08/09/2024

Քաղաքական ամայությունը բերում է պետական ճգնաժամի

Նախօրեին «ժողովրդին հղած ուղերձում» Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով Հայաստանի ապագայի եւ դրան տանող ճանապարհի իր արդեն բավականին, չափազանց հայտնի տեսալականը, վկայակոչում էր 2018-ին ստացած մանդատը՝ որպես այդ տեսլականն իրագործելու փաստարկ:

Այս շրջանակում մի կողմ թողնենք այն, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ստացած մանդատը ուներ բացարձակապես այլ բովանդակություն, այլ շերտեր, սկզբունքներ, այդ մանդատը տված հանրությունն ուներ բոլորովին այլ ակնկալիքներ եւ պատկերացումներ այն թեմաների մասին, որ այսօր շոշափում է վարչապետ Փաշինյանը:

Եթե նա հիշում է 2018-ի մանդատը, ապա թերեւս պետք է հիշի նաեւ, որ այդ մանդատը ստանալու հարցում էական նշանակություն ուներ Հայաստանի քաղաքական արդիականացման օրակարգը: Նրան, կամ նրա գլխավորած ուժին 2018 թվականին տրվել է երկիրը կառավարրելու մանդատ, որպեսզի ամփոփվի ապրիլ-մայիսյան հեղափոխական ընթացքը եւ պետությունն աստիճանաբար մտնի արդեն ռեֆորմացիայի փուլ, որտեղ գործուն քայլեր կիրականացվեն պետական կառավարման համակարգի, քաղաքական համակարգի արդիականացման ուղղությամբ:

Դա պետք է բերեր նրան, որ Հայաստանում դրվեին որակապես նոր քաղաքականության հիմքեր, տարանջատվեին բիզնեսն ու իշխանությունը գործուն մեխանիզմների ներդրման, այլ ոչ թե պարզապես խոսքի տեսքով: Այսօր Հայաստանի կառավարող մեծամասնության ներկայացուցիչները պարբերաբար թիրախավորում են այն, որ հասարակական-քաղաքական գործընթացների առաջնորդող դիրքերում է հայտնվել հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, եւ այլն, եւ այլն:

Սրա մասին խոսակցությունն իհարկե բավականին տարողունակ է, սակայն մի բան թերեւս աներկբա է՝ այսօր առկա քաղաքական պատկերը, դրա կառուցվածքը, կազմությունը, 2018-ին արդիականացման համար ստացված մանդատի լիակատար տապալման հետեւանքն է: Թե ինչու տապալվեց արդիականացումը, դա էլ իհարկե նկատելիորեն պարզ է:

Հեղափոխության արդյունքում ձեււավորված իշխանության համար հին համակարգի առկայությունը ստեղծում էր իշխանական եւ քաղաքական հարմարավետություն, ապահովում «ռեւանշիզմի» փաստարկը, որպես քաղաքական սեփական գոյության պաշտպանության բազմամյա օգտագործման կարեւոր միջոց:

Իհարկե ժամանակի, եւ անշուշտ նաեւ հետագա ողբերգական հանգամանքների բերումով այդ «փաստարկը» սկսել է մաշվել ավելի ու ավելի, բայց անգամ այդ պարագայում ակնառու է, որ նախկին կառավարող համակարգը քաղաքական դաշտն ամայացրել էր յուրովի, 2018-ից հետո ձեւավորված իշխանությունը՝ ուրույն ոճով եւ մոտիվներով: Քաղաքական ամայությունը բերում է պետական ճգնաժամի: