անգամ մեկ ազգ ու երկու պետություն, գործնականում սակայն պատկերը բոլորովին այլ է եւ դա գիտեն երկուսն էլ:

Դրա համար է նաեւ, որ Էրդողանը Ալիեւին պարբերաբար հիշեցնում է, որ Թուրքիան է ապահովել Ադրբեջանի ռազմական հաղթանակ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այստեղ խնդիրը լոկ այն չէ, որ Անկարան Բաքվից ակնկալում է շատ չոգեւորվել Իսրայելի հետ հարաբերությամբ: Անկարան պարբերաբար ակնարկում է, որ Ալիեւը չունի պատերազմի հաղթանակը այսպես ասած ինքնուրույն կապիտալիզացնելու «իրավունք»:

Մյուս կողմից, Անկարան ըստ երեւույթին փորձում է նաեւ ազդարարել, որ իրենն է Ադրբեջանի հանդեպ «իրավունքը» կամ «հսկիչ փաթեթը», հետեւաբար Ադրբեջանի հարցում աշխարհաքաղաքական համատեքստ պարունակող հարցերում պետք է պայմանավորվել իր հետ:

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, առանձին համակցված բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս տեղեկությանն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն, որ Մուստաֆաեւը առանձին համակացված բանակի հրամանատարն է:

Ի՞նչ է առանձին համակցված բանակը: Դա 2014 թվականին Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում ստեղծված թուրք-ադրբեջանական բանակ է, որտեղ ներգրավված են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներ ու տեխնիկա: Բանակը 2014-ից ստեղծվել ու տեղակայված է Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում, իսկ Մուստաֆաեւը 2014 թվականից ի վեր այդ բանակի հրամանատարն է:

Ի՞նչ է «փնտրում» Իրանում թուրք-ադրբեջանական համակցված բանակի հրամանատարը: Ըստ հաղորդագրության, Իրանում նա քննարկել է թե երկկողմ հարցեր, թե ռեգիոնալ անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Ադրբեջանում որեւէ ազատ ռազմական պաշտոնյա չկա՞ր՝ Իրան մեկնելու համար: Անկասկած է, որ Մուստաֆաեւը մեկնել է հենց Նախիջեւանին առնչվող հարցեր քննարկելու համար, եւ ռեգիոնալ անվտանգության թեմաների քննարկումը թերեւս պետք է տեղավորվի այդ շրջանակում: Խոսքն իհարկե այն մասին չէ, որ նա մեկնել է այսպես ասած՝ Ալիեւից «դուրս»: Առավել եւս, որ Ալիեւը շատ վաղուց Նախիջեւանում ըստ էության մտցրել է նախագահական կառավարում, ինքնավար հանրապետության դե ֆակտո ղեկավար նշանակելով իր ներկայացուցչին:

Այդուհանդերձ, համակցված բանակի հանգամանքը ունի բոլորովին այլ երանգ ու նշանակություն եւ այդ իմաստով, Մուստաֆաեւը իհարկե Իրանում է Ալիեւի իշխանության շրջանակում, սակայն թերեւս հենց Նախիջեւանին առնչվող ռազմա-քաղաքական հարցերի օրակարգով:

Կասկած չկա նաեւ, որ այդ օրակարգը ներառելու է Հայաստանի հետ հարաբերություն, մասնավորապես ըստ ամենայնի Նախիջեւանի հետ Հայաստանի սահմանային գոտուն առնչվող հարցեր, որտեղ Իրանն անշուշտ առավել զգայուն է, ընդ որում ոչ միայն Սյունիքի տեսանկյունից, այլ նաեւ ընդհանրապես այն «ողնաշարի», որ Պարսից ծոց-Սեւ ծով իրանյան գաղափարի համատեքստում անցնում է Հայաստանի տարածքով, այդ թվում Նախիջեւանին սահմանակից գոտով:

Ի դեպ, այդ համատեքստում ուշադրութան արժանի հանգամանք է եւ այն, որ հենց այդ գոտում է նաեւ Ադրբեջանի առավելապաշտ հավակնության թիրախներից մեկը՝ Տիգրանաշենը: