08/09/2024

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը համաներվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը:

Երանոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակվել պատժի կրումից:

Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մինչդեռ մեղադրող դատախազը Լևոն Երանոսյանի համար մեղադրական ճառի ժամանակ 11 տարվա ազատազրկում էր պահանջել։

Հիշեցնենք, Լևոն Երանոսյանին մեղադրում էին այն բանի համար, որ նա 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Վճռի հրապարակման ժամանակ դատարանը որոշեց 309-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) առաջադրված մեղադրանքը վերաորակել եւ նրան մեղավոր ճանաչել 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը նույնպես վերաորակվեց, ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, Երանոսյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 4 տարի ժամկետով ու այդ մասով կիրառվեց համաներում։

MediaHub-ը հետաքրքրվեց նախկին փոխոստիկանապետից, թե ի՞նչ կարող է ասել դատարանի հրապարակած վճռի վերաբերյալ, իր սրտո՞վ էր այն։

«Ես մինչև դատարանից չստանամ վճիռը, ոչ մի բան չեմ կարող ասել՝ սրտովս էր, սրտով չէր»,-ասաց Լևոն Երանոսյանը։

Նկատեցինք, որ դատարանը իրեն մեղավոր ճանաչեց, դատապարտեց չորս տարի ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակեց, համակերպվելո՞ւ է այդ փաստի հետ, որ մեղավոր է ճանաչվել, սակայն համաներվել է, թե՞ բողոքարկելու է, որ ապացուցի՝ անմեղ է։

Երանոսյանը դարձյալ նույնն ասաց․ «Երբ դատարանից կստանամ դատավճիռը, նոր որոշում կկայացնեմ։ Էդ հարցերը ավելի ճիշտ կլինի՝ փաստաբանին տաք»։