08/09/2024

Օպերատիվ աշխատանքների շնորհիվ է, որ նման մեծ աղետի դեպքում չորս զոհ կա, կարող էր շատ ավելի լինել․ Սանոսյան

Աղետի հետևանքով մեկուսացած գյուղերում հնարավոր է եղել կապ ստեղծել, խնդիրներ չկան։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ բնակավայրերի հիմնական խումբը գտնվում է Դեբետ գետի ձախ հատվածում, բավականին սնունդ կա, խանութներ կան։

«Այդ հատվածներում 5․5 հազար բնակիչ ունենք, դեռևս 2․5 հազար բնակիչ էլ ունենք Լոռու մարզում, որոնք զրկված են էլեկտրամատակարարումից, 1000 բնակիչ Տավուշի մարզում նույնպես զրկված է էլեկտրամատակարարումից, կան բնակավայրեր, որտեղ գազամատակարարման խնդիրներ ունենք, բայց բոլոր կառույցների հետ աշխատում ենք ու փորձում վերականգնել գազամատակարարումն ու ջրամատակարարումն»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ ավելի վաղ բնակիչները չեն տարհանվել, Սանոսյանը նկատեց․ «Երբ գիշերը սկսվել է ջրի մակարդակի բարձրացում, սկսվել են տարհանման աշխատանքները, նաև քաղաքացիները, տեսնելով առկա խնդիրները, իրենք են տեղափոխվել, 429 անձի ՓԾ գործընկերներն են տեղահանել»։

Նախարարը նաև շեշտեց․ «Օպերատիվ աշխատանքների շնորհիվ է, որ նման մեծ աղետի դեպքում չորս զոհ կա, կարող էին շատ ավելի լինեին, եթե օպերատիվ չաշխատեին մի շարք մարմիններ»։

Գնել Սանոսյանը հայտնեց, որ նորից ջրի մակարդակի նվազում կա, մի շարք խնդիրներ, որոնք երեկ տեսանելի չէին ջրի բարձր մակարդակի հետևանքով, այսօր տեսանելի են դարձել:

Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս ակտիվորեն աշխատել նաև այլ ուղղություններով: Գիշերը կարողացել են համապատասխան տեխնիկա հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ մի շարք բնակավայրեր մեկուսացված են երկու կամրջի փլուզման հետևանքով:

«Այնտեղ կա դաշտային ճանապարհ, որտեղ երեկ կարողացել ենք բարձր մեքենայով հղի կնոջն անցկացնել: Հիմա այդ ճանապարհին տեխնիկաներն աշխատում են, շեբենապատում ենք մոտ 5,5 կմ ճանապարհը: Փորձում ենք այդ ճանապարհն անցողունակ դարձնել, որպեսզի մինչև կամուրջների հետ կապված հարցերը լուծելը այդ բնակավայրերը կարիքներ չունենան:

Նաև մենք աշխատել ենք գործընկերների հետ, եթե անհրաժեշտ լինի ուղղաթիռային որևէ կապ հաստատել կամ սնունդ, անհրաժեշտ միջոցներ տեղափոխել, դա էլ կարող ենք իրականացնել:

Մյուս բանը, որ մեզ այսօր ուրախացրեց, այն էր, որ Հաղպատի հատվածում ճանապարհն այնպես է քանդվել, որ հնարավոր է օգտագործել: Դա նշանակում է, որ Հաղպատ և Ծաղկաշատ բնակավայրերը, որոնք կապից կտրված էին, կարող ենք այդ կապը օգտագործել: Հիմա նաև իրականացվում են աշխատանքներ Շնողից Ախթալա հատվածում»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց՝ քանի որ գետի մակարդակն իջել է, ՓԾ գործընկերները կարողանում են բակերում եղած ջուրը պոմպերով մղել դեպի գետ: