26/12/2024

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը հեռացնում է Վրաստանին իր ժողովրդավարական ուղուց․ Միլլեր

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը հեռացնում է Վրաստանին իր ժողովրդավարական ուղուց:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով՝ Վաշինգտոնը մտահոգություն ունի, որ օրենքը կարող է թիրախավորվել քաղաքացիական հասարակությանը, սահմանափակել հասարակական կազմակերպությունների ազատությունները։

Օրինագիծը, ըստ Միլլերի, հիմնովին փոխում է Վրաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները:

«Ահա, թե ինչու մենք վերանայում ենք մեր հարաբերությունները և քննարկում Վաշինգտոնի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը սկսել է ամերիկա-վրացական համագործակցության լայնածավալ վերանայումը՝ կապված Վրաստանում ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին վիճահարույց օրինագիծը վերջնականապես ուժի մեջ է մտել․ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին երեկ ստորագրել է այն։

Վրաստանի խորհրդարանը օրինագիծը երրորդ ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ին։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել դրա վրա, սակայն պատգամավորները մայիսի 28-ին կարողացել են տապալել այն։ Պապուաշվիլին խոստացել էր փաստաթուղթը ստորագրել ինքը՝ պետության ղեկավարի փոխարեն։

Օրինագծի քննարկման և ընդունման ֆոնին Թբիլիսիում, Բաթումիում և Վրաստանի այլ խոշոր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ օրենքն իր ներկայիս տեսքով հակաժողովրդավարական է։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը բացասաբար են արձագանքել փաստաթղթին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ օրենքի ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը։

Կրեմլն անհիմն է անվանել վրացական ընդդիմության կարծիքը, թե այս օրինագիծը «ռուսական» է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այժմ գրեթե բոլոր պետությունները կռվում են օտարերկրյա գործակալների դեմ, և նման «մարտական համակարգի» հեղինակը ԱՄՆ-ն է։