23/10/2024

Հաջիզադեն հայտարարել է, թե Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջել ՀՀ Սահմանադրությունից հանել որոշ հատվածներ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ այն որակելով որպես «միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչ»:

Հաջիզադեն միանգամայն լեգիտիմ է որակել Ադրբեջանի հնչեցրած պահանջները՝ նշելով.

«Այսօր իսկապես գլխավոր խնդիրը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին ՝ Հայաստանի Սահմանադրության մեջ», որն ուղղակիորեն հղում է կատարում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը»։

Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջել Սահմանադրությունից հանել պահանջները, որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, և դա չի կարող գնահատվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին»

Հաջիզադեն չի մոռացել նաև հայտարարել, թե իբր Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև դրանց պահպանման հիման վրա:

Նշենք՝ ՀՀ իշխանության տարբեր օղակներով քանիցս հայտարարվել է, որ Հայաստանը հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չունի:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ից ևս հայտարարել էին, որ «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից»։

«ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»:

Նշենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է:

Ալիևը նշել է, թե Հայաստանը Սահմանադրությամբ ամրագրված կետով «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից», ինչը, նրա խոսքով, անընդունելի է։

Նա նաև հայտարարել է, թե իրենք հայկական կողմին առաջարկել են, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար: