27/07/2024

Մոսկվան ու Բաքուն հերթական խարդավանքն են հյուսում

Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովի «կողասրահներում» Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանին «հնարավոր է խաբել, նրա դյուրահավատ է, բայց Ռուսաստանի հետ պատերազմել չի կարելի է, նա անպարտելի է»:

Նույն օրը Բաքվում կայացել է թուրքախոս պետությունների խորհրդարանականների եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում Իլհամ Ալիեւը Եվրոպայի պատմությունն անվանել է «արյան եւ գաղութատիրության պատմություն»: Մենք Եվրոպա չենք, մենք ապրում ենք այստեղ եւ մի սկզբունք ունենք. ձեռք մի տուր ինձ, թե չէ ինքդ գլխացավանք կունենաս,- հայտարարել է Ալիեւը:

Ալիեւը հայտարարությունները բուռն քննարկումների տեղիք են տվել: Այսպես կոչված՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ պատմաբան Հասնալին հարցադրում է արել. «Եթե Եվրոպան վատն է, ինչու՞ եք ժողովրդից գռփած գումարները պահում այնտեղ, ինչու՞ Ադրբեջանի պաշտոնյաների լակոտները ներդրումներ են կատարում Լոնդոնում, թող գնան՝ ծաղկեցնեն Բուկինա Ֆասոն կամ Գամբիան»:

Նա կարծում է, որ Իլհամ Ալիեւը «հեռու է ադրբեջանական ժողովրդի ձգտումներից եւ Ռուսաստանի հետ է, որպեսզի պահպանի իր եւ ընտանիքի իշպանությունը,,: Քաղաքական մեկնաբան Միրկադիրովի հայացքով՝ «կեղծ է այն թեզը, որ Ադրբեջանը սուվերեն ճանապարհ է ընտրում, նա այդ ռեսուրսը չունի»:

Ուշագրավ է «Թուրան» գործակալության հրապարակումը, որի հեղինակի բնորոշմամբ՝ պատմականորեն գոյություն է ունեցել եվրասիական երկու ինտեգրացիա՝ Չինգիսխանի, որտեղ դմոնիանտ էր թուրքական գործոնը, եւ Ստալինի կոմունիստականը՝ Ռուսաստանի գերիշխանությամբ: Մենք ասիացի ենք, թուրք են,- գրում է հեղինակը եւ շարունակում, որ պետք է նախապատվություն տալ եվրասիական ինտեգրացիայի թուրքական մոդելին:

Իսկ որպեսզի դա տեղի ունենա՝ «Ռուսաստանը պետք է հեռանա Կովկասից, նա Ադրբեջանում չպետք է ունենա գեթ մեկ զինվոր, ռուսաց լեզու, ռուսախոս անհատ»: Ես չեմ կիսում Ադրբեջանում 300 ռուսական դպրոցների գոյության մասին Իլհամ Ալիեւի լռությունը,- ամփոփել է «Թուրանի» հեղինակը:

Բաքվում նախապատրաստվում են խորհրդարանի արտահերթ ընտրությունների: Ընդդիմությունը պահանջում է ապահովել ընտրողների հետ ազատ հավաքների կազմակերպման իրավունքը, բայց սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել, որ «Թուրանը» դարձել է ընդդիմության քարոզչամիջոց: Ադրբեջանում այդպես չի եղել եւ այդպես չէ:

Ավելի շուտ գործ ունենք Իլհամ Ալիեւի կողմից Ռուսաստանին «ժանիքներ ցուցադրելու» հետ: Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը ֆորմալ չի անդամակցի ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին: Դա միանգամայն կանխատեսելի էր:

Այս ֆոնին ընդգծվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տեղեկատվությունը, որ Բաքուն եւ Մոսկվան «քննարկում են հյուպատոսությունների բացման հնարավորությունը»: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը խոսել է Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու «չափազանց կարեւորության» մասին:

Եթե Մոսկվային հաջողվի հասնել դրան, ապա քառասունչորսօրյա պատերազմում Ալիեւի «հաղթանակը» ոչ թե կխամրի, այլ հանրայնորեն կարժեզրկվի. Ադրբեջանում Ռուսաստանը «օկուպանտ» է ճանաչված սահմանադրությամբ:

Այս իմաստով Ալիեւը չափազանց երկիմաստ վիճակում է. եթե նա «շշից բաց թողնի ջինը,, եւ արտոնի հակառուսական քարոզչության ծավալումը, ապա Ադրբեջանում կստեղծվի բոլոր առումներով անկառավարելի վիճակ, եւ առաջին թիրախ կդառնա հենց իշխանությունը: Ունենալ«չափավոր հակառուսական ընդդիմություն»՝ թերեւս այս խնդիրն է նա փորձում արտահերթ խորհրդարանական ընտրություններով լուծել:

Բայց եթե ստացվի այդպես, Մոսկվան պետք է ստիպված լինի ընդունել, որ կովկասյան ուղղությունը տանուլ է տվել կամ Ռուսաստանը պարզապես պարտվել է եւ պետք է հարավային ստրատեգիական գիծ կառուցի արդեն Դոնի Ռոստովի մատույցներում:

Սա չափազանց լուրջ մարտահրավեր է Հայաստանին: Տարբերակներից ամենահավանականն այն է, որ Պուտինը չի գնա Ալիեւի հետ բաց դիմակայության. Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է: Մոսկվան, ամենայն հավանականությամբ, փորձելու է Հայաստանի հաշվին Ալիեւին եւս մի բոնուս պարգեւել:

Պուտինը, որքան հասկացվում է նրա քաղաքական վարքից, սխալները խոստովանելու մշակույթի հետեւորդ չէ: Իսկ ընդհանուր առմամբ չպետք է բացառել, որ ամեն ինչ պայմանավորված է, եւ Մոսկվան ու Բաքուն հերթական խարդավանքն են հյուսում: