08/09/2024

Ռուբեն Վարդանյանը կմնա կալանքի տակ. Բաքվի դատարանը մերժել է բողոքը

Բաքվում դատարանը քննել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի կլանաքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ բողոքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշումը ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ, որոշման դեմ բողոքը չի բավարարվել։

Մայիսի 16-ին Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը:

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնել էին, որ Բաքվում կալանավորված Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Հացադուլը նա սկսել էր 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել էր միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։

Ապրիլի 25-ին Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ:

Սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը: Դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը: