10/10/2024

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, սակայն այդ առճակատումը դեռ հնարավոր է կանխել, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Պրահայում տեղի է ունենում ՆԱՏՕ արտգործնախարարների հավաք, որի ընթացքում, ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, նախապատրաստվելու է Վաշինգտոնում հուլիսին կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովի օրակարգը:

Ըստ Բլինքենի, դրա առանցքային հարցը լինելու է Ուկրաինային աջակցության տպավորիչ փաթեթի ընդունումը: Ի՞նչ է ենթադրելու այդ փաթեթը, բարդ է ասել: Տեսակետները տարբեր են: Շատերը կարծում են, որ Վաշինգտոնի գագաթնաժողովում Ուկրաինային կառաջարկվի մի բան, որի բուն նպատակը կլինի այսպես ասած անդամության հարցը չքննարկելու դիմաց փոխհատուցումը:

Իսկ այն, որ Վաշինգտոնում դարձյալ չի քննարկվելու Կիեւի անդամակցում ՆԱՏՕ-ին, հայտարարվել է բազմիցս: Մյուս կողմից, ավելի են ուժգնանում խոսակցությունները ուկրաինական պատերազմ դաշինքի ավելի ու ավելի ներգրավվածության մասին: Այս օրերին լինում են տեղեկություններ, որ ՆԱՏՕ անդամ երկրները թույլ են տալիս Ուկրաինային իրենց տրամադրած զենքով հարված հասցնել Ռուսաստանի տարածքին:

Այստեղ էլ իհարկե կա որոշակի հարաբերականություն, քանի որ, ԱՄՆ նախագահ Բայդենն օրինակ, ըստ միջազգային հեղինակավոր մամուլի, այդ թույլտվությունը տվել է միայն Խարկովի շրջանի համար՝ այդ ուղղությամբ ռուսական գրոհից պաշտպանվելու համար: Ավելին, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարում է, որ Ուկրաինան մինչ այդ էլ ամերիկյան եւ արեւմտյան սպառազինությամբ հարվածներ հասցրել է Ռուսաստանի տարածքին, հետեւաբար այդտեղ նոր բան չկա:

Չի բացառվում, որ ԱՄՆ ու այլ երկրներ Կիեւին թեկուզ մասնակի թույլ տալով հարվածել Ռուսաստանի տարածքին, պարզապես ֆորմալացնում են այն, ինչ կա, որպեսզի նաեւ Ուկրաինայի ղեկավարությանը զրկեն ռազմական անհաջողությունների համար իրենց մեղադրելու հնարավորությունից: Կիեւը վերջին շրջանում հաճախակիի է խոսում, որ հենց արեւմտյան գործընկերների հապաղման պատճառով է, որ ռուսական կողմը վերցրել է ռազմաճակատի առավելությունը:
Այդուհանդերձ, այս ամենը խաղ է լարվածության աճի՞ վրա՝ կարմիր գծերի հստակ ու աներկբա գիտակցմամբ ու պահպանմամբ, թե՞ ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ առճակատման ռիսկը զարգանում է տարերայնորեն, իսկ այդպիսի առճակատումը նշանակելու է ոչ այլ բան, քան միջուկային պատերազմ:
Իսկ դա արդեն հազիվ թե լինի կառավարելի: 2022 թվականին, ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները տարածեցին հայտարարություն՝ միջուկային բախում թույլ տալու անթույլատրելիության մասին:
Դա նշանակում է, որ էսկալացիայի աճը կառավարելի՞ է, թե՞ հայտարարությունն է դառնում անցյալ: Համենայն դեպս սա չափազանց կարեւոր հանգամանք է աշխարհաքաղաքական բոլոր զգայուն գոտիների, այդ թվում Կովկասի համար, որը ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ առճակատման պարագայում կարող է լինել դրա «պոլիգոններից» մեկը, քանի որ միայն Ուկրաինան կարող է այլեւս չբավարարել որպես «պոլիգոն»:
Այդ պարագայում չափազանց մեծ բան է կախված լինելու Կովկասի երեք երկրների առնվազն լռելյայն համակարգվածությունից, որովհետեւ այդպիսի առճակատման «պոլիգոնի» վերածվելու պարագայում հաղթողները աներկբա լինելու են Կովկասի սահմաններից դուրս, իսկ ներսում լինելու են բացառապես պարտվողներ: