27/07/2024

Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը

2022 թվականին ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանի տնտեսությունը բարձր տնտեսական աճ է գրանցում, որի արդյունքում էապես ավելացել են նաև պետբյուջե հարկային մուտքերը։ Իհարկե, հարկային մուտքերի ավելացումը թույլ է տալիս տարբեր խնդիրներ լուծել, որոշակիորեն ավելացնել սոցիալական ծախսերը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Բայց տնտեսական աճի նման ցուցանիշները երկար տևել չեն կարող, քանի որ դրանք գլխավորապես կախված են աշխարհաքաղաքական գործոններից։ Ընդհանուր առմամբ, ներկա փուլում արտահանման էական մասը կազմում է ոսկու և ադամանդի վերաարտահանումը Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։ Եվ եթե աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, ու վերարտահանման հնարավորությունները փակվեն, ապա Հայաստանի տնտեսության համար լուրջ խնդիրներ կարող են ծագել, ու պարզ է, որ կպակասեն նաև հարկային մուտքերը։

Իսկ եթե պետբյուջեի մուտքերը նվազեն, ապա բյուջեի կատարման ու պետական ծախսերի կատարման հետ կապված մեծ արգելքներ կստեղծվեն։ Իսկ որպես իրավիճակի հանգուցալուծում կարող էր լինել երկրում տեղական արտադրությանը, ապա նաև Հայաստանից ապրանքների ու ծառայությունների արտահանմանը զարկ տալու տարբերակը։ Սակայն ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում ՀՀ տնտեսության կախվածությունը վերարտահանումից նվազեցնելու ուղղությամբ։ Ավելին, նրանք այնպիսի քայլերի են դիմում, որոնց արդյունքում մեծանալու է դրսի ազդակների ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Կառավարությունը, կանխատեսելով կտրուկ տնտեսական անկման հավանականությունը, մեծ թափով շարունակում է տարբեր վարկեր վերցնել ու ավելացնել պետական պարտքի չափերը։ Մարտին ՀՀ պետական պարտքն արդեն իսկ գերազանցել է 12 մլրդ դոլարի սահմանը։

Այնինչ, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ դոլար էր։ Միայն պետական պարտքի սպասարկման համար ահռելի գումարներ են տրվում։ Այս պարագայում մեծանում է նաև Հայաստանի կախվածությունը արտաքին պարտատերերից ու տարբեր ֆինանսական կազմակերպություններից, դոնորներից։ Ներկայում դոլարի նկատմամբ դրամի արժևորման պարագայում պետական պարտքի բեռը դեռ որոշակի թեթևանում է, բայց եթե ինչ-որ մի պահի դրամն արժեզրկվի, ապա լուրջ ծանրություն է դրվելու պետության ուսերին։ Եվ որպեսզի պետությունը կարողանա մի կողմից՝ պարտքերը վճարել, իսկ մյուս կողմից էլ՝ պետական ծախսերն իրականացնել, ապա կառավարությունը փուլ առ փուլ անցում է կատարում կոշտ հարկային քաղաքականության, այն է՝ ինչքան հնարավոր է՝ տնտեսվարողներից շատ հարկեր հավաքագրել։

Օրինակ՝ 2023 թ. հուլիսի 1–ից միկրոբիզնեսի 35 հազար աշխատող ամսական հաստատուն 5000 դրամի փոխարեն հարկվում է եկամտահարկի 20 տոկոսի չափով։ Սրան զուգահեռ ՀՀ իշխանությունները որոշել են ընդհանրապես հրաժարվել շրջանառության հարկի համակարգից, որը ժամանակին ներդրվել է փոքր բիզնեսին պաշտպանելու, գործելու ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու, ավելի մեղմ հարկային դաշտ ապահովելու համար։ Դե, արդեն զարմանալի չէ, որ Փաշինյանը հակառակ ուղղությամբ է շրջանառության հարկը մեկնաբանում՝ նշելով. «Մենք ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու և ստվերը զարգացնելու մոտիվացիա է տալիս»: Այդ դեպքում շրջանառության հարկը ընդհանրապես չէր էլ ներդրվի, եթե պիտի հարկային բեռը լիներ այնպիսին, ինչպիսին ընդհանուր հարկման համակարգում է։ Իրականում իշխանությունների այս մոտեցումը միտված է փոքր բիզնեսի համար ավելի ծանր պայմաններ ստեղծելուն։ Կառավարությունն այսպիսով ակնկալում է, որ գրեթե 18 մլրդ դրամի լրացուցիչ մուտք պետք է ապահովվի։

Բայց ավելի մուտքագրված գումարների արդյունքում մեր տնտեսության միկրոձեռնարկատիրության հատվածը կկորցնի զարգացման լրացուցիչ պոտենցիալը։ Իսկ արտոնյալ պայմանների պահպանման պարագայում միկրոբիզնեսը ժամանակի ընթացքում զարգանալու արդյունքում հեռանկարային տեսանկյունից ավելի շատ մուտքեր կապահովեր պետբյուջեի համար։ Բայց այս կառավարությունը որոշել է ոչ թե օգնել, նպաստել, այլ մորթել։