Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման եւ նրա ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու առթիվ Բաքվի «Թուրան» գործակալության խմբագրականում ասվում է, որ դժբախտությունը տեղի է ունեցել «դիվանագիտական միջոցառումից ընդամենը մեկ օր անց, որի ընթացքում նախագահներ Ռեիսին եւ Ալիեւը հանդիսավորությամբ բացել են Արաքս գետի վրա «Հոդափերին» եւ «Կույսի աշտարակ» հիդրոհանգույցը»:
Իրականում օդային աղետը տեղի է ունեցել Ռեիսի-Ալիեւ հանդիպումից ժամեր անց»: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցը ոչ միայն այդ փաստն է խեղաթյուրել, այլեւ Ռեիսիի ուղեւորությունը ներկայացրել է որպես «Թավրիզ պաշտոնական այց»:
Միլլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին, որ Ալիեւի քաղաքական թիմում հայտնի է որպես հակաիրանական քարոզչության «ծանր հրետանի» եւ անցյալ տարիներին մի քանի անգամ խորհրդարանում հանդես է եկել «բաժանված Ադրբեջանի ամբողջականությունը վերականգնելու» նախաձեռնությամբ, լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Իրանի նախագահը «բարձր տրամադրությամբ է բաժանվել» Իլհամ Ալիեւից: Նա ավելացրել է, որ «մառախուղը եւ մանրահատ անձրեւը շրջանցելու այլ երթուղիներ կային, բայց ճակատագիրն այդպես էր տնօրինել»: Միլլի մեջլիսի պատգամավորը ներկա՞ է եղել Ռեիսի-Ալիեւ հանդիպմանը, որքանո՞վ է տեղյակ հայրենիք վերադառնալու երթուղու ընտրության հարցին՝ խիստ կասկածելի է: Նա, ըստ երեւույթին, կրկնում է այն, ինչ մշակվել է Ալիեւի աշխատակազմում:
«Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուն չի բացառում, որ Ռեիսիի ուղղաթիռի խորտակումը «ներքին պատճառներ ունենա»: Նա նկատել է տալիս իրանական վերնախավում գերագույն իշխանության համար սուր մրցակցությունը, իսկ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համոզված է, որ ողբերգության պատճառների մասին պատկերացում հնարավոր է ունենալ միայն ուղղաթիռի «սեւ արկղի» տեղեկությունները վերծանելուց հետո:
Աչքի է զարնում տեղեկատվա-քարոզչական մի զուգադիպություն. Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը ողբերգության «հանցավոր պատասխանատու» է անվանել Միացյալ Նահանգներին, որի սահմանած պատժամիջոցների պատճառով Իրանը զրկված է ոչ միայն նոր ավիացիոն միջոցներ, այլեւ առկա թռիչքակազմը տեխնիկապես սպասարկելու պարագաներ ձեռք բերելու հնարավորությունից: Բաքվի մամուլը վատ թաքցրած քամահրանքով գրում է, որ Իրանի նախագահին սպասարկել է «Ռզա շահ Փեհլեւի օրոք ձեռք բերված ուղղաթիռ, որի ռադիոփարոսը խորտակման վայրի մասին ազդանշան չի արձակել»:
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել՝ կարող է պարզել միայն հետաքննությունը, բայց նախկին արտգործնախարար Զարիֆի հայտարարությունը, կարծես, հուշում է, որ Իրանի պաշտոնական եզրակացությունը կառուցվելու է ուղղաթիռի տեխնիկական թերությունների կամ օդաչուի թույլ տված սխալի վրա:
Թեեւ այդ դեպքում հարց է առաջանում, թե Իրանի նախագահին ուղեկցող երկու այլ ուղղաթիռները, որ, անկասկած, ավելի նոր եւ տեխնիկապես առավել հագեցված չէին, նույն երթուղղու եւ նույն եղանակային պայմաններում ինչպե՞ս են հաջողությամբ վայրէջք կատարել: Ըստ տեղեկություններ՝ Թավրիզի օդանավակայանում, որտեղ պետք է ժամաներ նաեւ նախագահ Ռեիսին:
Այս ֆոնին խիստ առտառոց է, որ «Թուրան» գործակալության խմբագրականում երկու անգամ ուղղաթիռի փոխարեն օգտագործված է «Իրանի նախագահի ինքնաթիռ» ձեւակերպումը, ինչպես եւ այն, որ իշխանամերձ haqqin.az-ը հրապարակել է Ռեիսիի ուղղաթիռի թռիչքային վերջին լուսանկարը, որ ակնհայտորեն արված է Իլհամ Ալիեւի պատվիրակության որեւէ անդամի կամ անվտանգության ծառայության աշխատակցի կողմից:
Լրատվամիջոցը հենց այդպես էլ գրել է. «Իրանի նախագահ Էբրահիմ Ռեիսիի ուղղաթիռի վերջին լուսանկարը»: Նույն կայքը, նկարագրելով, որ իրանական կողմը մոտ տասը ժամ չի կարողացել հայտնաբերել աղետի մատնված ուղղաթիռը, գրել է. «Եւ այս մակարդակի երկիրն է փորձում հարեւաններին անվտանգության հարցում դիրքորոշում պարտադրել»:
Չափազանց խոսուն ձեւակերպում է: Անվտանգության ի՞նչ դիրքորոշում է Իրանի նախագահը ներկայացրել Իլհամ Ալիեւին եւ, ամենայն հավանականությամբ, մերժվել:
Բաց մի թողեք
Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը
Տափաստանային արվամոլը անընդհատ ասում է՝ «մեզ են ընտրել», փաստեմ՝ «Հանրային ձայնը» ունի քվե, անում է գործը․ Ավագյան
90 տոկոսով, 17 կետից 13-ը, 17-ից՝ 17-ը, ինչ է կատարվում «խաղաղության պայմանագրի» շուրջ