27/07/2024

Ադրբեջանին ստիպում են, որ իր քաղաքացիներին հեռացնի Մերձավոր Արեւելքից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է Եգիպտոս: Նախագահ ալ-Սիսիի հետ բանակցությունների արդյունքում ստորագրվել են առեւտրա-տնտեսական համագործակցության մի քանի փաստաթղթեր, որից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

Պետք է ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն, եւ Արեւելյան Երուսղեմը լինի նրա մայրաքաղաքը,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: Նա նաեւ կոչ է արել Գազայի հատվածում դադարեցնել պատերազմը եւ հարցերը կարգավորել բանակցությունների միջոցով: Ալիեւն ասել է, որ Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու հետ կապված հարցը:

Իր խոսքում Եգիպտոսի նախագահն ասել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են «Գազայի հատված մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու ուղղությամբ Եգիպտոսի ջանքերը, ընդգծել Պաղեստինի անկախ պետության ստեղծման անրհրաժեշտությունը՝ 1967 թ. հոկտեմբերի 4-ի դրությամբ սահմաններում»:

Ադրբեջանը Պաղեստինը ճանաչում է որպես անկախ պետություն, կողմերն ունեն դիվանագիտական հարաբերություններ: Բայց այլ բան է Պաղեստինի անկախ պետության միջազգային ճանաչմանը կողմ լինել, բոլորովին այլ՝ պնդել, որ Պաղեստինը պետք է անկախություն ունենա 1967թ. գոյություն ունեցած սահմաններում:

Ալիեւն այդ մասին չի խոսել, նրան «մատնել է» Եգիպտոսի նախագահը: Վերադառնալ 1967թ. սահմաններին՝ Իսրայելի համար նշանակում է տարածքներ զիջել, այդ թվում՝ Սիրիայի հետ սահմանին Գոլանի բարձունքները, լուծել միլիոնավոր մարդկանց տեղահանության հարցը, իսկ ռազմա-քաղաքական առումով՝ դադարել Մերձավոր Արեւելքում դերակատար լինել: Նման մռայլ հեռանկարի առթիվ իսրայելցի փորձագետներից մեկն ազնվորեն խոստովանել է, որ «այդ դեպքում երկրում մարդ չի մնա»:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Իսրայելի բնակչության մեկ միլիոնը Միացյալ Նահանգների, 500 հազարը՝ Եվրամիության երկրների քաղաքացիություն ունի, եւ եթե «Ավետյաց երկրի» նախագիծը տապալվի, ապա անվերադարձ կլքեն պատմական հայրենիքը:

Իսլամական համերաշխության կազմակերպության երկու գագաթաժողովերին Ադրբեջանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի մակարդակով: Երեւում է, Ալիեւն ստիպված է մտնել այդ կառույցի ընդհանուր գծի մեջ: Ինչ կարգավորում էլ որ Մերձավոր Արեւելքում ուրվագծվի կամ իրականանա՝ Իսրայելն այլեւս նախկինը չի լինելու:

Մանավանդ որ խորհրդարանական կառավարման երկիր է, որտեղ քաղաքական ճգնաժամերն արդեն մի քանի տարի է՝ հաջորդում են իրար: Ադրբեջանը, կարծես, ընտրում է աշխարհաքաղաքական միջավայր, որտեղ կարող է դերակատար լինել:

Եգիպտոսի նախագահի բացահայտումը, երեւի, Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների նախապայման է, բայց ի՞նչ ազդեցություն դա կունենա Իսրայել-Ադրբեջան համագործակցության վրա: Ադրբեջանական Socar-ն օրերս պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելի հետ էներգակիրների վաճաքռի ուղղակի պայմանավորվածություն չունի, պատասխանատու չէ այն կազմակերպությունների համար, որ ադրբեջանական նավթ են գնում եւ վերավաճառում Իսրայելին:

Դա իսլամական աշխարհին հղած ազդակ է, ինչին հաջորդել է Թուրքիայի առեւտրի նախարարի հավաստիացումը, որ մայիսի 2-ից Իսրայելի հետ առեւտրական կապերը դադարեցնելու որոշումը մնում է ուժի մեջ եւ կտեւի այնքան, քանի դեռ Գազայում պատերազմը չի դադարի, հումանիտար ճգնաժամը չի հաղթահարվի:

Թուրքիան խնդիր ունի Գազայում պահպանել ՀԱՄԱՍ-ի իշխանությունը: Վերջին մի քանի օրերին ադրբեջանական մամուլը Սիրիայից ադրբեջանցիների ,,հայրենադարձության,, մասին մի քանի տեղեկություններ է տարածել: Խոսքը ժամանակին Սիրիա անցած, Իսլամական պետության շարքերում կռված զինառյալների ընտանիքների մասին է:

Ադրբեջանն այսպիսով հետքեր է մաքրում կամ նրան ստիպում են, որ իր քաղաքացիներին հեռացնի Մերձավոր Արեւելքից: Սա ինչ-որ գործընթացի նախանշան է: Մանավանդ որ Թուրքիան էլ նախապատրաստվում է Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հատուկ ռազմական գործողություն» սկսելուն:

Ալիեւի Եգիպոս այցն այս համապատկերին կարելի է դիտարկել որպես արաբական աշխարհի հետ Բաքվի ավելի սկզբունքային նշանակության հարաբերությունների հաստատման ծրագրավորում: Մինչեւ վերջերս Եգիպտոսն Իսրայելի հետ կայուն հարաբերություններ ուներ: Այսօր դրանք լարված են: