08/09/2024

Հայ – ռուսական համաձայնությունը ավելի շատ առաջացնում է հարցեր

Պաշտոնական Երեւանը հայտնում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզի սահմանային հատվածներում տեղակայված ռուսական սահմանապահ ուղեկալները դուրս կբերվեն:

Խոսքը բնականաբար վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ուղեկալներին: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման, գոնե առայժմ միակ բարձրաձայնված պայմանավորվածությունն է:

Հանդիպումը տեւել է մեկ ժամից ավելի, եւ հարց է առաջանում՝ չե՞ն եղել այլ համաձայնություններ ու պայմանավորվածություններ, որ պաշտոնապես բարձրաձայնվում է այս մեկը, թե՞ եղել են, ու դրանք ածանցվում են այս պայմանավորվածությունից, կամ սահմանապահների վերաբերյալ պայմանավորվածությունն է ածանցվում դրանցից:

Ըստ էության, Ռուսաստանի սահմանապահ ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին չեղարկելը նշանակում է չեղարկել այդ սահանին տեղի ունեցողի համար Ռուսաստանի որեւէ պատասխանատվություն:

Կասկածից վեր է, որ այս թեման ունի մարտավարական նշանակություն: Միեւնույն ժամանակ, այն թերեւս «ինքնաբավ» թեմա չէ, ըստ այդմ՝ ավելի լայն շղթայի օղակ է: Իսկ ո՞րն է ամբողջական շղթան, արդյո՞ք այն համաձայնեցված է հանդիպման ընթացքում, համաձայնեցված է դատալայի՞ն, թե՞ ընդհանուր առմամբ՝ իսկ դետալները թողնված են ժամանակի ընթացքին:

Հայ-ռուսական այս համաձայնությունը գոնե առայժմ ավելի շատ առաջացնում է հարցեր, եթե հաշվի առնենք այն, որ թե Երեւանը, թե Մոսկվան հանդիպումից առաջ բարձրաձայնում էին, որ այն սպասված է երկու կողմում եւ քննարկելի է դառնալու այս ընթացքում առկա խնդիրների ամբողջ սպեկտրը: Այդ սպեկտրից բարձրաձայնվում է մեկ կոնկրետ պայմանավորված թեմայի մասին: Իսկ համաձայնեցված այլ թեմաներ չկա՞ն, թե՞ դրանց վերաբերյալ համաձայնությունները ենթակա չեն բարձրաձայնման: