27/07/2024

Բաքվում զինվորական խռովություն կլինի, թե՝ արդեն կանխվել է

Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային եւ ՀՕՊ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն ազատվել է զբաղեցրած պաշտոններից եւ արձակվել պահեստազոր:

Այդ մասին հայտնի է դարձել Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ նախարարության «ղեկավարությունը Թահիրովին երախտագիտություն է հայտնել երկարամյա անբասիր ծառայության համար եւ հետագա կյանքում նրան հաջողություններ մաղթել»:

Ինչու՞ «նախարարության ղեկավարությունն» է Թահիրովին երախտագիտություն հայտնել, ոչ թե՝ նախարարը կամ նրա առաջին տեղակալ-ԶՈՒ ԳՇ պետը: Եւ ի՞նչ է նշանակում «հետագա կյանքում հաջողության մաղթանքը»: Դա բավական չարագուշակ ձեւակերպում է: Մանավանդ որ Թահիրովը պաշտոնից ազատվել եւ պահեստազոր է արձակվել «օրենքով սահմանված տարիքային շեմին հասնելու» հիմնավորմամբ, մինչդեռ «Զինվորական ծառայության մասին» Ադրբեջանի օրենքով գեներալ-լեյտենանտի դեպքում շեմը 65 տարին է:

Ռամիզ Թահիրովը ծնվել է 1966 թվականի ապրիլին: Այսինքն, լրացել է նրա 58-ամյակը: Օրենքով նա կարող էր զինվորական ծառայության մեջ մնալ եւս յոթ տարի, բայց ոչ միայն ազատվել է պաշտպանության փոխնախարարի եւ ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի հրամանատարի պաշտոնից, այլեւ հեռացվել է զինվորական ծառայությունից: Դատելով պաշտոնական «բարեմաղթանքից»՝ Թահիրովը որեւէ նոր նշանակում չի ստանա: Նրան պարզ ասել են, որ միայն «հետագա կյանք են ցանկանում»:

Ո՞րն է Թահիրովի պաշտոնանկության եւ փաստացի աստիճանազրկման իրական պատճառը: «Թուրան» գործակալության կայքում նրա մասին արված մեկնաբանություններից դատելով՝ Թահիրովը հանրային հարգանք վայելող եւ ոչ կոռումպացված զինվորական էր: Մեկնաբանությունների հեղինակներից մեկը նրան անվանում է «քառասունչորսօրա պատերազմում հաղթանակի սիմվոլ»:

Նման բարձրաստիճան զինվորականի օրենքի կոպիտ խախտմամբ ծառայությունից հեռացումը, երեւի թե, երկու պատճառաբանություն կարող է ունենալ. կամ Թահիրովի եւ Իլհամ Ալիեւի միջեւ անհաղթահարելի հակասություններ են առաջացել, կամ Ադրբեջանը նախապատրաստվում է ռազմա-քաղաքական նոր իրավիճակում այնպիսի խնդիրների լուծման, որ վեր են Թահիրովի մասնագիտական կարողություններից: Տարբերականերից ո՞րն է ավելի հավանական՝ դժվար է ասել:

Ադրբեջանը գնում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների, քաղաքական վերադասավորումները բացառված չեն: Հնարավոր է՝ բարձրագույն սպայակազմը որոշակի հավակնություններ ունի՝ խորհրդարան «պատվիրակելու իր ներկայացուցիչներին»: Պատերազմի գեներալներին Ալիեւն առանձնապես «երես չի տալիս»: Խորքային ի՞նչ «փոխհատուցում են ստացել» նրանք՝ միայն հակասական լուրեր են շրջանառվում:

Ուշագրավ է, որ Թահիրովի պաշտոնանկության մասին հայտնի է դարձել պաշտպանության նախարարության աշխատանքային խորհրդակցության ավարտին, իսկ այն նվիրված է եղել մայիսի 10-ին Շուշիում Իլհամ Ալիեւի ելույթի «դրույթները ԶՈՒ անձնակազմին հասցնելու հետ կապված միջոցառումներին»:

Լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ Թահիրովը շնորհակալություն է հայտնել «գերագույն գլխավոր հրամանատարին՝ իր հանդեպ ցուցաբերած վստահության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ եւս հավատարիմ կմնա պետականության ավանդույթներին»: Ծառայության ընթացքում նա այդ «ավանդույթները խախտե՞լ է»: Բաքվում զինվորական խռովության փո՞րձ է կանխվել: